Հետևեք մեզ։

Սիցիլիական Կոզա Նոստրան՝ ինչպես կա (լուսանկարներ)

18:38, 30 ապրիլ 2023
Սիցիլիական Կոզա Նոստրան՝ ինչպես կա (լուսանկարներ)

Մաֆիան, որքան էլ նույնացվի իտալական, հատկապես՝ սիցիլիական հանցավորության հետ, այսօր արդեն ընդունվում է որպես համընդհանուր տերմին, որն իմաստավորում է աշխարհի հանցավոր գաղափարական կազմակերպությունները: Թեև ճիշտն այն է, որ մաֆիան, որպես երևույթ, հենց իտալական և վաղ ծագում ունի, բայց «մաֆիա» բառն իտալերենում սկսել է կայուն գործածվել միայն 1860-ական թվականներից: Նախ, 1863-ին Պալերմոյի թատրոնում բեմադրվեց Ջուզեպպե Ռիզզոտտոյի և Գասպարե Մոսկայի «Վիկարիայի մաֆիոզները» (I mafiusi de la Vicaria») կատակերգությունը: Թեև դրանում «մաֆիա» և «մաֆիոզ» բառերը չեն էլ հիշատակվում, իսկ վերնագրում վերջինն օգտագործվել է տեղական կոլորիտ ապահովելու համար, սակայն կատակերգությունը Պալերմոյի բանտում ձևավորված բանդայի մասին է, որն իր բնութագրով նման է մաֆիային: Իսկ այսօրվա ընկալմամբ` «մաֆիա» բառի առաջին պաշտոնական հիշատակությունը Թուրինից որպես կառավարության ներկայացուցիչ ուղարկված Պալերմոյի պրեֆեկտ Ֆիլիպպո Անտոնիո Գվալտերիոյի 1865 թ. զեկույցում է, որում նշվում է, որ «մաֆիան ավելի համարձակ է դարձել»:

 

«Մաֆիա» բառի երկու հիմնական բացատրություն կա: Դրանցից առաջինի համաձայն՝ «մաֆիա»-ն առաջացել է արաբերեն mu`afah՝ (معافى) ունակություն, հմտություն, պաշտպանություն, անվտանգություն բառից և իմաստավորել է աշխատավորության պաշտպանությունը: Բառի արաբական ծագումը կապվում է նաև mahyā (مهياص)՝ պարծենկոտություն, maʿafī (معفي)՝ ազատվել բառերի և Պալերմոն ղեկավարած Maʿāfir (معافر)՝ արաբական ցեղի անվան հետ: «Մաֆիա» բառի ծագման երկրորդ բացատրության համաձայն՝ այն առաջացել է 1282 թ Սիցիլական հեղափոխության ժամանակ՝ «Morte alla Francia, Italia anela!»՝ «Մահ Ֆրանսիային, շնչի՛ր Իտալիա» լոզունգից, որի բառերի առաջին տառերն էլ հենց կազմում են «Mafia» մաֆիա բառը:

 

Մաֆիայի զարգացման պատմության տարբեր աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն, խորհրդային գողական աշխարհի պես, պատմության ընթացքում հանցավոր տարրերի մեջ էլիտայի առանձնացման արդյունք է: Մաֆիան ձևավորվել է ֆեոդալիզմի ժամանակներից, զարգացման ավելի ակտիվ փուլ անցել 19-րդ դարում և վերջնականապես ձևավորվել 20-րդ դարի սկզբին: Վերջնականորեն ձևավորված հանցավոր կազմակերպությունների ներկայացուցիչներն այս փուլում դրսևորվում էին ոչ այնքան որպես հանցագործներ, որքան հասարակ մարդկանց և հանցագործների համար հեղինակություններ, ովքեր իրենց բարձր էին դասում ոչ միայն այլ հանցագործներից, այլ նաև պետությունից և հանդես գալիս որպես պետությանն այլընտրանք: Երբ պետության ներկայացուցիչներն ի զորու չէին կարգուկանոն պահպանել քաղաքում, այդ հոգսն իրենց վրա էին վերցնում հենց մաֆիայի ներկայացուցիչները: Նրանց հեղինակությունն էլ ավելի աճեց, երբ հարուստներից գողացածն սկսեցին կիսել աղքատների հետ:

 

Մաֆիայի պատմությունը փաստում է, որ այն նույնպես գործում է «օմերտայի»՝ կամ մաֆիայի օրենսգրքի վրա, որը վարքագծի պատվիրաններ է պարունակում: Այդ պատվիրանների մի մասը նման է խորհրդային գողական աշխարհի օրենքներին, ինչպես օրինակ լռության պահանջը, մաֆիայի գոյությունն ընդունելու արգելքը, թմրավաճառության արգելքի կանոնը, պետության ներկայացուցիչներին սպանելու և մաֆիայի դեմ պատերազմ սադրելու արգելքը և այլն: Բայց եթե գողական աշխարհում այդ օրենքների խախտման մասին խոսվում է վերջին 20-30 տարիներին, ապա իտալո-ամերիկյան մաֆիայում թմրավաճառությամբ զբաղվում և դրանց ոլորտները ղեկավարելու համար միմյանց սպանում էին ձևավորման առաջին իսկ օրից: 2007 թվականին Կոզա Նոստրայի նորագույն պատմության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից Սալվատորե Լո Պիկոլոյի ձերբակալության ժամանակ հայտնաբերվել է նաև մաֆիոզին ներկայացվող պատվիրանները կազմող օրենսգիրքը, որում ավելի քան հետաքրքիր, բայց պահպանությունից դուրս մնացած կանոններ կան, ինչպես դեմքին մազածածկույթ չունենալն է, ուրիշների կանանց վրա աչք չդնելը և այլն:

 

Մաֆիայի ու խորհրդային գողական աշխարհի հիմնական տարբերությունը նրանում է, որ մաֆիան միատարր չէ և երբեք չի եղել: Սա չի նշանակում, որ խորհրդային գողական աշխարհում բախումներ չկային կամ մաֆիայում ներքին համագործակցություն չկար կամ չկա: Հակառակը, մաֆիային բնորոշ կառավարման ձևը այն միասնական պահելու բավականին լուրջ շանսեր էր տալիս: Բանն այն է, որ եթե խորհրդային գողական աշխարհում միասնական ղեկավարում չկար, ղեկավարող միավորներ առանձնացված չէին, չկային առանձին խմբեր ու կլաններ և գողական աշխարհը համարվում էր բոլորի ընդհանուր տունն ու ընտանիքը, իսկ բոլոր օրենքով գողերը դրա հավասար անդամները, ապա դասական մաֆիաները նախ ճյուղավորումներ, ապա նաև ներքին կլանային բաժանումներ ունեն:

 

Օրինակ, իտալական մաֆիան կազմված է մի քանի հանցավոր խմբավորումներից, որոնցից ամենահզորները սիցիլիական Կոզա Նոստրան (Cosa Nostra` «Մեր գործը»), նեապոլիտանական Կամմորան (Camorra` Մորրա խաղի անվանումից), կալաբրիական Նդրանգետան (Ndrangheta՝ հունարեն νδραγαθία՝ քաջ բառից), իտալական Ապուլիայում ձևավորված Սակրա Կորոնա Յունիտան (Sacra corona unita` «Միացյալ սրբազան թագ») ու Սիցիլիայի Ագրիջենտո և Կալտանիսսետտե քաղաքներում ձևավորված Ստիդդան (La Stidda` «Աստղ») են

 

Իտալական մաֆիայի քարտեզը

 

Մաֆիայի ներսում դրա անդամները միավորվում են ընտանիքների կամ կլանների մեջ, որոնք Կոզա Նոստրայում Կոսկա՝ Cosca են կոչվում: Կլանը կամ ընտանիքը մաֆիայի ամենափոքր միավորն է, որում մաֆիայի անդամները միավորված են հստակ հիերարխիկ կառուցվածքով:

 

Սիցիլիական մաֆիայի ընտանիք

 

Մաֆիայի կառուցվածքի մաս էին կազմում նաև Մանդամենտոները/Mandamento, որոնք ձևավորվում էին նույն տարածքում կամ քաղաքում առկա, որպես կանոն, 3 կլաններից: Դրանց ղեկավարներից մեկը նաև մանդամենտոի ղեկավարն էր և հենց նա էր շրջանը ներկայացնում մաֆիայի հանձնաժողովում: Կապոմանդամենտո/Capomandamento, այսինքն՝ մանդամենտոյի բոսս, որպես կանոն, դառնում էր երեք ընտանիքների ղեկավարներից ամենաազդեցիկը: 

 

Մանդամենտոներն ու կլանները Պալերմոյում

 

Կլանի ղեկավարը Կապոն/Capo է՝ Դոնը, որին տարբեր աղբյուրներում նաև Բոսս են անվանում, հատկապես, երբ խոսքը գնում է ամերիկյանացված կլանների մասին: Դոն դառնում են, որպես կանոն, կամ կրտսեր Դոները՝ Դոնի այսպես կոչված տեղակալները, կամ կլանի ազդեցիկ անդամներից մեկը, չնայած, որ պատմությանը հայտնի են դեպքեր երբ կլանի ղեկավարի սպանությունից հետո այն մտել է այլ կլանի ազդեցության տակ ու Կապոն փաստացի դրածո է եղել:

 

Կրտսեր Դոնի (Underboss) կամ Դոնի տեղակալի կարգավիճակ կրում է Դոնի «աջ ձեռքը» համարվող անձը, որը հաճախ նրա արյունակիցն է լինում կամ կլանի մեջ ամենավստահելին: Կարելի է ասել, որ այդպիսի կարգավիճակ Դոների կողմից տրվել է հենց ամենահավակնոտներին, ում նրանք սկսել են պատրաստել որպես իրենց փոխարինող:

 

Հիերարխիայում հաջորդը Կոնսիլիերին (Consigliere) է՝ ընտանիքի խորհրդականը: Կոնսիլիերին ենթարկվում է Դոնին, իսկ վերջինս էլ կարևոր հարցերով որոշումները կայացնում է նրա հետ խորհրդակցելով: Որպես կանոն, Կոնսիլիերին իր ազդեցությամբ մոտ է լինում կրտսեր Դոնին և ընտանիքում ղեկավարության մաս է կազմում:

 

Կապորեջիմե՝ (Caporegime) մաֆիայի ամենակրտսեր ներկայացուցիչների՝ Զինվորների (Regime), զինված խմբի ղեկավարն է, որը պատասխանատու է կոնկրետ տարածքում հանցավոր գործունեության կոնկրետ ուղղությունների համար և Դոնին է վճարում հավաքված հանցավոր եկամտի համապատասխան բաժինը: Այդպիսի խմբեր յուրաքանչյուր ընտանիքում մինչև 10-ն են, որպես կանոն, բաղկացած 10 զինվորից:

 

Եվ վերջապես, մաֆիայում իրենց ոչ պակաս դերն ունեն այսպես կոչված Օժանդակողները՝ (Associate), որոնք մասնակցում են իրականացվող գործարքներին կամ օժանդակող այլ աշխատանք կատարում: 

 

Մաֆիայի հիերարխիան

 

Բայց, մաֆիայում հզորագույն կարգավիճակ ու անհամեմատելի հեղինակություն միշտ վերագրվել է Capo di tutti I capi-ին՝ Բոսսերի Բոսսին կամ Կնքահորը: Մաֆիայում այդ կարգավիճակի գոյության մասին պնդումները, սակայն, ավելի շատ գեղարվեստական ֆիլմերից են, իսկ մաֆիայի պատմության մեջ բոլորի կողմից միանշանակորեն ընդունված Բոսսերի Բոսսի մասին հիշատակումներ դժվար է գտնել: Իհարկե, եղել են մաֆիայի ներկայացուցիչներ, ովքեր տարբեր ժամանակներում մյուսներից ավելի մեծ ազդեցություն են ունեցել, կամ ազդեցություն ունեցել են նաև մյուսների նկատմամբ, բայց պնդել, որ մաֆիայի կոնկրետ անդամին բոլորն անվերապահ ընդունել են որպես Բոսսերի Բոսս, հնարավոր չէ: Ավելին, հենց ոմանց մեծացող ու անվերահսկելի հզորությունն ու դրա հետևանքները կանխելու, անկառավարելի վարքը բացառելու նպատակով էր, որ 1957 թվականին Պալերմոյում տեղի ունեցած հիմնականում թմրանյութերի վաճառքին վերաբերող հարցերով հանդիպումների ժամանակ ամերիկյան մաֆիայի ներկայացուցիչներն իտալացիներին առաջարկեցին իրենց օրինակով ձևավորել Մաֆիայի հանձնաժողով՝ այդ ձևով ապահովելով մաֆիայի կոլեկտիվ կառավարումը: 1958 թվականին մաֆիայի առաջին հանձնաժողովը ձևավորված էր և այդ պահից մաֆիան անցավ կոլեկտիվ կառավարման՝ հանձնաժողովին վերապահելով երկու մեծ ֆունկցիա՝ հարթել Կոզա Նոստրայի ընտանիքների միջև կոնֆլիկտներն ու կառավարել բռնության կիրառումը: Մաֆիայի հանձնաժողովը բացառիկ իրավասություն ուներ թույլատրել պետության ներկայացուցիչների սպանությունները:

 

Մաֆիաները, գաղափարական, ընդ որում, ավանդական հանցավոր կազմակերպություններ լինելով հանդերձ, էապես են տարբերվում խորհրդային գողական աշխարհից նաև իրենց բնույթով: Ճիշտ է՝ և՛ իտալական, և՛ իտալոամերիկյան մաֆիաները, սովորական գանգստերական խմբեր չէին, բայց դրանք նաև նույնքան գաղափարական էլ չէին: Եթե խորհրդային գողական աշխարհի էլիտան վավերագրությունների, գեղարվեստական պատմությունների ու իրապատումների հիման վրա ընկալվում է որպես նյութական ճոխություններից հեռու, իսկ ավելի հաճախ՝ հենց աղքատ, բայց ճիշտ գաղափարները սփռող և բոլոր հարցերին արդարագույն լուծում տվող մարդկանց խումբ, ապա իտալական մաֆիաներում նյութապաշտական, գանգստերական կողմն ավելի արտահայտված էր, և դրանք ավելի շատ էին ասոցացվում շորթումների, կավատության ու թմրավաճառության կամ դրանք հովանավորելու, սպանությունների հետ: Մաֆիայի պատմության մեջ իրենց հաշվին հարյուրավոր սպանություններ՝ հենց հակառակորդ կլանների ներկայացուցիչների սպանություններ գրանցած Դոներ ու Կնքահայրեր կան, ինչը խորհրդային օրենքով գողերի մասին երբեք չես ասի:

 

Դրա հետ մեկտեղ, հենց նյութական կարողությունների վրա կենտրոնացվածության պատճառով, մաֆիան միշտ առանձնացել է իր հզորությամբ, որով առանձին շրջափուլերում սկսել է մրցել, իսկ ապա բառացիորեն պատերազմել պետության հետ: Սիցիլիական Կոզա Նոստրայի կողմից քառորդ դար առաջ պետությանը հայտարարված իրականում դաժան պատերազմի հետևանքներն առկա են մինչ օրս:

 

Շարունակելի…

 

Մաս1․ Քրեական ենթամշակույթ: Ինչո՞ւ գոյություն ունեն մաֆիաները

Մաս2․Ինչպես փոխվեց խորհրդային գողական աշխարհը