Սիցիլիայի մաֆիան պետությանն սկսեց անհանգստացնել իր ձևավորման դեռ սկզբից՝ 1860 ական թվականներից: Նախ, Պալերմոյի պրեֆեկտն իր զեկույցում խոսեց մաֆիայի ակտիվացման մասին, ապա 1872-ին ոստիկանության զեկույցում նշվեց, որ մաֆիան միջամտում է քաղաքականությանը: Ապա 1898-ից-1900 թվականներին կազմած մի շարք զեկույցներում Պալերմոյի ոստիկանապետ Էրմաննո Սանգիորգին բացահայտեց մաֆիայի ութ կլանների պատկանող ընդհանուր 670 մաֆիոզի:
Փորձելով ոչնչացնել մաֆիան՝ իտալական զորքերը 1898 թվականի փետրվարին Պալերմոյում ձերբակալեցին 64 մարդու։ Բայց, այս շրջանում, ինչպես և հետո մաֆիայի ընթացքը կասեցնել չէր ստացվում, քանի որ այն կապված էր քաղաքականության հետ, միջամտում էր քաղաքական հարցերի լուծմանը կամ օգտագործվում դրա համար: Օրինակ, մաֆիայի պարագլուխ Ֆրանչեսկո Կուչչիան՝ Դոն Չիչչիոն ակտիվ մասնակցում էր քաղաքականությանը, պայքարում սոցիալիստական շարժման դեմ և նույնիսկ թագավոր Վիտտորիո Էմանուելե 3-րդի կողմից պարգևատրվել է «Croce di Cavalieri della Corona d’Italia» պարգևով: 1914 թվականին, ըստ վարկածի, հենց Դոն Չիչչիոյի ու նրա եղբոր կողմից Պիանա Դեի Գրեչիում սպանվեցին սոցիալիստական գործիչներ Մարիանո Բարբատոն և Ջորջո Պեկարորոն։
Սիցիլիական մաֆիային հատկապես դժվար օրեր էին սպասվում ֆաշիստական իշխանության ժամանակ: 1922թ ֆաշիտական հեղափոխության արդյունքում վարչապետի պաշտոնն ստանձնած Բենիտո Մուսսոլինին 1924 թ. մայիսին այցելեց Սիցիլիա և եղավ նաև Պիանա Դեյ Գրեչի կոմունայում, հանդիպեց քաղաքապետ և համատեղության կարգով մաֆիայի պարագլուխ Ֆրանչեսկո Կուչչիայի հետ: Հանդիպման ժամանակ Դոն Չիչչոն փորձեց օգտագործել առիթն ու կամուրջներ ստեղծել նոր իշխանության հետ: Նա հանդիպման ժամանակ զարմանք արտահայտեց Մուսսոլինիի թիկնապահական բազմամարդ խմբի կապակցությամբ՝ ասելով. «Դու ինձ հետ ես, իմ պաշտպանության տակ, ինչո՞ւ են պետք այսքան ոստիկանները»: Համագործակցության այս սանձարձակ առաջարկն, իհարկե, մերժվեց, բայց Դոն Չիչչիոն, իրեն անտեսված զգալով, ավելի առաջ գնաց՝ քաղաքաբնակներին արգելելով ներկա գտնվել Մուսսոլինիի ելույթին և այդ կերպ սադրելով վերջինիս պատերազմը մաֆիայի դեմ:
Մուսսոլինին՝ Սիցիլիայում
Նախ, հենց 1924 թվականին Ֆրանչեսկո Կուչչիան և նրա եղբայրը ձերբակալվեցին դրանից 10 տարի առաջ Մարիանո Բարբատոյին և Ջորջո Պեկարորոյին սպանելու մեղադրանքով։ Բայց Բենիտո Մուսսոլինին իր իշխանությունն ամրապնդեց 1925 թվականի հունվարին և անմիջապես արշավ սկսեց մաֆիայի դեմ՝ փորձելով ոչնչացնել այն ու Սիցիլիայի կյանքի բոլոր ոլորտներում հաստատել ֆաշիստական վերահսկողությունը։ Բացի այն, որ Մուսսոլինին չափազանց վիրավորված էր Կուչչիայի վերաբերմունքից, մաֆիայի դեմ հաջող արշավը նրա համար նաև զուտ քաղաքական նպատակներ ուներ՝ նախ դրանով վերանալու էր իր իշխանությանը հենց մաֆիայի կողմից նկատվող սպառնալիքը և ապա այն նաև հաղթանակ էր քաղաքական հակառակորդների հանդեպ, քանի որ սիցիլիացի շատ քաղաքական գործիչներ կապված էին մաֆիայի հետ:
Մուսսոլինին 1925թ. հոկտեմբերին Չեզարե Մորիին նշանակեց Պալերմոյի պրեֆեկտ՝ հատուկ լիազորություններ տալով մաֆիայի դեմ պայքարելու համար։ Չեզարե Մորին անմիջապես փոքր բանակ ստեղծեց՝ կազմված կարաբիներիներից ու ոստիկաններից, ովքեր քաղաքից քաղաք էին շրջում՝ ձերբակալելով կասկածյալներին: Հանձնվելու համար նրանք նույնիսկ պատանդ էին վերցնում կասկածյալների ընտանիքներին, վաճառում նրանց ունեցվածքը կամ հրապարակայնորեն մորթում անասուններին։ 1928 թվականին Սիցիլիայում ձերբակալվել էր ավելի քան 11 000 անձ, որոնցից խոստովանություններ էին ստացվում նաև ծեծի և խոշտանգումների միջոցով:
Չեզարի Մորի
Չեզարե Մորիի արշավն ավարտվեց 1929 թվականի հունիսին, երբ Մուսսոլինին նրան հետ կանչեց Հռոմ։ Մորին վերջնականապես չվերացրեց մաֆիան, բայց նրա պայքարն իսկապես արդյունավետ էր: Սիցիլիայում սպանությունները նվազել էին, մաֆիան ուժասպառ էր, գրեթե ոչնչացված, իսկ մաֆիայի մի շարք լուրջ դերակատարներ հեռացան Իտալիայից: Նիկոլո Ռիցուտոն և Վիտո Ռիցուտոն մաֆիայի ղեկավարներ դարձան Կանադայի Մոնրեալ քաղաքում, իսկ Կառլո Գամբինոն և Ջոզեֆ՝ Ջո Բոնանոն, ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում:
Համաշխարհային պատերազմից և ֆաշիստական իշխանության տապալումից հետո Սիցիլիական մաֆիայի կյանքում շատ բան փոխվեց: Նախ, իշխանության փոփոխությունը վերածննդի պայմաններ էր ստեղծելու՝ հնարավորություն տալով շունչ քաշել ֆաշիստական իշխանության հալածանքներից և բացի այդ փորձել նոր պայմաններում կապեր հաստատել ու ուժեղանալ:
Բայց ամեն ինչ շատ ավելի այլ էր: Մինչ օրս հերքված չէ տեսակետը, որ սիցիլիական մաֆիան համագործակցել է ֆաշիզմի հակառակորդների հետ և նույնիսկ ընդհատակյա մասնակցել Սիցիլիական կամ «Խասկի օպերացիային», որի արդյունքում հակաֆաշիստական դաշնակիցների ուժերը Սիցիլիա մտան: Ավելին, պատմությունը գրեթե վերջնական ընդունել է, որ դրանում ներգրավված են եղել մաֆիայի վերածննդի խորհրդանիշ համարվող Կալոջերո Վիցցինին ու նրա սերնդի մյուս հեղինակավոր մաֆիոզները։ Ընդ որում, անհերքելի է, որ վերջիններս ակտիվ կապեր ունեին իտալոամերիկյան մաֆիայի ներկայացուցիչներից Ջո Բոնանոյի ու Լակի Լուչիանոյի հետ և հեղափոխական ներխուժմանն աջակցել էին հենց նրանց հետ համագործակցությամբ:
Ֆաշիստական իշխանության տապալումից հետո նոր իշխանություններն ի դեմս քաղաքների ու կոմունաների ղեկավարների հենարան էին փնտրում և այդ հենարանը գտան այդ տարածքների հեղինակավոր անձանց մոտ, որոնց մի մասը Կոզա Նոստրայի անդամներ էին: Այդպես հեղափոխությունից հետո Կալոջերո Վիցցինին դարձավ հայրենի Վիլլալբայի, Ջուզեպպե Ջենկո Ռուսոն Մուսսոմելիի, իսկ Անտոնիո Կոտտոնեն Վիլլաբատեի քաղաքապետ։ Մաֆիայի ամենաազդեցիկ ներկայացուցիչները բացահայտ կապեր ունեին քաղաքական ղեկավարության հետ։ Կալոջերո Վիցցինին, Ջուզեպպե Ջենկո Ռուսսոն, Ֆրանչեսկո Պաոլո Բոնտադեն մտերիմ էին Սիցիլիայի կառավարության ղեկավար Սալվիո Միլացցոյի և ժամանակի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի՝ նախարար Բերնարդո Մատարելլայի՝ Իտալիայի ներկայիս նախագահ Սերժիո Մատարելլայի և Իտալիայի ինքնավար մարզի նախագահ, մաֆիայի կողմից սպանված Պյերսանտի Մատարելայի հոր հետ։
Կոզա Նոստրայի զարգացման համար նպաստավոր էր նաև Սիցիլիայի փոփոխված տնտեսական լանդշաֆտը: Մաֆիան, նախ, հաջողությամբ նյութապես օգտվեց գյուղատնտեսության ոլորտում փոփոխություններից և բացի այդ, այս հարցերում առաջացող կոնֆլիկտներում սկսեց դրսևորվել նաև հարցերն սպանություններով լուծելու մաֆիայի շնորհը: Հետպատերազմական ավերված Սիցիլիայում, հատկապես Պալերմոյում շինարարական բում սկսվեց, որը վերածվեց թալանի ու ստացավ «Պալերմոյի քսակ» անվանումը:
Պալերմոն՝ 1950-ական թվականներին
Բնականաբար, անկառավարելի շինարարության մեջ թաթախվեց ու մեծ ներդրում ունեցավ մաֆիան: Պալերմոյի այդ ժամանակվա քաղաքապետ Սալվիո Լիման և հասարակական աշխատանքների, այդ թվում շինարարական թույլտվությունների պատասխանատու Վիտո Չիանչիմինոն սերտ կապեր ունեին մաֆիայի հետ և հովանավորում էին շինարարության ոլորտում մաֆիայի դրածոներին: 5 տարվա ընթացքում Սալվիո Լիմայի կողմից Պալերմոյում տրված 4000 շինարարության թույլտվություններից 2500-ը տրվել էին շինարարության հետ ոչ մի կապ չունեցող 3 թոշակառուի:
Վիտո Չիանչիմինո
Բայց կարծել պետք չէ, թե հետպատերազմական շրջանում Կոզա Նոստրան բռնել էր խաղաղ հզորացման ճանապարհը: Տնտեսական հզորացման հնարավորոթյուներն օգտագործելուց զատ մաֆիայի կլաններն իրենց ուժը ցուցադրում էին նաև զենքով: Այդ շրջանում հենց մայրաքաղաք Պալերմոյում սկսեցին ճանաչվել Հետագայում Կորլեոնե կլանը ձևավորած մաֆիոզները:
Բայց դրամատիկ իրադարձություններով հարուստ էր նաև ավելի ավանդական ընտանիքների կյանքը: Դեռ 1930-ական թվականներից ներքին պատերազմ էր սկսվել մաֆիայի պատմության մեջ որպես հաշտարար հայտնի Գրեկո ընտանիքում, որը մեկ կլանի ներքո էր միավորում Չիակուլլիի և Կրոսվերդե Ջարդինիի ընտանիքներին: Կոնֆլիկտը կապված էր Ջարդինիի Բոսսի սպանության հետ, որին ի պատասխան կլանի անդամները սպանեցին Ջուզեպպե Գրեկոյի որդուն, իսկ 1946 թվականին սպանվեցին նրա փեսան ու եղբայրը, ապա նրա կողմնակիցներն առևանգեցին հակառակ ֆրակցիայի երկու երիտասարդների ու սպանեցին նրանց: Ներկլանային պատերազմի գագաթնակետը 1947 թվականի սեպտեմբերի 17-ին էր, երբ գնդակահարվեց Ջարդինիի ընտանիքի ներկայացուցիչը, իսկ երբ պարզվեց, որ նա մահացած չէ, Չիակուլլի կլանից երկու կանայք՝ սպանված բոսսերից մեկի այրին՝ 51-ամյա Անտոնինան ու դուստրը՝ 19-ամյա Ռոզալիան, դուրս եկան փողոց ու խոհանոցային դանակներով սպանեցին վիրավորված մաֆիոզին: Դրան ի պատասխան, սպանվածի քույրն ու եղբայրը կրակեցին կանանց ուղղությամբ, ինչի հետևանքով Ռոզալիան սպանվեց, իսկ Անտոնինան վիրավորվեց: Ռոզալիային սպանած մաֆիոզին սպանեց նրա 18-ամյա եղբայրը:
Ջուզեպպե Գրեկո
Այս ժամանակահատվածում ամենաաղմկոտ իրադարձությունը 1947 թվականի մայիսի 1-ին աշխատավորների օրվան նվիրված տոնակատրության ժամանակ, ըստ դարձյալ չհերքված վարկածի՝ Ֆրանչեսկո Կուչչիայի ու այլ մաֆիոզների կազմակերպմած Պորտելլա Դելլա Ջինեստրայի սպանդն էր, որի հետևանքով սպանվեց 11 հոգի։
Կոզա Նոստրայի հին ու ավանդական ընտանիքները, որոնք դեռ պահպանում էին մաֆիոզի հին կերպարը ձևավորող օմերտան, անհանգստանում էին միջկլանային բախումներով ու սպանություններով և հասկանում, որ ավանդական մաֆիային փոխարինելու է գալիս «նոր մաֆիան»՝ ամեն գնով առաջինը լինելու մոլուցքով տարված ներկայացուցիչներով:
Շարունակելի…
Մաս1․ Քրեական ենթամշակույթ: Ինչո՞ւ գոյություն ունեն մաֆիաները
Մաս2․ Ինչպես փոխվեց խորհրդային գողական աշխարհը
Մաս3․ Սիցիլիական Կոզա Նոստրան՝ ինչպես կա (լուսանկարներ)