Արցախի հանձնումը Հայաստանը փրկելու անհեռատես ու նեղ քաղաքական հարցեր լուծող թեզով քաղաքական ասպարեզ բերած, «Ինչ պետք ա էդ էլ բանակցում ենք» լոզունգով տարածաշրջանային բարդ կոնֆլիկտին մոտացած Փաշինյանն այդ ամենն արդարացնում էր ՀՀ-ի համար խաղաղության պայմանագրի ստորագրումով։ Իսկ նրա արբանյակները, բազմաթիվ ճամբարափոխներ և իրենց շենքում անհայտ անձինք, ըստ իրենց՝ իրենց դեմքին լուրջ արտահայտություն տված, խոսում էին, որ իրենց խնդիրը ՀՀ 3 մլն քաղաքացիների անվտանգությունն է։
Եվ բոլոր առիթներին պետք է նշել, որ քաղաքական հասունության չհասած մի ողջ թիմ կրկնում էր այդ նույն միտքը, օրինակ, ոմն ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը հնարավորություն էր տեսնում, որ խաղաղության պայմանագիրը 2023-ի ավարտին արդեն ստորագրված կլնի, ծնունդով արցախցի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այնպիսի վստահություն էր ներշնչել իրեն, որ կասկած էլ չէր թողնում, որ այդ պայմանագիրը չի ստորագրվի, մինչև կրկին հասավ Հանրայինի տաղավար և ասաց, որ հետընթաց կա։
Ամենավաղը, այն մասին, որ պայմանագիրը չի ստորագրվի խոսել է Միրզոյանը՝ նախորդ տարվա դեկտեմբերին։ Իսկ Ալեն Սիմոնյանը դեռ հետընթաց չի տեսնում, ամեն դեպքում, իր վերջին ճեպազրույցն այդ մասին էր։ Բայց նրանք քաղաքական ֆիգուր չեն, նրանք թեզեր կրկնողներ են, հետևաբար, անդրադառնանք Փաշինյանին։
Բոլորս հիշում ենք, որ նախքան Արցախի հայաթափումը Փաշինյանը կառավարության նիստերը սկսում էր մի առաջաբանով, որի բոլոր վերանագրերն այն մասին էր, որ Ադրբեջանը մի քանի անգամ խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի բոլոր կետերը։ Այդտեղ երաշխավորը ՌԴ-ն էր, ադրբեջանամետ հայացքներով կամ, չի բացառվում, Փաշինյանի հետ որոշ հարցերում պայմանավորվածություն ձեռք բերած մի երկիր, սակայն, նրա ազդեցությունը Բաքվի վրա անտեսելն անմեղսունակություն է։
Այսինքն, կար փաստաթուղթ, կար երաշխավոր և կար պայմանագիրը խախտելն արձանագրող Փաշինյան։
Բայց, աբսուրդն այն է, որ այդ նույն խախտումներն արձանագրելուց անմիջապես հետո Փաշինյանը թերթում էր էջը և խոսում էր միջազգային երաշխավորներով պայմանագիր ստորագրել Ալիևի հետ, որի անունը դրել էր խաղաղության պայմանագիր։ Էլ թվարկելու չէ, թե քանի անգամ է Ալիևի օգնականն ասել, որ երրորդ կողմ պետք չէ, իսկ Ալիևն այս ֆոնին ասում է՝ Ջերմուկն Ադրբեջան է։
Հայկական կողմը խոսում է երաշխիք տալ և ստորագրել պայմանագիր, իսկ արդյո՞ք Բաքուն ունի այդ երաշխիքի կարիքը, սա էլ կարևոր հարցերից մեկն է։ Երաշխիք, որ Բաքուն չի հարձակվի երկարաժամկետ, թե որն է այդ երկարաժամկետը, հայտի չէ, ժանկետ չի նշվում, գուցե Բավքվի համար երեք տարին է, Փաշինյանի համար՝ քանի դեռ ինքը կա։
Մյուս աբսուրդը․ հանգամանքների վերլուծությունը թույլ է տալիս հանգել եզրակացության, որ այդ պայմանագրի ստորագման երաշխիքը հայկական կողմը դիտարկել է բացառապես Արցախի հանձնումը, այլապես ինչպե՞ս կբացատրի այն հանգամանքը, որ Ալիևը հրաժարվել է մեկնել Գրանադա, Բրյուսել և այլ հանդիպումների, իսկ հայակկան կողմը դրանից հետո շարունակել է խոսել, որ իրատեսական է մինչև 2023-ի ավարտը ստորագրել այդ պայմանագիրը։
Եվ այս ամենի ֆոնին, ինչպես նշել եմ ևս մեկ անգամ, Փաշինյանին մնացել է հույս հայտնել, որ Բաքուն բանակցությունները փակուղի չի տանի։
Բայց, հույսից հետո էլ է բան մտածել․ Փաշինյանն իջեցնում է խաղաղության պայմանագրի նշաձողը․ երեկ, Բանակի օրվա միջոցառմանը, Փաշինյանն ասաց․ «Մենք նաև սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու»։
Ինչ խոսք, ինչպես ուզում, այնպես էլ «բանակցում եք», որովհետև ապառազմականացման մասին առաջարկն արդեն Բաքուն «աբսուրդ» է որակել։