Հետևեք մեզ։

Կորլեոնե կլանն ու մաֆիայի Մեծ պատերազմը (մաս երկրորդ)

20:08, 10 մայիս 2023
Կորլեոնե կլանն ու մաֆիայի Մեծ պատերազմը  (մաս երկրորդ)

 

Մաֆիայի Մեծ պատերազմում Կոլեոնե կլանի անվերապահ հաղթանակի գրավականներից մեկը կլանի գաղտնիությունն էր։ Այն դեպքում, երբ շատ մաֆիոզներ ապրում էին բավականին հրապարակային, Սալվատորե Ռիինային, Բերնարդո Պրովենցանոյին ու Լեոլուկա Բագարելային հազվադեպ էին տեսնում նաև այլ մաֆիոզները, իսկ հանրության մեջ նրանք չէին հայտնվում: Նրանք հենց այդ կերպ կարողացան տասնյակ տարիներով խուսեփել արդարադատությունից։ Տասնամյակներով հետախուզված Պրովենցանոյից ոստիկանությունը միայն մեկ՝ 1957 թվականին արված լուսանկար ուներ։ 

 

Մինչև ձերբակալումը Բերնարդո Պրովենցանոյի՝ միակ լուսանկարը

 

Հաղթանակի համար կարևոր դեր խաղաց նաև Ռիինայի մեթոդը՝ իր կողմ գրավել հակառակորդների համախոհներին՝ այդ փաստը գաղտնի պահելով հակառակորդներից։ Օրինակ, մի դեպքում, Բոնտադե և Ինցերիլլո կլանների 6 անդամներ հանդիպման էին հրավիրվել իրենց համախոհ կլանի մաֆիոզների կողմից։ Հանդիպման գնացած չորսն անհետ կորան, իսկ հրավիրվածներից երկուսը՝ Էմանուելե Դ՛Ագուստինոն ու նրա որդին, կասկածներ ունենալով, փորձեցին ապաստան ստանալ իրենց մեկ այլ բարեկամ Ռոզարիո Ռոկոբոնոյի մոտ, ով սակայն նույնպես գաղտնի համագործակցում էր կորլեոնցիների հետ, հետևաբար նրանք ևս ոչնչացվեցին։

 

Եվ բացի դա, Կորլեոնեի անդամները գործում էին՝ ոստիկանությանն ապահովելով ապատեղեկատվությամբ։ Օրինակ, քանի դեռ Սալվատորե Ինցերիլլոն չէր սպանվել, Ստեֆանո Բոնտադեի սպանությունը վերագրվում էր հենց նրան: Կամ Սալվատորե Ինցերիլլոն իր սպանության ժամանակ արդեն 3 տարի հետախուզվում էր Ջուզեպպե Դի Կրիստինայի սպանության համար, թեև նրան նույնպես սպանել էին Կորլեոնեի կլանի ներկայացուցիչները՝ այնպես, որ բոլոր վարկածներն ուղղվեն դեպի Ինցերիլլոն։

 

1982-ին, երբ Տոտո Ռիինայի հակառակոդները փաստացի ոչնչացված էին, սպանությունները չդադարեցին, քանի որ կորլեոնցիները որոշեցին ազատվել արդեն համակիրներից։ Հենց 1982-ի վերջին սպանվեց իր նախկին համախոհների սպանությանը մասնակցած ու Ռիինային մեծ ծառայություններ մատուցած Ռոզարիո Ռոկկոբոնոն իր կլանի 20 անդամների հետ, իսկ քիչ ավելի ուշ սպանվեց Ֆիլիպպո Մարչեզեն։ Նրան խեղդեցին ու մարմինը քայքայեցին ծծմբաթթվի մեջ, այսինքն սպանեցին այնպես, ինչպես նա ինքն էր սպանում մարդկանց։

 

1980-ականների երկրորդ կեսին եկավ նաև մարդասպանների՝ մահվան ջոկատի անդամների, այդ թվում՝ արդեն հարյուրավորների սպանած Ջուզեպպե Գրեկոյի ժամանակը և 85-89 թվականներին նրանց սպանեցին Կորլեոնեի բոսսերի կարգադրությամբ՝ նրանց համարելով չափազանց ամբիցիոզ։ Դաժանությունները իհարկե միայն նպատակադրված սպանություններով չէին սահմանափակվում: Պայթյուններով, փողոցներում կրակոցներով կատարված սպանությունները խլեցին նաև պատահական անցորդների, այդ թվում և երեխաների կյանքեր:

 

1977-82 թվականներին մաֆիան սպանում էր ոչ միայն հակառակորդ կլաններին, այլ իրեն խանգարող ցանկացածին։ 1970 ականների վերջին ու 80 ականներին մաֆիան սպանեց բազմաթիվ հեղինակավոր անձանց՝ այդպիսով նաև պատերազմ սկսելով պետության դեմ։

 

Ինչպես հետագայում պատմում են հետաքննության հետ համագործակցող նախկին մաֆիոզները, մաֆիան փոխվել էր նաև պետության հետ հարաբերություններում։ Եթե նախկինում մաֆիայի անդամները գիտակցում էին պետության հետ հաշտ լինելու անհրաժեշտությունը և իրենց պաշտոնյաներից վեր չէին դասում, ավելին, անհրաժեշտության դեպքում ինչ-որ բանի դիմաց ծառայություններ էին մատուցում, ապա Ռիինայի մաֆիան սկսեց բացահայտ ահաբեկել պետությանը, հանդես գալ հավասարի դիրքերից, ներկայացնել պահանջներ ու վերջնագրեր։ 1971 թվականին սպանվեց Պալերմոյի գլխավոր դատախազ Պյետրո Սկալյոնեն:

 

Պյետրո Սկալյոնեի սպանությունը

 

1978 թվականին սպանվեց քաղաքական ակտիվիստ Ջուզեպպե Իմպաստատոն, 1979-ին՝ հետաքննող լրագրողներ Մարիո Ֆրանսեզեն, Կարմին Պեկորելին, իրավաբան, սպանությունների հետաքննությամբ զբաղվող Ջիորջիո Ամբրոզոլին, նրա հետ համագործակցող ոստիկանության ստորաբաժանման ղեկավար Բորիս Ջուլիանոն: 1979 թվականին սպանվեց նաև դեռ 114-ի դատավարության կարկառուն դեմքերից դատախազ Չեզարե Տերրանովան:

 

Սպանված Չեզարե Տերրանովան

 

Բայց մաֆիան կանգ չէր առնում։ 1980 թվականին Պալերմոյում սպանվեց մաֆիայի երբեմնի բարեկամ Բերնարդո Մատարելլայի որդին՝ այդ ժամանակ արդեն Սիցիլիայի նախագահ Պյերսանտի Մատարելլան: Մաֆիան համարում էր, որ խստացնելով պետական պայմանագրերով վերահսկողությունը Պյերսանտի Մատարելլան դավաճանել էր մաֆիային՝ խնդիրներ առաջացնելով իրենց համար:

 

Սպանված Պյերսանտի Մատարելլան

 

Նույն թվականին սպանվեցնին նաև կարաբիներիների հրամանատար Էմանուել Բազիլը, իսկ ամիսներ անց՝ դատախազ Գաետանո Կոստան։

 

Գաետանո Կոստայի սպանությունը

 

Մաֆիայի Մեծ պատերազմի իրադարձությունները, որոնք աննախադեպ էին և Իտալիայում և Մաֆիայի պատմության մեջ, բնական է նորից գործի էին գցելու մաֆիայի հակազդման գործիքները: Բազմաթիվ սպանությունների գործերով հետաքննությունը վարում էր Պալերմոյի մաֆիայի դեմ Կոմիտեն՝ Antimafia comission, որը գործարկվել էր դեռ մաֆիայի առաջին պատերազմից հետո: Բայց Սալվատորե Ռիինային ոչ միայն չէր կանգնեցնում սպանությունների հետաքննությունը, այլ ավելի էր գազազացնում՝ տանելով դեպի առճակատման պետության հետ, որտեղ հաղթանակը սակայն Սալվատորե Ռիինայինը չէր:

 

1980 թվականին, երբ Պիո Լա Տորեն նախաձեռնեց մաֆիայի դեմ օրենքի ընդունումը, հասկանալի պատճառներով այն քաղաքական աջակցություն չստացավ, իսկ Լա Տորեն սպանվեց 1982-ին՝ հենց օրենքը նախաձեռնելու համար:

 

 Պիո Լա Տորեի սպանությունը

 

Պիո Լա Տորեի սպանությունից հետո կառավարությունը Սիցիլիա ուղարկեց գեներալ Կառլո Ալբերտո դալլա Կյեզային, մաֆիան ջախջախելու առաջադրանքով, բայց ընդամենը մի քանի ամիս անց սպանվեց նաև Կյեզան կնոջ հետ՝ դժգոհության ալիք առաջացնելով Պալերմոյում: Սիցիլիացիներն անպատվում էին կառավարությանը, ծաղրուծանակի ենթարկում մաֆիային այդքան հանդուրժելու համար: Ի պատասխան՝ Իտալիայի կառավարությունը վերջապես քննիչներին տվեց անհրաժեշտ աջակցությունը, և Պիո Լա Տորեի օրենքն ընդունվեց 10 օր անց:

 

Դալլա Կյեզայի սպանությունը

 

1983 թվականին Պալերմոյում սպանվեց դատախազ Ռոկկո Չիննիչին:

 

Ռոկկո Չիննիչիի սպանությունը

 

Մաֆիայի դեմ հետաքննության ժամանակ տեղեկությունների հիմնական աղբյուրը մաֆիայի տարբեր կլանների նախկին պարագլուխներն էին, ովքեր մտել էին պետության պաշտպանության տակ և վկայություն էին տալիս: Նրանց իտալիայում Պենտիտո՝ Pentito էին անվանում և դրանցից ամենահայտնին Տոմազզո Բուշետտան ու Սալվատորե Կոնտորնոն էին:

 

Ապացույցների մեծ մասն ստացվել էր Տոմմազո Բուշետտայից, ով հետաքննության հետ համագործակցելու համաձայնություն էր տվել այն բանից հետո, երբ 1982-ին նրա երկու որդիները, եղբայրն ու ևս 6 ազգականներ սպանվեցին կամ անհետ կորան: Բուշետտան, ով 1983թ-ից ձերբակալված էր Բրազիլիայում, մեկ տարի անց հանձնվեց Իտալիայի Իշխանություններին, փորձեց ինքնասպանություն գործել, որի ձախողումից հետո, հանդիպելով գործը վարող հայտնի դատախազ, հետագայում սպանված Ջիովաննի Ֆալկոնեին, համաձայնեց պատմել իրողությունը: Ավելի ուշ՝ Տոմազզո Բուշետտայի դրդմամբ հետաքննության հետ համագործակցել սկսեց նաև Սալվատորե Կոնտորնոն: Թոմազո Բուշետտան ցուցմունքով հաստատեց, որ մաֆիան առանձին ավազակախմբերի հավաքածու չէ, այլ մեկ կազմակերպություն, որն ունի կառավարման խորհուրդ: Բուշետտայի ցուցմունքով հաստատվեց, որ մաֆիայի անդամների վերին էշելոնը ներգրավված է կազմակերպության բոլոր հանցագործություններում: Այս պնդումը, որը հայտնի դարձավ որպես «Բուշետտայի թեորեմ», հնարավորություն տվեց հասնել մաֆիայի պարագլուխների դատապարտման նաև այն հանցանքների համար, որը նրանք անձամբ չէին կատարել:

 

Սալվատորե Ռիինան Կոզա Նոստրան վեր էր ածել ահաբեկչական կազմակերպության, որը նպատակներին հասնելիս ոչնչի առաջ կանգ չէր առնում: 1984 թվականի դեկտեմբերի 23-ին Ռիինայի պատվերով կազմակերպվեց և իրագործվեց «Սուրբծննդյան սպանդ» անվանումն ստացած պայթյունը: Ապենինների բազային թունելում պայթեցվեց Նեապոլից Միլան ուղևորվող 904 (Rapido 904) Էքսպրես գնացքը, ինչի արդյունքում 16 մարդ զոհվեց, 266-ը՝ վիրավորվեց: Ահաբեկչության շարժառիթը իտալական անվտանգության ուժերին Սիցիլիական մաֆիայի գործունեության հետաքննությունից շեղելն էր այն բանից հետո, երբ Թոմազո Բուշետտայի ցուցմունքները մաֆիայի դեմ պայքարի դատախազ Ջիովաննի Ֆալկոնեին հիմքեր էին տվել շատ մաֆիոզների ձերբակալելու համար։

 

Պայթեցված 904 գնացքը

 

1985 թվականի ապրիլի 2-ին Սիցիլիական մաֆիայի կողմից կազմակերպվեց Պիզզոլունգոյի պայթյունը, որի նպատակը Սիցիլիայի Պիզոլունգո քաղաքի դատախազի տեղակալ Կառլո Պալերմոյին սպանելն էր: Պալերմոն հետաքնում էր թմրանյութերի և զենքի առևտրի միջազգային ցանցի գործունեությունը, որում, հնարավոր է, ներգրավված են եղել իտալացի քաղաքական գործիչներ: Կառլո Պալերմոյին սպանելու համար պատրաստված տրոտիլապատ ավտոմեքենայի պայթյունից սպանվեց 3 անձ, այդ թվում 6 ամյա երկվորյակներ, ում նրանց հայրը դպրոց էր ուղեկցում: Վնասվածքներ ստացած Կառլո Պալերմոյի կյանքը հնարավոր եղավ փրկել:

 

Պիզոլունգոյի պայթյունը և դրա հետևանքով զոհված երեխաները

 

Մաֆիայի երկրորդ պատերազմի իրադարձությունները քննվեցին պատմությանը հայտնի ամենամեծ դատավարությունում, որը հանրությանը հայտնի է՝ հենց Մեծ դատավարություն/ Maxiprocesso կամ Maxi trial անվամբ։

 

Մեծ դատավարություն․ 1986թ.

 

Մեծ դատավարությունը տևեց 1986 թվականի փետրվարից մինչև 1992-ի հունվար և տեղի ունեցավ հատուկ այդ նպատակով բունկերի ձևով կառուցված և ներսում բանտ ունեցող դատարանում։ Սիցիլիացի դատախազները մեղադրանքներ էին ներկայացրել 475 մաֆիոզների, մեղադրանքները վերաբերում էին 120 սպանությունների, թմրամիջոցների շրջանառությանն ու նոր ընդունված օրենքին, որով մաֆիայում մասնակցությունն արդեն իսկ պատժելի էր: Մեղադրյալներից ոչ բոլորն էին ներկա դատարանում: Մեծ պատերազմի դաժանություննեը հեղինակած Սալվատորե Ռիինան, Բերնարդո Պրովենցանոն ու Լեոուկա Բագարելան 116 այլ մեղադրյալների հետ դատապարտվեցին հեռակա կարգով, իսկ դատարանում ներկա էին Լուչիանո Լեջջոն, Ջուզեպպե «Պիպպո» Կալոն ու Միկելե Գրեկոն:

 

Առաջին դատական պրոցեսսն ավարտվեց 1987-ին և դատարանի դատավճռով մեղադրյալներից 338-ը դատապարտվեցին ազատազրկման՝ բոլոր մեղադրյալները միասին 2665 տարի ժամկետով: Մաֆիայի 19 հեղինակավոր Բոսսեր, այդ թվում Միկելե Գրեկոն, Ջուզեպպե Մարչեզեն, Սալվատորեն Ռիինան, Ջուզեպպե Լուկեզեն, Բերնարդո Պրովենցանոն՝ դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Դատավճիռների վերաքննությունը բարդ ընթացք ստացավ և դրանց արդյունքում ոմանք արդարացվեցին։

 

Մաֆիան այս փուլում դատավորներին ճնշելու փորձեր էր անում, նույնիսկ խոսվում էր դատավորներից ոմանց հետ պայմանավորվածությունների մասին: Վճռաբեկ ատյանում, սակայն, բոլոր արդարացման դատավճիռները փոխվեցին: Վերջնական դատապարտումից հասկանալով, որ մաֆիայի հետ փոխկապակցված պաշտոնյաներն այլևս մաֆիային օգնել չեն կարողանում կամ չեն էլ փորձում, Սալվատորե Ռիինան կազմակերպեց պետության հետ ամենահայտնի ու մաֆիայի համար կործանարար վերջին ճակատարմարտը՝ Մեծ դատավարության դատախազներ Ջիովաննի Ֆալկոնեի ու Պաոլո Բորսելլինոյի սպանությունները:

 

Շարունակելի…

 

Մաս1․ Քրեական ենթամշակույթ: Ինչո՞ւ գոյություն ունեն մաֆիաները

Մաս2․ Ինչպես փոխվեց խորհրդային գողական աշխարհը

Մաս3․ Սիցիլիական Կոզա Նոստրան՝ ինչպես կա (լուսանկարներ)

Մաս4․ Սիցիլիական մաֆիայի հոգեվարքն ու վերածնունդը

Մաս5․ Առաջին պատերազմը Կոզա Նոստրայում (լուսանկարներ)