1957-ին հոկտեմբերի 12-14-ը Պալերմոյի Grand Hotel et des Palmes հյուրանոցում տեղի ունեցան Սիցիլիայի և իտալոամերիկյան մաֆիայի ներկայացուցիչների մի քանի հանդիպումները, որոնք պատմության մեջ մտան «Հերոինի նստաշրջան» անվանումով: Հանդիպումներին, որում քննարկվում էին թմրաբիզներսի հարցերը, մասնակցում էին Ջո Բոնանոն, Լակի Լուչիանոն, Կարմին Գալանտեն, Ջոն Բոնվենտրեն, Սանտո Զորգեն և Վիտո Վիտալեն ամերիկյան կողմից և Սալվատորե «Չիաշիտեդդու» Գրեկոն, նրա ազգական Սալվատորե Գրեկոն՝ «Ինժեները», Ջուզեպպե Ջենկո Ռուսսոն, Անջելո Լա Բարբերան, Գաետանո Բադալամենտին, Չեզարե Մանցելլան, Կալցեդոնիո Դի Պիզան և Տոմազզո Բուշետտան:
Hotel et des Palmes հյուրանոցը՝ նախկինում և հիմա
Հանդիպումը Կոզա Նոստրայի համար չափազանց կարևոր ստացվեց: Քանի որ հետպատերազմական շրջանում հզորության մրցավազքի մեջ մտած մաֆիայի կլաններն անկառավարելի էին դառնում, հանդիպումներում քննարկվեց նաև Կոզա Նոստրայի կառավարման հարցը և ամերիկյան կողմն առաջարկեց 30 ականներից Ամերիկայում կիրառվող օրինակով ձևավորել Մաֆիայի հանձնաժողով՝ դրան վերապահելով մաֆիայի կարևոր հարցերը:
1958 թվականին ձևավորվեց առաջին հանձնաժողովը՝ որում որոշ ղեկավարման դեր ուներ Սալվատորե Գրեկոն, ով այդ հարցերում ավելի նախաձեռնողականության արդյունքում ստացել էր հանձնաժողովի «քարտուղարի», «primus inter pares»՝ հավասարների մեջ առաջինի կարգավիճակը: Բայց հանձնաժողովն առաջացած վիճակում ոչինչ փոխել չկարողացավ, չհաջողեց կանխել նույնիսկ մաֆիայի առաջին պատերազմը, որը, ճակատագրի հեգնանքով, հենց հանձնաժողովը ձևավորած մաֆիոզների մեջ էր:
Սալվատորե Գրեկո
«Հերոինի նստաշրջանում» քննարկվում էր ֆրանսիական հերոինն Ամերիկա ուղարկելուն Կոզա Նոստրայի ներգրավման հարցը: Հանդիպումն արդյունք տվեց նաև այս հարցում և Կոզա Նոստրան սկսեց ավելի լայնածավալ զբաղվել թմրաբիզնեսով, որն էլ հենց, շատ չանցած, մաֆիայում առաջին պատերազմի պատճառ դարձավ: 1962 թվականին Չեզարե Մանցելլան, ով ղեկավարում էր Չինիսիի տարածքում գտնվող Պունտա Ռայիսի օդանավակայանով մաքսանենգությունը, Գրեկո ընտանիքից զարմիկներ Սալվատորե Գրեկոն՝ «Չիաշիտեդդուն» և մյուս Սալվատորե Գրեկոն՝ «Ինժեները», Անջելո և Սալվատորե Լա Բարբերա եղբայրների հետ համատեղ հավասար մասնակցությամբ հերոին ուղարկեցին Ամերիկա: Գործողությունն անմիջապես կազմակերպում էր Կալզեդոնիո Դի Պիզան: Մատակարարումից հետո, սակայն, ամերիկացի գնորդները դժգոհելով, որ հերոինը նախատեսվածից պակաս է ստացվել, Կալցեդոնիո Դի Պիզային վճարեցին պակաս գումար: Դի Պիզան գործարքում խաբեության մեջ սկսեց մեղադրել ամերկյան կողմին, սակայն Լա Բարբերա եղբայրները համոզված էին, որ հերոինը յուրացրել է հենց Դի Պիզան:
Հարցը ներկայացվեց արդեն ձևավորված մաֆիայի հանձնաժողովին, որն այս կոնֆլիկտում պաշտպանեց Դի Պիզային, բայց կոնֆլիկտի խորացումը կանխել չկարողացավ, մանավանդ․ որ այն հատուկ ավելի թեժացնողներ կային:
1962 թվականի դեկտեմբերին Պալերմոյի հրապարակներից մեկում սպանվեց Կալցեդոնիո Դի Պիզան և մաֆիան, բնականաբար, դրանում սկսեց կասկածել Լա Բարբերա եղբայրներին: Բայց հետագայում պետք է պարզվեր, որ Դի Պիզայի սպանությունը կատարել էր Միկելե Կավատայոն՝ Կոբրան, ով խնդիրներ ունենալով մի կողմից Դի Պիզայի, մյուս կողմից Լա Բարբերա եղբայրների հետ, Դի Պիզայի սպանությունը պլանավորել ու կատարել է հատկապես այնպես, որ բոլոր կասկածներն ուղղվեն դեպի Անջելո և Սալվատորե Լա Բարբերա եղբայրները:
Թեև Լա Բարբերա եղբայրները Դի Պիզայի սպանության հետ կապ չունեին, բայց իրադարձությունների բերումով հայտնվեցին մաֆիայի առաջին խոշոր պատերազմի կենտրոնում: 1963-թվականին անհետ կորավ Սալվատորե Լա Բարբերան, իսկ ավելի ուշ՝ Անջելո Լա Բարբերան, ով հետո հայտնվեց Միլանում, ապա դատապարտվեց և ի վերջո սպանվեց 1975-ին:
Միկելե Կավատայոն կանգնած էր նաև այլ սպանությունների հետևում, որոնցից ամենախոշորը «Չիակուլիի սպանդն» էր՝ 1963թ. հունիսի 30-ին: Սալվատորե Գրեկոյի՝ Չիակուլիում գտնվող տան մոտ պայթեցվեց ականապատված Ալֆա Ռոմեո ավտոմեքենան, ինչի հետևանքով զոհվեց 7 ոստիկան, ովքեր անանուն զանգով մեկնել էին ականազերծելու ավտոմեքենան:
Չիակուլիում պայթեցված ավտոմեքենան
Չիակուլիի սպանդը պատճառ դարձավ մաֆիայի դեմ առաջին համաձայնեցված ջանքերին՝ հետպատերազմական Իտալիայում և մաֆիայի 1200 անդամներ ձերբակալվեցին: 1963 թվականին առաջին անգամ ձևավորվեց Մաֆիայի դեմ պայքարի կոմիտեն՝ Antimafia Commission: Սկսված հետաքննությունն ընդգրկում էր հետպատերազմական շրջանի բոլոր իրադարձությունները՝ ընդհուպ հանրահայտ «Հերոինի նստաշրջանը», դրան հաջորդած սպանությունները: Հետաքննությանը հաջորդեց 114-ի դատավարությունը, որով դատի էին տրվել 114 մաֆիոզներ, այդ թվում՝ հերոինի գործարքի մասնակիցներ Գաետանո Բադալամենտին, Տոմազո Բուշետան, Ջո Բոնանոն ու Լակի Լուչիանոն, Կորլեոնե կլանից Լուչիանո Լեջջիոն: Դատավարությունում իր սկզբունքայնությամբ աչքի ընկավ ու մաֆիայի թշնամանքին արժանացավ դատախազ Չեզարե Տերրանովան: Նրա նկատմամբ հատուկ թշնամանք էր տածում Լուչիանո Լեջջիոն, քանի որ Տերրանովան հարցաքննության ժամանակ կոպտորեն վիրավորել էր նրան: Երբ Լեջջիոն պատասխանել էր, որ չի պատրաստվում պատասխանել հարցերի, նույնիսկ հիշել իր անունը կամ ծնողներին, Տերրանովան քարտուղարին հանձնարարել էր արձանագրել, որ Լեջջիոն չգիտի, թե ում որդին է:
Դատախազ Չեզարե Տերրանովա
Դատավարությունները, սակայն, մաֆիայի դեմ պայքարի առումով արդյունավետ չէին, քանի որ ընդհանուր առմամբ 114 մեղադրյալներից 104-ն արդարացվեցին: Միկելե Կավատայոն ևս 1963-ի հուլիսին ձերբակալվեց տասնյակ սպանությունների համար, բայց դատապարտվեց միայն 4 տարվա ազատազրկման հանցավոր համագործակցության համար և շատ շուտով ազատության մեջ հայտվեց:
Այս փուլում արդեն բացահայտ երևում էր, որ մաֆիան վայելում էր քաղաքական ղեկավարության և որոշ դատավորների աջակցությունը, կամ նրանք վախի պատճառով մաֆիային չէին հակադրվում: Չնայած դրան, 114-ի դատավարությունում դատարանն առաջին անգամ դատավճռով հաստատեց մաֆիայի գոյությունը:
114-ի դատավարությունը
Չիակուլիի սպանդն ու դրան հաջորդած դատավարությունների ժամանակահատվածը Մաֆիայի պատմության մեջ անվանում են Pax Mafiosa՝ համարելով այն խաղաղության ժամանակաշրջան, որը խախտվեց 1969 թվականի դեկտեմբերի 10-ին՝ «Վիալե Լացիոյի» սպանդի արդյունքում:
Չիակուլիի սպանդի դատավարություններից հետո, երբ պատիժը հաջողությամբ շրջանցած Միկելե Կավատայոն վտանգավոր հզորություն էր հավաքել և բացի այդ, արդեն բոլորին պարզ էր, որ մաֆիայի պատերազմը Կավատայոյի սադրանքների, երկակի խաղերի ու մանիպուլիացիաների արդյունք էր, մաֆիայի ղեկավարները որոշեցին վերացնել նրան՝ ձևավորելով առանձին խումբ, որի մեջ մտնում էին Բերնարդո Պրովենցանոն, Կալոջերո Բագարելան, Սալվատորե Ռիինան, Գաետանո Գրադնոն, Ստաֆանո Բոնտադեն, Ջուզեպպե Դի Կրիստինան: Օպերացիան ղեկավարել է անձամբ Սալավտորե Ռիինան, իսկ հարձակումը գլխավորել են Բերնարդո Պրովենցանոն ու Լեոլուկա Բագարելան: Հարձակման ժամանակ, որը կատարվել է Լացիոյի պողոտայում՝ «Վիալե Լացիոյում», իրենց անզգուշության, իսկ ավելի կոնկրետ՝ խմբի անդամներից մեկի կողմից նախատեսվածից ավելի շուտ կրակելու հետևանքով Միկելե Կավատայոն կարողացել է հասկանալ, թե ինչ է կատարվում և հասցրել է գործել։ Կրակոցներրից հետո հատակին պառկած Միկելե Կավատայոն, ձևացնելով, թե իբր մահացած է, սպանել է իրեն մոտեցած ու ոտքով հարվածող Կալոջերո Բագարելային և վիրավորել Բերնարդո Պրովենցանոյին ու խմբի անդամներից Կարուզոյին: Բայց, ի վերջո, Բերնարդո Պրովենցանոն կարողանում է հերթական կրակոցով սպանել Միկելե Կավատայոյին։
Միկելե Կավատայոյի սպանությունը «Վիալե Լացիոյում»
«Վիալե Լացիոյի» սպանդի հետևանքով զոհվել է 5 անձ: Սպանդը Կոզա Նոստրայում Կորլեոնե ընտանիքի գերիշխանության սկիզբն էր, որը դեռ պետք է լիարժեք արտահայտվեր մաֆիայի Մեծ պատերազմում՝ ի ցույց դնելով կորլեոնցիների անասելի դաժանությունը:
Շարունակելի․․․
Մաս1․ Քրեական ենթամշակույթ: Ինչո՞ւ գոյություն ունեն մաֆիաները
Մաս2․ Ինչպես փոխվեց խորհրդային գողական աշխարհը
Մաս3․ Սիցիլիական Կոզա Նոստրան՝ ինչպես կա (լուսանկարներ)