Հետևեք մեզ։

Կոզա Նոստրան Ռիինայից հետո և մեր օրերում

18:01, 15 մայիս 2023
Կոզա Նոստրան Ռիինայից հետո և մեր օրերում

Մաֆիայի մեծ պատերազմը, դրա ընթացքում և դրանից հետո պետության հետ դաժան առճակատումը շատ բան փոխեցին Սիցիլիայի քրեական միջավայրում։ Չնայած Կորլեոնե կլանի ուժը ցուցադրող իրադարձություններին՝ մաֆիան իրականում ընդհանուր առմամբ կորցրեց իր երբեմնի հզորությունը և դա մի քանի պատճառով էր։

 

Նախ, բոլոր հակադիր կլաններին, ապա նաև համախոհներին վերացնելն ու քրեական միջավայրում փաստացի մենակ մնալը հանգեցրեց նրան, որ երբեմնի մաֆիան իր համակարգային կառուցվածքով գոյություն չուներ: Կորլեոնցիները վերացրեցին մաֆիայի շատ կարևոր ներկայացուցիչների, ովքեր ավանդականություն էին պահպանում Կոզա Նոստրայում, ու այն վերածեցին ոչնչի առաջ կանգ չառնող գանգստերական ու ահաբեկչական կազմակերպության։ Չկար այլևս  մաֆիայի հզորությունը, որը ձևավորվում էր հենց մաֆիայի ներսում հակակշիռներից և պետությանը, բնական է, շատ ավելի հեշտ էր «յոթգլխանիի» փոխարեն խեղդամահ անել «մեկգլխանի հրեշին»։

 

Բայց Կոզա Նոստրայի ու կորլեոնցիների համար կործանարար եղավ մանավանդ պետության դեմ պատերազմը։ Թեև քաղաքական կապերի ու պետության ազդեցիկ ներկայացուցիչներից ունեցած իրենց հովանավորչության պայմաններում դժվար է ասել, որ ոստիկաններին, դատախազներին ու դատավորներին սպանելը իշխանության դեմ էր, քանի որ փաստորեն իշխանությունը մաֆիայի գոյությանն այդ փուլում ոչ միայն դեմ չէր, այլ նաև ոմանք ամեն ինչ անում էին մաֆիայի դեմ կռվում մինչև վերջ գնացողներին չեզոքացնելու, մաֆիայի դեմ կոմիտեից հեռացնելու համար, բայց քաղաքական ղեկավարությունը ևս հասկանում էր, որ մաֆիայի ու պետության հարաբերություններում ոչինչ առաջվանը չէ։ Պետությունն այլևս ոչ թե համագործակցում էր մաֆիայի հետ կամ մաֆիային օգտագործում քաղաքական նպատակներով, այլ գերի էր դարձել մաֆիայի ձեռքին: Պետական բարձրաստիճան պաշտոնյաները մաֆիայից ուղիղ պահանջներ էին ստանում ու կատարում՝ վախենալով հաշվեհարդարից կամ նախկինում ունեցած կապերի բացահայտումից։

 

Եթե ավելի պարզ խոսենք, ապա ինչ-որ օգուտի դիմաց մաֆիայի ներսում սպանությունները մաֆիային ներող իշխանությունները մանավանդ 80 ականների սպանություններից հասկացան, որ մաֆիայի պարագլուխներին չհովանավորելը սպառնում է նաև իրենց կյանքին։ Սա շատ լավ արտահայտվեց Պալերմոյի նախկին քաղաքապետ, դեռ 1950 ական թվականներից մաֆիային անձամբ հովանավորած, Իտալիայի բարձրագույն իշխանության հետ մաֆիայի շփումների միջնորդ հանդիսացած Սալվատորե Լիմայի սպանության ժամանակ: Լիման սպանվեց, քանի որ մաֆիան նրանից չստացավ ակնկալիքը՝ ցմահ ազատազրկում ենթադրող դատավճիռները չվերացվեցին: Դրա վկայությունը նաև հենց դատավարությունների ժամանակ մաֆիոզների պահվածքներն էին: Օրինակ, Լեոլուկա Բագարելլան դատավարություններում և հետագա դիմումներում սպառնալիքներ էր հնչեցրել կառավարության հասցեին՝ քաղաքական ուժերին մեղադրելով մաֆիայի հետ համագործակցության կանոնների խախտման համար։

 

Եվ մյուս կողմից, 80-ականների իրադարձությունները Սիցիլիայում լուրջ դժգոհություններ էին առաջացրել: Կոզա Նոստրան դադարել էր պահպանել իր գոյության նախկին պատճառը, որի մասին 20-րդ դարի սկզբին խոսում էին ավանդական մաֆիայի ներկայացուցիչները: Մաֆիան այլևս ոչ թե կարգավորում էր հարցեր, որոնք պետությունը չէր կարողանում կարգավորել ու դրանով ազդեցություն պահպանում հասարակությունում, այլ փաստացի դուրս էր եկել նաև հասարակության դեմ, որը մաֆիայից միայն կեղեքում ու թմրավաճառություն էր տեսնում: Հասարակությունը հոգնել էր Պալերմոյի փողոցներում կրակոցներից ու ահաբեկչություններից, որոնց արդյունքում շատ անմեղ ու մաֆիայի հետ չկապված մարդիկ էին զոհվում, հասարակությունն այլևս չէր կարող տանել պատանիների սպանությունները։

 

Մաֆիայի դեմ պայքարող դատախազների ու ոստիկանների յուրաքաչնյուր սպանությունից հետո մարդիկ անպատվում ու ստորացնում էին իշխանություններին, իշխանություններն արգելում էին մաֆիոզների հոգեհանգստի կարգը՝ վախենալով ժողովրդի արձագանքից։ Մաֆիայի անդամները մինչ օրս փողոցներում ձերբակալվում են մարդկանց ծափահարությունների ներքո, իսկ նրանց կողմից սպանված ոստիկանները, լրագրողներն ու դատախազները հակառակը՝ հերոսացվում են: Եվ սա կարելի է ասել Սալվատորե Ռիինայի սխալների ամենալուրջ հետևանքն էր։

 

Բայց պարզվում է՝ մաֆիան պատուհաս էր դարձել նաև դրա անդամների գլխին։ 1993-ին, դատավարության ժամանակ, երբ մաֆիայի անդամ Սալվատորե Կանսեմին խոստովանել է, որ անձամբ է խեղդամահ արել այդ ժամանակ արդեն համագործակցող վկա Տոմազզո Բուշետտայի որդիներին, վերջինս գրկել է նրան և հայտարարել, որ ներում է նրան, քանի որ գիտի, թե ինչ է նշանակում լինել Կոզա Նոստրայի անդամ։

 

Հակառակորդներին ու կողմնակիցների մեծ մասին, համենայն դեպս՝ ամենաազդեցիկներին, վերացնելու հետևանքով Սալվատորե Ռիինայի ձերբակալությունից հետո գրեթե չկային այնպիսիք, որոնք կկարողանային վերակազմակերպել մաֆիան, քանի որ դատապարտվածների պատժի ռեժիմը նրանց թույլ չէր տալիս մասնակցել մաֆիայի կյանքին։

 

1990-ականներին մաֆիան անհամեմատ հանգիստ էր, քանի որ նախորդ իրադարձությունների վերաբերյալ դատավարությունները դեռ չէին ավարտվել, ցմահ ազատազրկման դատապարտված մաֆիոզների վրա նոր գործեր էին բացվում՝ ավելացնելով նրանց ցմահ ազատազրկումների քանակը։ 1990-ականների վերջին Կոզա Նոստրան ստիպված էր թմրաբիզնեսի զգալի մասը փոխանցել Նդրանգետային և 2006 թվականին արդեն Եվրոպա ներկրվող կոկաինի 80 տոկոսը վերահսկում էր Նդրանգետան։

 

Ռիինայի ձերբակալությունից հետո դեռ ազատության մեջ գտնվող Բերնարդո Պրովենցանոն փաստացի ստանձնել էր մաֆիայի ղեկավարումը, բայց դեռևս ողջ Սալվատորե Ռիինայի հեղինակությունը մաֆիայում շատ ավելի մեծ էր, և բացի այդ, հեռակա կարգով ցմահ ազատազրկման դատապարտվելուց հետո հետախուզման մեջ գտնվելով՝ նրան դժվար էր ղեկավարել մաֆիան, որը նորից սկսել էր ակտիվանալ 2000 ական թվականներին։

 

Կորլեոնցիների ձերբակալությունից հետո սկսեցին շրջանառվել մաֆիայի հավանական ղեկավարների տարբեր անուններ: Խոսվում էր Սալվատորե Լո Պիկոլոյի, Ջաննի Նիկիի, Տոտո Ռիինայի որդու՝ Սալվիո Ռիինայի, Անտոնինո Ռոտոլոյի, Բենեդետտո Կապիցիի, Մատտեո Մեսսինա Դենարոյի, Անտոնինո Ջուֆֆրեի հավանական ղեկավարման մասին։ Բերնարդո Պրովենցանոյի բնակարանում հայտնաբերված փաստաթղթերը վկայում են, որ վերջինս մաֆիայի ղեկավարի դերում տեսել է կամ Սալվատորե Լո Պիկոլոյին կամ Անտոնինո Ռոտոլոյին։

 

2002 թվականին մաֆիայի անդամները հավաքվեցին՝ որոշելու Կոզա Նոստրայի նոր ղեկավարին, հավաքը, սակայն, տապալվեց։ Մաֆիայում անհամաձայնություններ կային ոչ միայն այս հարցում, այլև առանձին մանդամենտոներում ղեկավարներին որոշելիս։ 2002 թվականի հուլիսի 14-ին մաֆիայի պարագլուխները կրկին հավաքվեցին Ագրիջենտոյում՝ այդ պրովինցիայի մաֆիայի ղեկավարին որոշելու համար: Բերնարդո Պրովենցանոն հովանավորում էր Ջուզեպպե Ֆալսոնեին, իսկ Մաուրիցիո Դի Գատին՝ Անտոնինո Ջուֆրեին: Ոստիկանությունը, սակայն, տապալեց նաև այս հավաքը:

 

2006 թվականին փորձ արվեց վերականգնել մաֆիայի հանձնաժողովը,  բայց ոստիկանությանը հաջողվել էր գաղտնալսել մաֆիայի անդամներից Գաետանո Լո Պրեստիին, և պլանավորած «Գոտա» օպերացիայի արդյունքում հավաքը տապալվեց: Ոստիկանությունը համարում է, որ այդ հավաքը չեզոքացնելով՝ կանխել է արյունահեղությունը, որը տեղի էր ունենալու առկա անհամաձայնությունների պատճառով:

 

Մաֆիայի հանձնաժողովն ստեղծվեց 2007 թվականին ու գործեց մեկ տարի՝ Սալվատորե Լո Պիկոլոյի ու Բենեդետտո Կապիցցի գլխավորությամբ, մինչև նրանց ձերբակալությունը: Այս ժամանակահատվածում մաֆիայի ներսում կոնֆլիկտներ ևս կային։ Դրանից մեկն առաջացավ, երբ Սալվատորե Լո Պիկոլոն որոշեց թույլատրել կորլեոնցիների կողմից Սիցիլիայից վռնդված Ինցերիլլոների վերադարձը, ինչին Անտոնինո Ռոտոլոն համաձայն չէր։ Կոնֆլիկտն այնքան սրվեց, որ բանը հասավ սպանություններին։

 

2006 թ. սպանվեց մաֆիայի անդամ, 63 ամյա Ջուզեպպե Նատալեն, նույն թվականին առևանգվեց և սպանվեց Պալերմոյի Սֆերակավալլո շրջանի մաֆիայի բոսս 72 ամյա Բարտոլոմեո Սպատոլան, քանի որ, ըստ մամուլի, վերջինս պաշտպանել էր Նինո Ռոտոլլոյի մտադրությունը՝ սպանելու Սալվատորե Լո Պիկոլոյին ու նրա որդուն: 2007 թվականին ոստիկանությունը Պալերմոյի սահմաններից դուրս՝ գյուղերից մեկում գործադրման համար պատրաստված մեծաքանակ զենքեր հայտնաբերեց: Նույն թվականի հունիսին երկու մարդասպան սպանեցին Անտոնինո Ռոտոլոյի մտերիմ, Պալերմոյի մաֆիայի պարագլուխներից Նիկոլա Ինգարաոյին:

 

Իտալիայի ներքին հետախուզության ծառայությունը արձանագրել էր ու ուժային մյուս կառույցներին զգուշացրել, որ սպանությունները խոսում են մաֆիայի վերակազմակերպման ու հնարավոր է նոր պատերազմի մասին, իսկ Սենատում ոստիկանության պետի զեկույցում նշվել էր, որ բռնությունները կապված են Ինցերիլլո ընտանիքի՝ Սիցիլիայից հեռացված անդամների վերադարձի հետ:

 

2007թվականի նոյեմբերին Լո Պիկկոլոն և նրա որդին ձերբակալվեցին:

 

Այս շրջանում մաֆիան ջանում էր կապեր ստեղծել նաև իշխանության հետ ու նորից մտնել քաղաքականություն։ Ըստ համագործակցող վկաների՝ Գրավիանո եղբայրները, բիզնեսմեն Ջաննի Լետտայի միջոցով, կապեր են հաստատել Սիլվիո Բերլուսկոնիի հետ՝ փորձելով հասնել ցմահ ազատազրկման դատավճիռների վենայման, բայց կապն ընդհատվել է 2002-ին, քանի որ մաֆիան իր նպատակին չի հասել: Բայց այդ հարցում մաֆիան հաջողություններ ևս ուներ: 2006 թվականին Սիցիլիայի նախագահի ընտրությունները, որում գործող նախագահ Սալվատորե Կաֆֆարոն հաղթեց Պաոլո Բորսելլինոյի քրոջը՝ Ռիտա Բորսելլինոյին, տեղի ունեցավ մաֆիայի իսկ ավելի կոնկրետ՝ Նինո Ռոտոլոյի միջամտության ներքո: Ավելի ուշ՝ 2011 թվականին Սալվատորե Կաֆֆարոն դատապարտվեց հենց մաֆիայի հետ կապերի համար:

 

Նոր Ժամանակներում իտալական իշխանությունների վերաբերմունքը մաֆիայի հանդեպ ակնհայտորեն այլ է: Դրա ապացույցն այն է, որ մինչ օրս մաֆիայի անդամներ են ձերբակալվում մինչև 40 տարի առաջ կատարված հանցագործությունների համար: Իտալիայի իշխանություններն ամեն ինչ անում են մաֆիան հզորացնելու փորձեր անող դրա անդամներին վերահսկողության տակ պահելու, հնարավոր հավաքները խափանելու համար: Ժամանակակից Սիցիլիայում անհանդուրժող են նաև մաֆիայի հետ իշխանությունների կապերի հանդեպ:

 

 

Ջիովաննի Բրուսկայի ձերբակալությունը

 

2017-ի հոկտեմբերին մաֆիային մասնակցելու մեղադրանքով Սիցիլիայում ձերբակալվեց 37 մարդ, այդ թվում երկու ոստիկան, բռնագրավվեց 11 միլիոն եվրո:

 

2018 թվականի հունվարի 22-ին նույն պատճառով Կալտանիսսետեում, Պալերմոյում, Էննայում, Ռագուզայում, Ագրիջենտոյում և Կատանիայում ձերբակալվեց 58 մարդ, այդ թվում՝ Սան Բիաջո Պլատանիի քաղաքապետ Սանտինո Սաբելլան՝ ընտրությունների ժամանակ մաֆիայի անդամների հետ համագործակցության համար:

 

2018-ի փետրվարի 1-ին «Խաղն ավարտված է» ոստիկանական միջոցառման արդյունքում Պալերմոյի հանցավոր կլանի հետ կապված 31 մարդ ձերբակալվեց և մեղադրվեց փողերի լվացման, խարդախության և թմրանյութերի վաճառքի մեջ: Ձերբակալվածներից Բենեդետտո Բաքին, ինչպես պարզվել էր, վերահսկում էր ավելի քան 700 բուքմեյքերական գրասենյակներ ամբողջ Իտալիայում և ամսական վաստակում էր մոտավորապես 1 միլիոն եվրո՝ օգտագործելով Մալթայում լիցենզավորված առցանց խաղային օպերատորը:

 

Չնայած պետության ագրեսիվ ու հետևողական վերաբերմունքին, մաֆիան 2018 թվականի մայիսին նոր հանձնաժողով էր ձևավորել Սետտիմո Մինեոյի գլխավորությամբ: Բայց ամիսներ անց՝ 2018 դեկտեմբերի 4-ին Սետտիմո Մինեոն ձերբակալվեց հենց մաֆիայի պարագլուխը հանդիսանալու մեղադրանքով: 

 

Ձերբակալված Սետտիմո Մինեոն

 

Ընդամենը վերջերս՝ 2023 թվականի հունվարի 16-ին Պալերմոյի հիվանդանոցներից մեկում ձերբակալվեց Կոզա Նոստրայի նոր պարագլուխ Մատտեո Մեսսինա Դենարոն, իսկ ապա նրա քույրը: 

 

Ձերբակալված Դենարոն

 

2023 թվականի փետրվարին Ֆրանսիայի Սենտ Էտյեն քաղաքում ձերբակալվեց մաֆիայի անդամ 63 ամյա Էդգարո Գրեկոն, ով 16 տարի շարունակ գտնվում էր հետախուզման մեջ՝ Ստեֆանո և Ջուզեպպե Բարտոլոմեո եղբայրների սպանության համար:

 

 Էդգարո Գրեկո

 

 

Մաս 1․ Քրեական ենթամշակույթ: Ինչո՞ւ գոյություն ունեն մաֆիաները

Մաս 2․ Ինչպես փոխվեց խորհրդային գողական աշխարհը

Մաս 3․ Սիցիլիական Կոզա Նոստրան՝ ինչպես կա (լուսանկարներ)

Մաս 4․ Սիցիլիական մաֆիայի հոգեվարքն ու վերածնունդը

Մաս 5․ Առաջին պատերազմը Կոզա Նոստրայում (լուսանկարներ)