Ջիովաննի Ֆալկոնեն Պալերմոյի դատախազությունում աշխատանքի էր անցել 1980 թվականի սկզբից՝ անչափ բարդ ժամանակահատվածում, երբ մաֆիայի գործերով գլխավոր դատախազ Չեզարե Տերրանովան նոր էր սպանվել, իսկ կոնկրետ երկու ամիս առաջ սպանվել էր ոստիկան Բորիս Ջուլիանոն, ով քննում էր Ռոսարիո Սպատոլայի ու Սալվատորե Ինցերիլլոյի ղեկավարած թմրաշրջանառությունը: Ֆալկոնեի կողմից պաշտոնն ստանձնելուց հետո սպանվեց նաև Բորիս Ջուլիանոյին փոխարինած Էմանուելե Բազիլեն, ապա Ինցերիլլո-Սպատոլա ցանցի մաֆիոզների ձերբակալման օրդերներն ստորագրած դատախազ Գաետանո Կոստան:
Այս պայմաններում աշխատանքի անցած Ջիովաննի Ֆալկոնեն ընգծված համարձակությամբ ստանձնեց գործն ու սկսեց կիրառել քննության նոր մեթոդներ: Այդ ժամանակ արդեն պարզ էր, որ Սիցիլիան դարձել է Ամերիկա ուղարկվող թմրանյութերի վերամշակման կենտրոնը և Ֆրանսիայից այդ նպատակով Պալերմո էին տեղափոխվել հատուկ լաբորատորիաներ: Ֆալկոնեն նորարարական մեթոդներով քննություն սկսեց՝ նախաձեռնելով թմրանյութերի վաճառքի ֆինանսական կողմի հետաքննություն՝ բանկային փաստաթղթերի միջոցով: Նա նաև ակտիվ համագործակցության մեջ մտավ ամերկյան գործընկերների հետ և մասնակցեց թմրամիջոցների միջազգային շրջանառության բացահայտման Pizza Collection անվանումն ստացած միջոցառումներին:
Ջիովաննի Ֆալկոնեն զգալի հաջողություններ էր արձանագրել նաև Մաֆիայի մեծ պատերազմի ժամանակվա իրադարձութունների բացահայտման գործում՝ կարողանալով համոզել մաֆիայի որոշ անդամների՝ համագործակցել իր հետ: Ֆալկոնեն նրանցից կարողացել էր տեղեկություններ ստանալ մաֆիայի կառուցվածքի, դրանում մաֆիոզների դերերի, տարբեր իրադարձությունների, Պալերմոյում կատարված աղմկահարույց սպանությունների մասին:
Ջիովաննի Ֆալկոնեի հաջողությունները որոշ շրջանակներում դժգոհություն առաջացրեցին և նրան փորձեցին հեռացնել մաֆիայի դեմ գործերից՝ թողնելով նրան ծեծի ու մեքենաների գողության գործեր: Անտիմաֆիայի հանձնաժովողի նոր նախագահը համաձայն չէր, որ Maxi-ի գործընթացում Ֆալկոնեի կողմից բացահայտված՝ մաֆիայի հիերարխիկ կառուցվածքը իսկապես գոյություն ուներ: Այս իրադարձությունների ֆոնին Ֆալկոնեին Պալերմոյի գլխավոր դատախազ նշանակելու հարցը փակվեց:
1989 թվականի հունիսի 20-ին պայթուցիկ սարք հայտնաբերվեց այն տան մոտ, որը Ֆալկոնեն վարձակալել էր Ադաուրա քաղաքում։ Չնայած Ֆալկոնեին նախկինում սպառնում էին, բայց այս ձախողված փորձը նրան չափազանց անհանգստացրեց: Ֆալկոնեն կարծում էր, որ սպանության փորձին ներգրավված են ոչ միայն մաֆիայի անդամները, այլև կառավարության որոշ դեմքեր: Մահափորձից հետո Ֆալկոնեն շնորհավորական հեռախոսազանգ էր ստացել վարչապետ Ջուլիո Անդրեոտիից, ում հետ նա նախկինում երբեք չէր խոսել: Բայց Ֆալկոնեն չգիտեր, որ իրեն սպանելու փորձերը կասեցվել են՝ մինչև Մեծ դատավարության դատավճիռների բողոքարկումը, որով հույս կար ազատել դատապարտված մաֆիայի անդամներին:
Պալերմոյի անտագոնիզմից ուժասպառ և հիասթափված՝ Ֆալկոնեն արդարադատության նոր նախարար Կլաուդիո Մարտելիի առաջարկով պաշտոն ստանձնեց Հռոմում, ինչը հերթական քայլն էր՝ հեռացնելու նրան Սիցիլիական մաֆիայի դեմ պատերազմից: Բայց Ֆալկոնեն Հռոմում աշխատելիս ավելի լուրջ հաջողություններ արձանագրեց: Նա կարողացավ հասնել մաֆիայի պարագլուխների մեղադրական դատավճիռների հաստատմանն ու մաֆիայի հետ անվիճելիորեն կապված դատավոր Կորադո Կարնեվալեի այն աղետալի դատավճիռների վերանայմանը, որով Մեծ դատավարության մեղադրյալների մի մասն ազատ էր արձակվել: Բացի այդ, Հռոմում գտնվելու ընթացքում Ջիովաննի Ֆալկոնեն սկսեց վերակազմավորել իտալական դատախազության համակարգը՝ ստեղծելով մաֆիայի դեմ պայքարի շրջանային վարչություններ և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային վարչություն: Մաֆիան ևս սկսեց հասկանալ, որ Ֆալկոնեն Հռոմում նույնիսկ ավելի վտանգավոր է, քան Պալերմոյում։
Գերագույն դատարանի կողմից ուժի մեջ թողնված դատավճիռները հարված էին մաֆիայի հեղինակությանը։ Ռիինայի գլխավորած Մաֆիայի խորհուրդը նախ հավանություն տվեց Սալվատորե Լիմայի սպանությանը՝ համարելով որ նա ու վարչապետ Ջուլիո Անդրեոտին մաֆիային օժանդակելու իրենց պարտավորությունները չէին կատարել: Լիման գնդակահարվեց 1992 թվականի մարտի 12-ին։
Սալվատորե Լիմա և Ջուլիո Անդրեոտտի
Ֆալկոնեի սպանության որոշումը կայացվեց 1991 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, երբ Ռիինան հասկացավ, որ իրենց ցմահ ազատազրկման դատավճիռները հերթով հաստատվում են Գերագույն դատարանում: Ֆալկոնեի սպանության որոշումը կայացվել է սիցիլիական մաֆիայի հանձնաժողովի նիստերում և կազմակերպվել է Սալվատորե Ռիինայի կողմից, իսկ կատարումը հանձնարարվել է Ջիովաննի Բրուսկային: Ռիինան ցանկանում էր, որ սպանությունը կատարվեր Սիցիլիայում՝ որպես մաֆիայի հզորության ցուցադրում: Նա հրամայեց, որ հարձակումը կատարվի օդանավակայանից Պալերմո տանող A29 մեծ մայրուղու վրա, երբ Ֆալկոնեն հերթական անգամ պետք է տուն վերադառնար:
1992 թվականի ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում մաֆիայի անդամներ Սալվատորե Բյոնդինոն, Ռաֆֆայելե Գանչին և Սալվատորե Կանսեմին ստուգումներ էին անցկացրել Կապաչի շրջանի A29 մայրուղու վրա՝ հարձակումը կատարելու հարմար վայր գտնելու համար: Նույն ժամանակահատվածում Ջիովաննի Բրուսկայի, Անտոնինո Ջոեի, Ջոակինո Լա Բարբերայի, Պիետրո Ռամպուլլայի, Սանտինո Դի Մատեոյի, Լեոլուկա Բագարելլայի և այլոց մասնակցությամբ տեղի ունեցան կազմակերպչական հանդիպումներ, որոնք վերաբերում էին պայթյուցիկ միջոցների ձեռքբերմանը, դրանք տեղադրելուն, Ֆալկենոեին հետևելուն ու պայթյունի կազմակերպման այլ հարցերի: Նյու Յորքի մաֆիայի ազդեցիկ Գամբինո ընտանիքի ղեկավար Ջոն Գոթին պայթուցիկ նյութերի փորձագետ է ուղարկել Սիցիլիա՝ խմբի անդամներին օգնելու համար: Ջիովաննի Բրուսկան խմբի մյուս անդամների հետ բազմիցս փորձարկել են պայթեցման համար ձեռք բերված էլեկտրական սարքերի աշխատանքը, հարմարեցրել ու կահավորել տեղանքը, կտրել ծառերի ճյուղերը, որոնք ծածկում էին մայրուղու տեսարանը:
1992 թվականի մայիսի 8-ի երեկոյան մաֆիայի զինվորները մայրուղու տակ գտնվող ջրահեռացման թունելում տեղադրեցին մոտ 400 կիլոգրամ պայթուցիկ նյութով լցված 13 տակառ և սկսեցին սպասել հարմար պահի՝ պայթյունն իրագործելու համար: Նրանք նաև մարդկանց էին առանձնացրել՝ Ֆալկոնեին ու նրան սպասարկող ավտոմեքենաների շարժին հետևելու համար:
Մայիսի 23-ին տեղեկություն ստացվեց, որ Ջիովաննի Ֆալկոնեն վերադառնում է Պալերմո: Երբ Ֆալկոնեն կնոջ հետ վայրեջք կատարեց օդանավակայանում, հերթական խումբը, որը պետք է հետևեր նրանց ու տեղեկություն փոխանցեր մայրուղու մոտ դարանակալած խմբի անդամներին, նրանց արդեն սպասում էր: Ըստ հետագայում Սանտինո Դի Մատտեոյի հայտնած տվյալների՝ երբ Ֆալկոնեն ու նրա թիկնապահները գրեթե մոտենում էին այն վայրին որտեղ տեղադրված էին պայթուցիկ նյութերը, Ջոակինո Լա Բարբերան Ջիովաննի Բրուսկային հեռախոսակապով հայտնել է այդ մասին, իսկ Բրուսկան ճիշտ պահին հեռակառավարման վահանակի կոճակին սեղմելու միջոցով պայթեցրել է երկու ավտոմեքենաները: Պայթյունի առաջին ալիքը, որն այնքան ուժգին էր եղել, որ գրանցվել էր տեղի սեյսմոմետրերի կողմից, հարվածել էր Ֆալկոնեին առջևից ուղեկցող թիկնապահական ավտոմեքենային ու շպրտել ճանապարհից դուրս, իսկ Ֆալկոնեի ավտոմեքենան պայթյունի ալիքից բացի նաև բախվել էր բետոնե պատերին և Ֆալկոնեն ու նրա կինը հարվածի հետևանքով դուրս էին նետվել ավտոմենքենայից:
Այս ամենի հետևանքով՝ Ջիովաննի Ֆալկոնեն, նրա կինը՝ Ֆրանչեսկա Մորվիլլոն, թիկնապահներ Անտոնիո Մոնտինարոն, Վիտո Շիֆանին և Ռոկո Դիսիլյոն տեղում մահացան:
Վայրը, որտեղից պայթեցվել է Ֆալկոնեի մեքենան
Ջիովաննի Ֆալկոնեի մահը ցնցել էր Պալերմոն: Նրա մահը սգում էին գրեթե բոլորը: Հազարավոր մարդիկ հավաքվել էին Սուրբ Դոմինիկ եկեղեցում՝ մասնակցելու Ֆալկոնեի հուղարկավորությանը, որն ուղիղ հեռարձակվում էր ազգային հեռուստատեսությամբ: Բոլոր կանոնավոր հեռուստածրագրերը դադարեցվել էին, Խորհրդարանն այդ օրը հայտարարել էր սգո օր: Իսկ ահա մաֆիայի համար այդ օրը տոն էր: Մաֆիայի անդամ Սալվատորե Կանսեմին հետագայում պետք է պատմեր, որ Ֆալկոնեի սպանության օրը Սալվատորե Ռիինան խնջույք է կազմակերպել ու նշել իրադարձությունը:
Ջիովաննի Ֆալկոնեն մաֆիայի դեմ պայքարում միայնակ չէր: Մեծ դատավարությունում նրա հիմնական գործընկերը նրա ամենամտերիմ ընկեր Պաոլո Բորսելլինոն էր: Ֆալկոնեի հուղարկավորության օրը, մամուլի ուշադրության կենտրոնում հենց Բորսելլինոյի տխուր, բայց չընկճված հայացքն էր: Բայց Կապաչիի պայթյունը Տոտո Ռիինայի միակ որոշումը չէր, նա մշակած պլաններ ուներ նաև Պաոլո Բորսելլինոյի վերաբերյալ:
Կապաչիի պայթյունից 57 օր անց՝ 1992 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 16:58-ին, Պալերմոյի Ամելիո փողոցում/via d’Amelio հնչեց ևս մեկ հզոր պայթյուն: Սպանվել էր Մեծ դատավարության մյուս դատախազ Պաոլո Բորսելլինոն՝ ոստիկաններ Ագոստինո Կատալանոյի, Վալտեր Կոսինայի, Էմանուելա Լոիի, Վինչենցո լի Մուլիի և Կլաուդիո Տրաինայի հետ միասին: Պաոլո Բորսելիոնոն այդ փողոց էր եկել տեսակցելու մորը: Նրա ավտոմեքենայի մոտ պայթեցվել էր մոտ 100 կիլոգրամ տրոտիլ պարունակող ռումբով պատված Fiat 126-ավտոմեքենան, որը նախօրոք առևանգել էր մաֆիայի անդամ Գասպարե Սպատուցցան:
Պաոլո Բորսելլինոն և ոստիկանները
Պաոլո Բորսելլինոյի սպանությունը
Պաոլո Բորսելլինոյի սպանությունը լցրեց պալերմացիների համբերության բաժակն ու պատճառ դարձավ բողոքի հզոր միջոցառումների: Հենց սպանության գիշերը ցուցարարները շրջափակեցին Պալերմոյի պրեֆեկտուրան, բողոքի ակցիայի վերածվեց նաև Բորսելլինոյի հուղարկավորության արարողությունը: Ցուցարարների գործողությունների հետևանքով ազգային ոստիկանության ղեկավար Արտուրո Փարիզին վիրավորվեց, իսկ մի քանի օր անց տեղական ոստիկանության հրամանատարը, Պալերմոյի պրեֆեկտը և գլխավոր դատախազը հրաժարական տվեցին: Բողոքի ակցիաները մեղմելու համար Սիցիլիա էին ժամանել ավելի քան 7000 զինվորներ:
Բոլորին էր պարզ, որ Ֆալկոնեի ու Բորսելլինոյի սպանությունները առանց որոշ պաշտոնյաների աջակցության տեղի ունենալ չէին կարող: Նախ Ֆալկոնեն ու Բորսելլինոն սկսել էին բացեիբաց խոսել մաֆիային փաստացի անդամակցող բարձրաստիճան պաշտոնյաների մասին: Բացի այդ, դատախազների սպանության որոշ հանգամանքներ հուշում էին, որ նրանց մասին տեղեկությունների արտահոսք կար: Այդպիսի հանգամանքերի մասին խոսել էր Պաոլո Բորսելլինոյի եղբայրը՝ Սալվատորե Բորսելլինոն իր մի նամակում, որտեղ սենատոր Մանչինոյին կոչ էր անում պատմել այն ամենը, ինչ գիտի:
Ֆալկոնեի և Բորսելլինոյի մահվանը հաջորդեց պետության ագրեսիան մաֆիայի դեմ և 1993 թվականի հունվարի 15-ին Սալվատորե Ռիինան ձերբակալվեց: 1993 թվականին մաֆիայի դեմ պայքարի կոմիտեին հաջողվեց գաղտնալսել Անտոնինո Ջոեի, Սանտինո Դի Մատտեոյի և Ջոակինո Լա Բարբերայի հեռախոսազրույցները Կապաչիում տեղի ունեցած պայթյունի մասին։ Ձերբակալությունից հետո Ջոեն ինքնասպան եղավ իր խցում, իսկ Դի Մատտեոն և Լա Բարբերան որոշեցին համագործակցել կառավարության հետ՝ բացահայտելով սպանությունների կազմակերպիչներին, կատարողներին ու դրանց այլ մանրամասները:
Ստիպելու համար Սանտինո Դի Մատեոյին հրաժարվել իր ցուցմունքներից՝ Ջիովաննի Բրուսկան, Լեոլուկա Բագարելլան, Ջուզեպպե Գրավիանոն և Մատեո Մեսինա Դենարոն առևանգեցին նրա որդուն՝ 12 ամյա Ջուզեպպե Դի Մատեոյին: Չհասնելով իրենց նպատակին՝ պատանդառության 779-րդ օրը նրանք դաժանորեն խեղդեցին Ջուզեպպե Դի Մատեոյին և նրա մարմինը քայքայեցին ծծմբական թվվի լուծույթի մեջ:
Ջիովաննի Ֆալկոնեի և Պաոլո Բորսելլինոյի, ապա նաև Ջուզեպպե Դի Մատեոյի սպանության համար մի քանի տասնյակ անձինք դատապարտվել են ցմահ ազատազրկման: Ընդ որում՝ դատապարտումներն սկսվել են 1997 թվականից ու շարունակվել մինչև 2020 թվականը, երբ ցմահ ազատազրկման դատապարտվեց Մատտեո Մեսսինա Դենարոն՝ մեր օրերի սիցիլիական մաֆիայի պարագլուխը:
Ջովաննի Ֆալկոնեն և Պաոլո Բորսելլինոն Իտալիայում մաֆիայի դեմ պայքարի խորհրդանիշն են, խիզախության ու սկզբունքայնության օրինակներ: Նրանց սպանության վայրերը, որտեղ հուշարձաններ են տեղադրված, վեր են ածվել սրբավայրերի, իսկ Պալերմոյի օդանավակայանը, որը Պալերմո քաղաքի հետ կապվում է նույն Կապաչիի A29 մայրուղով, կոչվել է Ջիովաննի Ֆալկոնեի ու Պաոլո Բորսելլինոյի անուններով:
Հուշարձան Ֆալկոնեի հիշատակին
Պաոլո Բորսելլինոյի հուշարձան ծառը
Շարունակելի․․․
Մաս 1․ Քրեական ենթամշակույթ: Ինչո՞ւ գոյություն ունեն մաֆիաները
Մաս 2․ Ինչպես փոխվեց խորհրդային գողական աշխարհը
Մաս 3․ Սիցիլիական Կոզա Նոստրան՝ ինչպես կա (լուսանկարներ)
Մաս 4․ Սիցիլիական մաֆիայի հոգեվարքն ու վերածնունդը
Մաս 5․ Առաջին պատերազմը Կոզա Նոստրայում (լուսանկարներ)