Հետևեք մեզ։

Փորձաքննություն է նշանակվել, քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա․ ՔԿ-ն՝ Արիանա Հովսեփյանի մեքենան հրկիզելու դեպքի մասին

16:35, 29 հունվար 2024
Փորձաքննություն է նշանակվել, քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա․ ՔԿ-ն՝ Արիանա Հովսեփյանի մեքենան հրկիզելու դեպքի մասին

Newspress.am-ի հիմնադիր Արիանա Հովսեփյանի մեքենան հրկիզելու գործով նախաքննությունը շարունակվում է։

Այս մասին Hayastan.news-ը տեղեկացավ ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանից․«Նախաքննությունը շարունակվում է․ անձի հետ, ով ներկայացել էր վարույթն իրականացնող մարմին, անհրաժեշտ քննչական գործողություններ կատարվել են, նա արգելանքից ազատ է արձակվել։ Այս պահին տվյալ վարույթով քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա, նշանակված է փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։ Ստացվելուց հետո այլ փաստական տվյալների հետ համադրության արդյունքում անհրաժեշտ իրավական գնահատականներ կտրվեն»։

Հիշեցնենք, որ Արիանա Հովսեփյանը  տեսանյութ էր հրապարակել և տեղեկացրել, որ հրկիզել են իր ավտոմեքենան։ Այնուհետև Քննչական կոմիտեն  հայտնել էր, որ հունվարի 25-ին, գիշերը, Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցում Զորավար եկեղեցու մոտ, Երևանի բնակիչ Արիաննա Հովսեփյանին պատկանող Range Rover Sport մակնիշի ավտոմեքենայի առերևույթ հրկիզման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասի (հոգեկան ներգործությունը) և 264-րդ հոդվածի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել) հատկանիշներով։

 Արիանա Հովսեփյանը տուժող է ճանաչվել, նա հայտնել է, որ մեքենան հրկիզել է ընկերուհու ամուսինը, վերջինս նաև խոստովանական գրառումներ է արել մեքենան հրկիզելու վերաբերյալ։