Հետևեք մեզ։

Կորլեոնե կլանն ու մաֆիայի Մեծ պատերազմը (լուսանկարներ)

20:14, 08 մայիս 2023
Կորլեոնե կլանն ու մաֆիայի Մեծ պատերազմը (լուսանկարներ)

Կոզա Նոստրայի Կորլեոնե (Corleonesi) կլանն ամենահայտնին է, միգուցե գեղարվեստական աղբյուրներում այդ անվան հիշատակումների, իսկ միգուցե այն պատճառով, որ Սիցիլիական մաֆիայի պատմության ամենաաղմկոտ իրադարձությունների կենտրոնում հենց դրա անդամներն էին:

 

Կորլեոնցիների հանցավոր դաշինքը որպես կլան ձևավորվել է 1970- ականներին, բայց դրա հիմքերը դրվել են դեռ 40-ականներին՝ Միկելե Նավարրայի կողմից: Միկելե Նավարրան մասնագիտությամբ բժիշկ էր՝ Սիցիլիայի Կորլեոնե քաղաքից; Նա սկսեց ղեկավարել քաղաքի մաֆիան 1943 թվականից, և 1944-1948 թվականներին, Կորլեոնեում արդեն 57 սպանություն էր տեղի ունեցել։ 1946 թվականին սպանվեց Կորլեոնե քաղաքի գլխավոր բժիշկն, ով նաև հիվանդանոցի ղեկավարն էր և Նավարրան փոխարինեց նրան ու օգտագործելով իր նոր կարգավիճակը, ավելի ուժեղացրեց կապերը և՛ պետության և՛ մաֆիայի այլ խմբավորումների հետ։

 

Միկելե Նավարրայի հովանավորության տակ էր գործում դեռ երիտասարդ, բայց հեռանկարային Լուչիանո Լեջջիոն, ով հետագայում էր փաստացի ձևավորելու Կորլեոնեի կլանը՝ դառնալով դրա առաջին Դոնը։ Բայց արդեն այս փուլում կորլեոնցիների ոճն իր դաժանությամբ ակնհայտ էր։ Երբ 1948 թվականի մարտին Լուչիանո Լեջջիոն սպանեց հայտնի սոցիալիստ Պլասիդո Ռիցցոտոյին, Միկելե Նավարրան արագ լուծեց միակ վկայից ազատվելու հարցը: 11-ամյա հովիվ Ջուզեպպե Լետիցին մահացավ Նավարրայի հիվանդանոցում կատարված ներարկումից հետո։

 

Լուչիանո Լեջջիոն 1940-ականների վերջերին բանտում ծանոթացավ այդ ժամանակ էլ ավելի երիտասարդ Սալվատորե Ռիինայի, իսկ ապա տեղացի ևս երկու հանցագործների՝ Կալոջերո Բագարելլայի ու Բերնարդո Պրովենցանոյի հետ:

 

1950-ական թվականներին մաֆիան Կորլեոնեում ավելի ու ավելի էր հզորանում ու տիրում իրավիճակին։ 1953-58 թվականներին Կորլեոնեում մաֆիայի հետ կապված 153 սպանություն էր տեղի ունեցել, իսկ Լուչիանո Լեջջիոյի հեղինակությունն աճում էր ամեն օր: Նա կարճ ժամանակում ձևավորել էր ազդեցության ու ռեկետի սեփական ոլորտները, ինչը, բնականաբար, կոնֆլիկտ առաջացրեց նրա և Միկելե Նավարրայի միջև։ Լեջջիոյի ու նրա երբեմնի հովանավորի միջև կոնֆլիկտն ավելի սրվեց Կորլեոնեում ջրամատակարարման հարցերում շահերի բախման պատճառով և Միկելե Նավարան որոշեց սպանել նրան։ Նպատակն իրագործելու համար Նավարան հանդիպման հրավիրեց Լեջջիոյին՝ այնտեղ ուղարկելով 15 զինված անձանց, ովքեր սակայն առաջադրանքը կատարել չկարողացան և Լեջջիոն մի քանի վնասվածքներով խուսափեց մահից։

 

Երկու շաբաթ անց՝ 1958-ին Լուչիանո Լեջջիոն սպանեց Միկելե Նավարրային, իսկ ևս երկու շաբաթ անց՝ սպանվեցին նրա երեք ընկերները։ Փոխադարձ սպանությունները շարունակվեցին մինչը 1963 թվականը, երբ Լեջջիոն նախ թաքնվեց, ապա ձերբակալվեց 114-ի դատավարությունում։ 

 

Նավարայի սպանությունը

 

Կորլեոնե կլանի ներկայացուցիչներն այս ընթացքում սկսեցին թափանցել Պալերմո, կապեր հաստատել տեղի ազդեցիկների հետ, օգտվել Պալերմոյի շինարարական բումից և առաջին անգամ աղմկոտ դրսևորվեցին «Վիալե Լացիոյի» սպանդում՝ սպանելով Միկելե Կավատայոյին: «Վիալե Լացիոյից» հետո կորլեոնցիները շարունակեցին սիցիլիական մաֆիայում հզորագույնի ձգտումն ու էլ ավելի ամրապնդեցին իրենց դիրքերը: Նրանց վարքագծում ընգծված էր բռնության հակումը, դաժանությունը, ոչնչի առաջ կանգ չառնելը և օմերտայի խախտումները՝ ի դեմ պետության ներկայացուցիչների սպանության: Այս փուլում արդեն շատ ավելի լավ էր արտահայտվում հին մաֆիոզների մտահոգությունը մաֆիայի անկառավարելիության հետ կապված: Ժամանակները փոխվել էին, մաֆիան ավելի գանգստերական էր դարձել, իսկ մաֆիայում դրա անդամների առաջընթացն ավելի արագ էր դառնում և կախված էր ավելի շատ զենքին լավ տիրապետելուց և ոչ թե պատվից ու օմերտայից:

 

 

1970 թվականին վերականգնվեց Մաֆիայի հանձնաժողովը՝ այս անգամ եռյակ ղեկավարությամբ՝ Ստեֆանո Բոնտադեի, Գաետանո Բադալամենտիի և Լուչիանո Լեջջիոյի գլխավորությամբ, թեև վերջինիս փաստացի փոխարինում էր Սալվատորե Ռիինան: Բայց ավանդական ու ահռելի ազդեցություն ու քաղաքական կապեր ունեցող մաֆիոզների ու բացարձակ իշխանության ձգտող կորլեոնցիների միջև կոնֆլիկտ անխուսափելի էր, Տոտո Ռիինայի ու հանձնաժողովի մյուս երկու ղեկավարների միջև անհամաձայնությունները բացահայտ էին և չնայած հանձնաժողովն արդեն հակված էր դեպի Ռիինան, բայց Ստեֆանո Բոնտադեն ու Գաետանո Բադալամենտին հակադրվում էին նրան: 

 

 

 

Մաֆիայի հանձնաժողովի երեք ղեկավարները

 

 

1970 թվականին Բենիտո Մուսսոլինիի վաղեմի համախոհ Ժունիո Վալերիո Բորգեզեն մաֆիային առաջարկեց աջակցել նոեֆաշիտական հեղափոխությանը՝ որոշ մաֆիոզների, այդ թվում Լուչիանո Լեջջիոյի ներման դիմաց։ Չնայած որոշ մաֆիոզների, օրինակ Ջուզեպպե Կալդերոնեի և Ջուզեպպե Դի Կրիստինայի համաձայնությանը և Բորգեզեի հետ ունեցած հանդիպմանը՝ Գաետանո Բադալամենտին դեմ արտահայտվեց դրան, ինչն արդեն պատճառ էր Կորլեոնեի կլանի հետ լուրջ բախման համար, չնայած որ Բորգեզեն նույն թվականին մահացավ առանց հեղափոխություն կատարելու:

 

 

1974 թվականին, երբ Լուչիանո Լեջջիոն վերջնականապես հայտնվեց բանտում, մաֆիայի հանձնաժողովը փոխվեց և սկսեց գործել Գաետանո Բադալամենտիի գլխավորությամբ։ 

 

 

Լեջիոյի ձերբակալությունը

 

Առաջին լուրջ բախումը Սալվատորե Ռիինայի հետ 1977 թվականին Ջուզեպե Դի Կրիստինայինն էր, ով կորլեոնցիների կողմից կարաբիներիների Ջուզեպպե Ռուսսոյի սպանությունից հետո հակադրվեց Ռիինայի պահվածքին, քանի որ պետության ներկայացուցչի սպանությունը հանձնաժողովի կողմից համաձայնության չէր արժանացել, իսկ դրանով կորլեոնցիները պետության ուշադրությունը սևեռում էին մաֆիայի վրա: Կոնֆլիկտի արդյունքում Դի Կրիստինան դարձավ Կորլեոնե կլանի հիմնական հակառակորդներից մեկը՝ Ստեֆանո Բոնտադեի, Գաետանո Բադալամենտիի և Սալվատորե Ինցերիլլոյի հետ միասին:

 

1977 թվականի նոյեմբերին կորլեոնցիները փորձեցին սպանել Ջուզեպե Դի Կրիստինային, սակայն մահափորձը նպատակին չհասավ: Ի պատասխան դրա՝ Դի Կրիստինան, Գաետանո Բադալամենտին և Սալվատորե Ինցերիլլոն պլանավորել էին սպանել Վելելունգի բոսս Ֆրանչեսկո Մադոնիային, ով արդեն մտերիմ էր Կորլեոնցիների հետ: 1978 թվականին Սալվատորե «Չիաշիտեդդու» Գրեկոն վերադարձավ Պալերմո՝ համոզելու նրանց չգնալ առճակատման, Գաետանո Բադալամենտիին առաջարկեց հեռանալ Վենեսուելլա, սակայն նա անդրդվելի էր և 1978-ին Ֆրանչեսկո Մադոնիան սպանվեց:

 

 

Կորլեոնցիները սկսեցին դաշնակիցներ փնտրել այլ ընտանիքների մեջ և շուտով իրենց կողմ քաշեցին Պորտա Նուովայի բոսս Ջուզեպպե Կալոյին, Կորսո Դեի Միլլեի բոսս Ֆիլիպպո Մարչեզեին ու Պարտաննա Մոնդելոյի բոսս Ռոզարիո Ռիկոբոնոյին։ 1978-ին Տոտո Ռիինան հաջողեց մաֆիայի կոմիտեից հեռացնել Գաետանո Բադալամենտիին՝ նրան մեղադրելով Ֆրանչեսկո Մադոնիայի սպանության մեջ։ Բադալամենտիին փոխարինեց Չիակուլիի մաֆիայի ղեկավար Միկելե Գրեկոն, ով արդեն Ռիինայի հետ մտերմացել էր, բայց այդ կապը գաղտնի էր պահում Ստեֆանո Բոնտադեից ու Սալվատորե Ինցերիլլոյից։

 

 

Շարունակելով չեզոքացնել հակառակորդներին՝ 1978-ին Սալվատորե Ռիինան կազմակերպեց Ջուզեպպե Դի Կրիստինայի և Ջուզեպպե Կալդերոնեի սպանությունները, որոնց փոխարինողների հետ արդեն կապեր էր հաստատել՝ հովանավորելով նրանց։ 1981թ. ապրիլի 23-ին Տոտո Ռիինան կազմակերպեց Ստեֆանո Բոնտադեի, իսկ մի քանի շաբաթ անց՝ մայիսի 10-ին, Սալվատորե Ինցերիլլոյի սպանությունը։ 

 

 

Սպանված Ստեֆանո Բոնտադեն և Սալվատորե Ինցերիլլոն

 

 

Հիմնական հակառակորդներին վերացնելուց հետո, սակայն սպանությունները ոչ թե դադարեցին, այլ նոր թափ առան: Ստեֆանո Բոնտադեի ու Սալվատորե Ինցերիլլոյի սպանություններն ազդարարեցին արդեն երկար ժամանակ Ռիինայի կողմից հրահրվող պատերազմը, որը պատմության մեջ մտավ որպես Մաֆիայի Երկրորդ կամ Մեծ պատերազմ։ Բոնտադեի ու Ինցերիլլոյի բազմաթիվ բարեկամներ ու համախոհներ սպանվեցին կամ անհետ կորան, սպանվեց նաև Սալվատորե Ինցերիլլոյի 15 ամյա որդին՝ Ջուզեպպե Ինցերիլլոն, ով երդվել էր վրեժ լուծել հոր սպանության համար, եղբայրը՝ Սանտոն: Ինցերիլլո ընտանիքի մնացած անդամները հեռացան Ամերիկա ու հաստատվեցին տեղի մաֆիոզների, հատկապես իրենց ազգական Կառլո Գամբինոյի հովանավորության տակ:

 

 

1981թվականի սեպտեմբերի 29-ին սպանվեց նաև Կալոջերո Պիցցուտոն, իսկ Գաետանո Բադալամենտնին փրկվեց՝ հեռանալով Սիցիլիայից։

 

Հաջորդ երկու տարիներին մաֆիայում սպանությունների թիվը միայն աճեց։ Մեկ օրում՝ 1982-ի նոյեմբերի 30-ին՝ Պալերմոյում 12 առանձին գործողություններով սպանվեցին 12 մաֆիոզներ։ Սպանությունները շուտով դուրս եկան Իտալիայի սահմաններից և ԱՄՆ Նյու Ջերսի քաղաքում սպանվեց Սալվատորե Ինցերիլլոյի մյուս եղբայրը՝ Պյետրոն, իսկ Գաետանո Բադալամենտիի ազգականներից մեկի մասնատված մարմինը գտնվեց Գերմանիայում։

 

Կորլեոնցիների կազմակերպած սպանությունները կատարվում էին մահվան ջոկատի միջոցով, որը ղեկավարում էր Ջուզեպպե Գրեկոն, ում վրա ավելի քան 80 սպանություն է հաշվվում, այդ թվում՝ Ստեֆանո Բոնտադեի ու Սալվատորե Ինցերիլլոյի սպանությունները։ Բազմաթիվ սպանություններ էին իրենց վրա վերցրել նաև Ջուզեպպե Լուկեզեն ու Մարիո Պրեստիֆիլիպպոն։

 

 

1981-83 թվականներին ընդհանուր հաշվով Սիցիլիայում սպանվեց մաֆիայի 800 անդամ, որից 400-ը միայն Պալերմոյում, իսկ 160 մաֆիոզներ կամ նրանց հարող անձինք անհետ կորան՝ դառնալով այսպես կոչված lupara bianca-ի (սպիտակ հրացանի) զոհ, այսինքն նրանց մարմինները ոչնչացվել կամ թաղվել էին այնպես, որ հայտնաբերել հնարավոր չէ։

 

Կորլեոնեի կլանն ու նրանց համախոհները հաղթեցին Մաֆիայի մեծ պատերազմում՝ փաստացի ոչնչացնելով Բոնտադե, Ինցերիլլո և Բադալամենտի ընտանիքները, թեև հետագա դատավարություններում, իշխանությունների հետ համագործակցող մաֆիոզներից մեկը հաղթողների ու պարտվողների մասին հարցին պատասխանել է, որ պատերազմում հաղթող և պարտվող կլաններ չկային, քանի որ չկային պարտվողները՝ Կորլեոնե կլանը ոչնչացրեց նրանց բոլորին։

 

Շարունակելի․․․

 

Մաս1․ Քրեական ենթամշակույթ: Ինչո՞ւ գոյություն ունեն մաֆիաները

Մաս2․ Ինչպես փոխվեց խորհրդային գողական աշխարհը

Մաս3․ Սիցիլիական Կոզա Նոստրան՝ ինչպես կա (լուսանկարներ)

Մաս4․ Սիցիլիական մաֆիայի հոգեվարքն ու վերածնունդը