Հետևեք մեզ։

Ողբի ճիչերը ոչ մի Սնուփ Դոգ չի խլացնի կամ ուրախությունը գնողները

16:07, 12 օգոստոս 2023
Ողբի ճիչերը ոչ մի Սնուփ Դոգ չի խլացնի կամ ուրախությունը գնողները

Արցախում սովը թափ է հավաքում, երեխաները մանկական կեր չունեն, հղի կինը 6-րդ ամսում երեխային է կորցրել, որովհետև վառելիք չեն գտել Հաթերքից Ստեփանակերտ հասնելու համար, դեղորայք չկա, կանայք անգամ հիգիենայի պարագաներ չունեն, ադրբեջանական կողմի «բարի կամքով է» պայմանավորված այնտեղ բնակվող հայերը կհասնեն հիվանդանոց, թե ոչ, գերիների թիվն ավելանում է, մեկ օրում ՀՀ ԶՈՒ-ն երկու զինվոր է կորցնում, ադրբեջանցիները մի գիշերում եկան Տեղ համայնք ու մնացին,  Եռաբլուրը շարունակում է մեծանալ, 120 000 մարդու ճակատագիր թողած է Ալիևի քմահաճույքին, ջուրն են անգամ խնայելով օգտագործում, որովհետև ծարավի վախն ուրվագծվում է, և այս ամենի ֆոնին ՀՀ կառավարությունը որոշում է ի՞նչ անել, իհարկե համերգ․ համաշխարհային աստղ են բերում Հայաստան, որ չգիտեմ ովքեր չասեն, թե ինչո՞ւ են այլ երկրներ գնում, Հայաստան՝ ոչ։ Այսինքն, որ ասում են՝ 120 000 մարդ սովի է մատնված, Տեղում ադրբեջանցիներ են տեղակայվել և այլն, դա թող ասեն, ոչինչ։

 

Հակադարձումը, թե երկու օրվա մթերք են ուղարկել Կոռնիձոր ութ ամիս անց, չի աշխատում, որովհետև որ բեռը չի հասնում Արցախ, դա նույն մարդու մեղքով է, ով ստորագրել է եռակողմ հայտարարությունը․ դե Թուրքիա հումանիտար օգնություն հասցնելը ավելի հեշտ էր, ավելի շատ ու ավելի արագ, իսկ բեռը Կոռնիձորում է, որովհետև  նոյեմբերի տասին այնքան անհեղինակավոր մի հայտարարություն է ստորագրվել, որը չի գործում, հիմա էլ ջանք չեն թափում դրա երկրորդը ստորագրելու համար։

 

ՀՀ ԱԳ նախարարն օրական տասը հեռախոսազրույց է ունենում ու այս կամ այն գործընկերոջը պատմում Արցախում ահագնացող վտանգների փաթեթի մասին և սրա հակառակ երեսին 6 մլն դոլար են հատկացնում Սնուփ Դոգի համերգի համար, որ ի՞նչ լինի, միջազգային հանրությունը չհավատա՞ Միրզոյանին։ Ջանք մի թափեք, նրանք ճշմարտությունները մեզնից լավ գիտեն, պարզապես այն օգտագործում են այնպես, ինչպես իրենց է պետք։

 

Կառավարության  նիստին չզեկուցվող հարցերի թվում էր Սնուփ Դոգին Հայաստան բերելու համար 6 մլն դոլար գումար ծախսելը․ մենք, իհարկե, փորձում ենք պարզել, թե մյուս երկրներում կազմակերպությունները որքան գումար են ծախսում դրա համար, բայց Հայաստանում հիմա բոլոր կառույցները լծված են այդ գործին, երբ ադրբեջանական պետական քարոզչամեքենան երևանյան բակերից «բացառիկ կադրեր է» հրապարակում․ վիրավորանքներ չեմ սիրում, բայց սա առողջ ուղեղի գործ չէ։

 

Պատկերավոր ասեմ․  հուղարկավորության ժամանակ եթե մեկը գնա ու պարի՝ կասեն հոգեկան առողջական խնդիրներ ունի, հիմա մեր կառավարությունը նույնն է անում։ Ինչու՞ է այդպես անում, որովհետև նրանք ինքնուրույն, առանց պետության փողերի կամ նախկին պաշտոնյաների փողերի, իրենց ջանքերով իրենց երեխաների համար ոչինչ չեն արել, հիմա էլ պետության հաշվին խոստանում են իրենց ու իրենց երեխաներին ձրի տանել համերգի, որ գրեն՝ փաստ համար 912․․․ ՀՀ քաղաքացիների փողերով աստղ են բերել ԱՄՆ-ից։

 

120 000 հայի սովի մասին խոսել, խոսել էթնիկ զտման, ցեղասպանության մասին ու դրա ֆոնին ուղեղում միտք ծագել, որ կարելի է  բերել Սնուփ Դոգին Հայաստան, սա նույնն է, թե հուղարկավորությանը պարես, որովհետև, երբ գերիներդ չեն վերադարձել, երբ անհետ կորածներ կան, նորմալ ուղեղ ունեցող մարդը չի մտածի համերգ կազմակերպել․ հնում ավանդույթ կար, երբ փոքր համայքներում մարդ էր մահանում, անգամ հեռուստացույց չէին միացնում, ի վերջո, ցավը կիսելը մարդակային արժանիք է և ոչ միայն մարդկային, կենդանիներ կան, որ իրենց տերերի գերեզմաններից այդպես էլ չեն հեռանում։

 

Բնավ, տպավորություն չստեղծվի, թե դեմ եմ ուրախ ապրելուն, բացարձակ․ պետք է լավ աշխատել, և հետո ուրախ ապրել, թեթևացնել հետևանքները, մեղմել ցավը և ուրախանալ․ բայց թաղման հարսանիքի հագուկապով գնալուն դեմ եմ, բովանդակությունը թաքցնող սիրուն նկարներին դեմ եմ, ձևի ու բովանդակության կռվին բովանդակության կողմնակից եմ, ուրախ ապրելը Սնուփ Դոգը չի կարող ապահովել, չհաշված, որ ձեր եկամտային հաշվարկներն էլ սխալ են լինելու․․․

 

Արայիկ Հարությունյանի մանկական հրճվանքն ու պարծենկոտ անոնսը, որ միայն թե իմանաք` ով է գալու Հայաստան, առանձին անդրադարձի կարիք չունի․ դե այնտեղ փող կա, ու մարդ, որը մետրոյով կամ ոտքով գործի էր գնում, հիմա ձրի, հենց ձրի, համաշխարհային աստղի համերգի է գնալու, իրեն էլ ոչինչ հետաքրքիր չէ․ ի՞նչ հայրենիք, որովհետև, երբ մարդը մի օր երազել է հեռախոսով մեկին տեսնելու մասին, հիմա իրականում առաջին շարքում ձրի նստելու է, իրեն այլ բան հետաքրքիր չէ, բնական է, իրեն այլ բան չի կարող հետաքրքրել։

 

Հետաքրքիր չէ, որովհետև սեփականության զգացում չունի ոչ մի բանի հանդեպ, ինչ Հայաստանը կորցրել է՝ հազարավոր երիտասարդներ, որոնք ցմահ արցունք են բերել են մայրերի, դուստրերի, որդիների, կանանց, հայրերի, եղբայրների ու քույրերի աչքերին, Արցախ, որի հետ Արայիկ Հարությունյանը․․․ թվարկածներից որի՞ հետ առնչություն ունի Արայիկ Հարությունյանը, որ Սնուփ Դոգի համերգի հավեսը չունենա։ Իսկ Արայիկ Հարությունյանը հավաքական կերպար է։

 

Պատմությունն արձանագրում է, թե ովքե՞ր, ե՞րբ, ինչո՞ւ ու ի՞նչ անիմաստ փառատոններ են կազմակերպում, երբ Արցախում երեխաները շոլոկադ նկարում են թղթին, որ տեսնեն, ի դեպ, շուտով նկարել էլ չեն կարողանալու։

 

Փաշինյանը պիտի հասկանա, որ այո, վատ է, երբ դստեր հետ գնում է Մոսկվա,  վատ է, որովհետև հենց հիմա է գնում, երբ մի երեխա ընդամենը երազում է, որ ինքը դպրոց գնա, առաջին դասարանցին պայուսակ ունենալ չի կարող, որովհետև հեռու է դպրոցն ու վառելիք չկա։ Երբ երջանիկ հայրենակիցներ ես ունենում տար քո բոլոր երեխաներին, ոչ ոք անգամ չի նկատի, կամ տար այնպես, ինչպես Աշոտ Փաշինյանին Ղազախստան ես տարել ու ոչ ոքի չես ցուցադրել։ Տպավորություն է, որ պետությունը գումար է ծախսում, որ աշխարհին ցույց տա, թե «դե մենք ինչ կապ ունենք Արցախի հետ», չի հաջողվելու, որովհետև անգամ ձեր ԱԳ նախարարն է ասել՝ տվեցինք Արցախը տալու ենք Սյունիքը, հետո Երևանը, անգամ անհարմար է բացատրել, թե ինչու արցախցիներից տարանջատվելը չի ստացվելու, դա պարզապես անհնար է։

 

Իշխանության վոյաժները, փարթիները անադեկվատ են իրավիճակին, բայց նրանք դա որպես ելք են օգտագործում․ աղմուկ-աղաղակի մեջ խլացնել ողբի ձայնը․ չի ստացվելու, ձեր ստեղծած ողբի ճիչը ոչ մի Սնուփ Դոգ (էական չի թե ով է գալիս, դա բացարձակ քննարկման հարց չէ, հարցն արտիստը չէ) ու գումարած հազարավոր սնուփդոգեր ու համաշխարհային աստղեր չեն խլացնի, որովհետև դուք չմոռացվող ողբ եք բերել, ձեր ծափերը լացող մոր աչքերը չեն չորացնի․․․

 

․․․բայց այս ամենի մեջ մի մխիթարող բան կա․ իշխանությունը հասկացել է, որ ուրախություն չի կարող ստեղծել, և որոշել է դա էլ գնել․ ասեմ՝   չի վաճառվելու։

 

Բեթղեհեմ Արաբյան