Հետևեք մեզ։

Երևանում՝ կոնկրետ տեղ, ամենաառատ ձյունը հաստատ կտեղա

16:03, 29 հունվար 2024
Երևանում՝ կոնկրետ տեղ, ամենաառատ ձյունը հաստատ կտեղա
 
Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական բոլոր նիստերից առաջ, հավանաբար, նույն կոնֆետից է ուտում, որից քարոզարշավի ժամանակ կերել էր ու իր տեղակալի գլխին պոզեր սարքել: Այլ կերպ դժվար է բացատրել ցինիզմով շաղախված ինքնավստահության այն խոշոր բաժինը, որը կա նրա ելույթներում ու հատկապես՝ բարձրացված խնդիրներին կամ արտահայտված դժգոհություններին նրա տված արձագանքներում:
 
Երևանում ձնամաքրման աշխատանքներից խիստ գոհ Տիգրան Ավինյանն այսօր հերթական նիստում որոշեց կատակել, որ ամենաշատ ձյունը տեղացել է ֆեյսբուքում՝ հեգնանքով պատասխանելով ձնամաքրման աշխատանքների հետ կապված ֆեյսբուքում արտահայտված դժգոհություններին:
 
Նախ, այս ամենում ամեն ինչ հարթ չէ այն պահից սկսած, երբ նույն Ավինյանը աշխատանքից ազատեց ձնամաքրման  աշխատանքների պատասխանատուին, ինչը նշանակում է, որ այդ աշխատանքներն ամենևին լավ չէին կատարվել: Աշխատանքներում թերացած պաշտոնյային ազատելը թերի աշխատանքին քաղաքապետի կողմից վատ արձագանք չէ, իհարկե, բայց վատ արձագանք է, երբ հաջորդ օրը փոձում ես քիչ է թե չխոստովանել դա, մի հատ էլ հեգնում ես բողոքներին:
 
Իսկ ամենաշատ ձյունն իրականում դեռ չի եկել: Ամենաշատ ձյունը կգա, ու վստահաբար ֆեյսբուքում չէ, որ կգա այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը, մի կողմ թողնելով քաղաքական հաշվարկներն ու Տիգրան Ավինյանի թերացումների մասին լռելու իր մյուս պատճառները, դպրոցների կախիչների ու ցնցուղների պես, կզբաղվի նաև Երևանի փլվող ու ավտբուսներ և բեռնատարներ խորտակող ասֆալտներով, այն նոր ասֆալտներով, որոնցով երթևեկելիս ավտոմեքենադ ցնցվում է: Հիշեցնենք, որ սրան էլ որոշ ժամանակ առաջ քաղաքապետարանի արդեն նախկին պաշտոնյան արձագանքում էր՝ ասելով, որ ֆեյսբուքյան եթերներում մատով ասֆալտ չափելը ճիշտ չէ:
 
Երևանում ձյուն կգա այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը շրջի Երևանում ու սկսի խոսել Երևանի կենտրոնական փողոցում հանկարծ հայտնվող փոսերի, դրանց մասին մի քանի շաբաթ նախազգուշացնող ու Տիգրան Ավինյանի անգործությունն ազդարարող հնամաշ անվադողերի, կամ մետաղների ու դրանց փաթաթված ժապավենների մասին: 
 
Վստահ ենք, որ Փաշինյանը մի օր կխոսի նաև Երևանի մայթերի ու այգիների կառուցապատման ժամանակ օգտագործվող սալիկների մասին, որոնք հաջորդ օրն իսկ մատով հրելիս քանդվում են, նա անձամբ մատով կչափի նաև նոր ասֆալտը, որը մի քանի սանտիմետրով բարձր կամ ցածր է հնից ու ու այդ պատճառով ջարդում է ավտոմեքենաները:
 
Այդ օրը Երևանում՝ կոնկրետ տեղ, ամենաառատ ձյունը հաստատ կտեղա…