Հետևեք մեզ։

Ղարիբաշվիլիի բանաձևը․ ինչու՞ էր Փաշինյանը մեկնել Վրաստան

18:41, 26 հունվար 2024
Ղարիբաշվիլիի բանաձևը․ ինչու՞ էր Փաշինյանը մեկնել Վրաստան

Հայ-վրացական հարաբերություններում տարիներ ի վեր կնճռոտ հարցերը վերաբերել են հայության պահպանմանը։

Վրաստանը բազմազգ երկիր է, և էթնիկ փոքրամասնությունների հարցում ճկուն քաղաքականություն է վարում, միևնույն ժամանակ զգույշ, որովհետև դրանց համար պատճառներ ունի։ Այդ չափազանց զգույշ վարած քաղաքականությանը երբեք չի զիջում ազգայինի պրոպագանդան և դա ճիշտ է` ելնելով իրենց ազգային շահից, իսկ մեր շահի մասին մեկ այլ առիթով, որովհետև այսօր Փաշինյանն այնտեղ էր լրիվ այլ նպատակով։

 

Եթե համադրում ենք Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի հայտարարություները, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, ապա Ալիևի՝ արևմտյան ու ռուսական բանակցային հարթակները մերժելը, ապա նշմարվում է, թե ինչո՞ւ է Փաշինյանն այցելել Թբիլիսի։

 

Քաղաքական անհեռատեսությամբ այլևս չզարմացնող Փաշինյանի թիմը 2023-ին հայտնում էր, որ խաղաղության պայմանագիրը կնքելու հավանականություն կա, բոլորը տեսնում էին այդ հնարավորությունը, սակայն դա մեկ միամիտ կամ անմեղսունակ հիմք ուներ՝ դե Արցախը տվել ենք, էլ ինչ։ 2024-ին՝ նոր տարուց անմիջապես հետո, երբ իրադարձությունները նույնն էին, իսկ թիվը փոխվեց, ավելի տեղյակները՝ Արմեն Գրիգորյանը, Փաշինյանը, իսկ 2023-ի դեկտեմբերին արդեն Միրզոյանը, հայտնեցին, որ այդ պայմանագիրը դեռ չի ստորագվի, և հույսը, որ բանակցությունները փակուղի չեն գնացել, միայն հույսն է․ Փաշինյանը հույս հայտնեց, որ Բաքվից հնչող հայտարարությունների նպատակը խաղաղության գործընթացը դիտավորյալ փակուղի մտցնելը չէ, Միրզոյանը հայտարարեց իրադարձություններից հետընթացի մասին, միայն Ալեն Սիմոնյանն էր անտեղյակ ու վստահ, որ հետընթաց չկա, իսկ Ալիևի հայտարարությունները, որոնք Միրզոյանը համարում է  տարածքային պահանջ, Ալեն Սիմոնյանը՝ հայերի կողմից Արցախը տարիներ շարունակ հայկական համարելու պատասխան էր համարում։


Փաշինյանը վատ իրավիճակում է, իրավիճակներից ամենատեղյակ մարդը լինելով հանդերձ, նա հաշվի առնում է, որ փորձարկել է երկու հարթակը, հայտնել է բոլոր պատրաստակամությունները և կրկին ոչինչ։ Բացի այդ, Ալիևն օրական մեկ պատճառ ու պահանջ ունի․ նախ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են ականի վրա քաղաքացիների պայթյունի թվի մասին և գրում, որ քարտեզներ են պետք, ինչին հաջորդում է ՀՀ ԱԱԾ-ի հայտարարությունը, թե նոր քարտեզներ են «ի հայտ եկել» և դրանք կփոխանցվեն Բաքվին։ Հատկանշական է, որ հայկական կողմը քարտեզները տրամադրելը վստահության բարձրացում է համարում, սակայն ԱԱԾ-ի հայտարարությունից ժամեր անց Բաքվի ԱԳՆ-ն այդ քայլը ոչինչ էլ չհամարեց և հայտարարեց, որ այդ քարտեզները պիտանի չեն, նախկին քարտեզներն էլ օգուտ չեն  տվել, և «այդ քայլը չի ​​կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց»։ Հետևաբար, այս քայլը ևս չաշխատեց։ Ի դեպ, անգամ կասկածելի է՝ տեղի չունեցող բանակցությունների պայմաններում այդ քարտեզների պահանջ այլ խողովակով Հայաստանին ներկայացվե՞լ էր, թե լուրերը կարդալով ՀՀ ԱԱԾ-ն պատրաստակամություն էր հայտնել, փոխանցել քարտեզները։

 

Ինչո՞ւ այս կարծիքն իրավունք ունի ունենալ, որովհետև նախ՝ Բաքվի վերոնշյալ հայտարարությունը, և երկրորդը՝ դեռ ամփոփիչ ասուլիսում Միրզոյանն ասաց, որ ուղիղ կապուղի եղել է մի շարք կառույցների միջև, վկայակոչեց այդ կապի միջոցով ձեռք բերված գերիների փոխանակման պայմանավորվածությունը և ասաց, որ դրական միտումը չի շարունակվել։ 

 

Վերջին օրերին ակտիվ է նաև Ղարիբաշվիլին․ «Ես գիտեմ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշումը, որ նրանք ցանկանում են հարաբերություններ ունենալ միմյանց հետ երկկողմ մակարդակով»,-հայտնել էր նա։ 

 

Այսօր՝ Փաշինյանի հետ առանձնազրույցից հետո, իր հայտարարությունում Ղարիբաշվիլին ասաց՝ Վրաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը: 

 

Այս ամենի ֆոնին առավել քան ակնհայտ է դառնում Փաշինյանի նպատակը՝ Միշելից ի շրջանս Ղարիբաշվիլի։ Տարածաշրջանային մեկ այլ՝ «3+3» հարթակը, միևնույն է, կյանքի չի կոչվում՝ Վրաստանը մերժել և շարունակում է  մերժել այդ հարթակը, չի մասնակցել հանդիպումներին Ռուսաստանի ներկայության պատճառով, հետևաբար հայկական կողմն այդտեղ չի կարող Վրաստանի աջակցությունը կամ միջնորդական ջանքերը ստանալ, և մնում է փորձել նաև Ղարիբաշվիլիի բանաձևը՝ տարածաշրջանային հարցերը լուծել տարածաշրջանային երկրներով։

 

Բացի այդ, Ղարիբաշվիլին այս կոնֆլիկտին անմասն չէ․ դեռևս 2021-ի հունիսին Բաքուն 15 գերիներին Երևանին է փոխանցել Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի ակտիվ մասնակցությամբ։

  

Արդյունավետ կլինի, թե ոչ, կամ որքանով արդյունավետ կլինի Փաշինյանի այս գաղափարը՝ Ալիևին հետ բերել բանակցային հարթակ Ղարիբաշվիլիի միջոցով, դժվար է ասել։  Դա գիտեն Ալիևը և առավել շատ Էրդողանը, բայց որպես միջնորդի Ղարիբաշվիլիի դերի իսպառ մերժումը Բաքվից ու Թուրքիայից գրեթե բացառված է։

 

 

Բեթղեհեմ Արաբյան