Hayastan.news-ի ադրբեջանագետն այսօր՝ հրապարակումից րոպեներ անց, նկատել էր, որ Բաքվի հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ է հրապարակել Հայաստանի Սյունիքի մարզի բնական պաշարների և հանքարդյունաբերության վերաբերյալ` իրենց հատուկ քարոզչական թեզերով:
Ադրբեջանական ռեպորտաժում խոսում են ՀՀ քաղաքացիներ և բնապահպաններ, ինչը հարցեր էր առաջացնում, բանախոսների թվում էր նաև բնապահպան Ինգա Զարաֆյանը։
Hayastan.news-ը մեկնաբանություն և պարզաբանում խնդրեց տիկին Զարաֆյանից, հարցով, թե ո՞վ է նկարել այդ ռեպորտաժը Հայաստանում և արդյո՞ք ինքը տեղյակ է, որ այն հեռարձակվել է Բաքվում։
Փորձագետը նախքան տեսագրությունը դիտելն ասաց, որ բացառված է իր կողմից որևէ հարցազրույց ադրբեջանական ԶԼՄ-ի, և տեսագրությունը դիտելուց հետո մանրամասներ հայտնեց Hayastan.news-ին։
«Ինձ գրել է լրագրող, անունը՝ Նատաշա Խոխլովա, հայտնել, որ ռուսական bloknot.ru-ի լրագրող է, բնապահպանական թեմաներով հարցազրույց է խնդրում ընդհանուր խնդիրների մասին և ես համաձայնել եմ ռուսական ԶԼՄ-ի լրագրողին հարցազրույց տալ։ Խոսել եմ ընդհանուր բնապահպանական խնդիրների, ենթակառուցվածքների՝ պոչամբար և այլնի մասին, վտանգների մասին, որոնք առկա են ամբողջ աշխարհում։ Նա մասնավորեցրել է հարցերը Հայաստանում գործող հանքարդյունաբերությունների վերաբերյալ, ես էլ շեշտել եմ, որ Ռուսաստանը մոնոպոլիզացրել է Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ Զանգեզուրի պղնաձամոլիբդենայինի ամենամեծ բաժնետերն է, Սոթքի ևս, Ամուլսարի ակտիվներն արդեն պատկանում են ռուսական բանկի և այլն, խոսել եմ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ»-ի մասին։ Իմ խոսքը հատվածաբար է ներկայացված և այլ մեկնաբանությամբ։ Ինձ համար պարզ է՝ նրանք այդ տեսանյութը վաճառել են Ադրբեջանին, դա հատուկ արված է ընդդեմ Հայաստանի»։
Ինգա Զարաֆյանն ասաց, որ այդ հարցազրույցում անդրադարձել է նաև իրենց ռուս գործընկերների վրա ճնշումներին, նշելով, որ Ռուսաստանում այդ հարթակը չկա, որտեղ իրենց գործընկերների հետ բարձրացնեն բնապահպանական հարցեր և գտնեն լուծումներ․ «Նշել եմ, որ մեր գործընկերներից մեկը, ընդ որում ծագումով հայ, փախել է Ռուսաստանից, իսկ մեկ այլ գործընկեր դատապատվել է 3 տարի ազատազրկման, որովհետև հատուկ պահպանվող տարածքի վերաբերյալ հրապարակում է արել»։
Ինգա Զարաֆյանն ասաց, որ այս պահին իր մեկնաբանությունը վերը նշվածն է, առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ և մանրամասն կներկայացնի իր դիրքորոշումն ու պարզաբանումները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ՀԿ-ները դիմել էին Փաշինյանին՝ պահանջելով Հայաստանում հանքարդյունաբերությունը դադարեցնել, իրենց վնասում է, նրանք նաև դիմել են Ադրբեջանի քաղհասարակության կազմակերպությունները դիմել են ԵՄ-ին և ՄԱԿ-ին՝ պահանջելով ուշադրություն դարձնել ՀՀ հանքարդյունաբերությանը։