Իտալական մաֆիայի ամենահռչակավոր ու հայտնի խմբավորումը եղել ու մնում է Կոզա Նոստրան: Այն ճանաչված է ամբողջ աշխարհում այնքան, որ այդ անվան տակ հասկացվում է իտալական մաֆիան ամբողջությամբ: Կոզա Նոստրան իտալական մաֆիայում միակը չէ և չի եղել իհարկե, բայց թելադրողը՝ միշտ է եղել և դա ամենևին ոչ պատահական: Նախ, ընդհանրապես մաֆիայի ծագումնաբանության ուսումնասիրությունը ցանկացած հետազոտողի հասցնում է Սիցիլիա՝ հենց Կոզա Նոստրայի հայրենիք, ինչը հիմքեր տալիս է ասելու, որ Կոզա Նոստրան մաֆիայի առաջին դրսևորումն է: Ավելին, Կոզա Նոստրայից է ճյուղավորվել նաև իտալո-ամերիկյան մաֆիան՝ ըստ էության իտալական 5 խոշոր ընտանիքներով: Բայց, այստեղ ևս մի ոչ պատահական հանգամանք կա՝ մաֆիայի օմերտայի հիմքում ընկած 10 պատվիրանները վերագրվում են հենց Կոզա Նոստրային, այսինքն՝ մաֆիայի կանոնները ևս Կոզա Նոստրայում են ձևավորվել: Եվ վերջապես, Կոզա Նոստրան ամենահայտնին է՝ պատմության մեջ ամենահզորը լինելու պատճառով: Մաֆիայի պատմության մեջ տեղի ունեցած խոշորագույն իրադարձությունների, այդ թվում՝ մաֆիայում պատերազմների ու պետության հետ պատերազմների, ինչպես նաև պետական գործիչների հետ սկանդալային կապերի ու համագործակցությունների կենտրոնում հենց Կոզա Նոստրան էր:
Կոզա Նոստրայում կլանների թիվն ու կառուցվածքը պատմության ընթացքում փոփոխվել է, բայց ի վերջո դրա կառուցվածքում հաշվվում են 29 մանդամենտոներում միավորված 94 ընտանիքներ՝ cosca-ներ: Կային կլաններ, որոնք իրենց հզորության արդյունքում ոչ մի այլ կլանի հետ մանդամենտոյում միավորված չէին: Կոզա Նոստրայում ամենահզորներն ու ավելի հայտնիները Կորլեոնե, Լա Բարբերա, Բոնտադե, Չինիսի, Գրեկո, Ինցերիլլո ընտանքիներն են: Իսկ Կոզա Նոստրայի ամենահեղինակավոր ներկայացոցիչները նրանք են.
Ֆրանչեսկո Կուչչիա/Francesco Cuccia (Դոն Չիչչիո/Don Cicco, նաև` «Արյունարբու Կուչչիա»/Cuccia il sanguinario)
Ֆրանչեսկո Կուչչիայից լուսանկար չի պահպանվել։
(1876–1957)
Իտալական մաֆիայի պարագլուխներից մեկը և միաժամանակ Պյանա Դեի Գրեչիի քաղաքապետը: Ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքականությանը, պայքարել սոցիալիստական գյուղացիական շարժման դեմ: Թագավոր Վիտտորիո Էմանուելե 3-րդի կողմից պարգևատրվել է (Croce di Cavalieri della Corona d’Italia)-ով:
Ներկայացվում է որպես ընդգծված ինքնահավան, առավել հայտնի է որպես մաֆիայի ղեկավար, որը սադրել է Բենիտո Մուսսոլինիի պատերազմը մաֆիայի դեմ՝ Սիցիլիա վերջինիս այցի ժամանակ անարգելով նրան: Համարվում է 1947թ. մայիսի 1-ին՝ աշխատավորների օրվա տոնակատարության ժամանակ կատարված և 11 մարդու կյանք խլած «Պորտելլա Դելլա Ջինեստրայի սպանդի» կազմակերպիչներից մեկը:
Կալոջերո Վիցցինի/Calogero Vizzini (Դոն Կալո/Don Calo)
(1877- 1954)
Սիցիլիայի Կալտանիսսետտա մունիցիպալիտետի Վիլալբա համայնքի մաֆիայի ղեկավարը: Համարվում է հետպատերազմական Սիցիլիայի ամենաազդեցիկ մաֆիոզներից մեկը: Բնութագրվում է, որպես հին մաֆիայի ներկայացուցիչ՝ «պատվի մարդ»։ Նրա քրեական անցյալում հաշվվում է 39 սպանություն և 6 սպանության փորձ։
Կալոջերո Վիցցինին համարվում է ֆաշիտական բռնաճնշումներից հետո Կոզա Նոստրայի վերածննդի խորհրդանիշը: 1943 թվականին օժանդակել է ամերիկյան ուժերին Սիցիլիական կամ «Խասկի Օպերացիայի» ժամանակ և պատերազմից հետո նշանակվել Վիլալբայի քաղաքապետ, ունեցել ակտիվ քաղաքական կյանք, շփվել ժամանակի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի՝ նախարար Բերնարդո Մատարելլայի՝ Իտալիայի ներկայիս նախագահ Սերժիո
Մատարելլայի և Սիցիլիայի ինքնավար մարզի նախագահ, մաֆիայի կողմից սպանված Պյերսանտի Մատարելայի հոր հետ։ Սերտ կապեր է ունեցել իտալոամերիկյան մաֆիայի ամենահզոր ներկայացուցիչների հետ: Կալոջերո Վիցինիի մահվան լուրը հաղորդել է նաև The New York Times-ը, իսկ մահվան կապակցությամբ Վիլալբայում 7-օրյա սուգ է հայտարարվել:
Ջուզեպպե Ջենկո Ռուսսո/Giuseppe Genco Russo
(1893-1976)
Կալոջերո Վիցցինիի մտերիմն ու գաղափարակիցը, hին մաֆիայի ներկայացուցիչներից մեկը: Ֆաշիտական իշխանության ժամանակ ձերբակալվել է բազմաթիվ անգամներ, բայց մեղսագրված բոլոր հանցանքների համար արդարացվել է:
Օժանդակել է հակաֆաշիստական ուժերին և հետպատերազմական տարիներին, նշանակվել է Կալտանիսսետտա մունիցիպալիտետի Մուսսոմելի կոմունայի քաղաքապետ։ Ջուզեպպե Ջենկո Ռուսսոն ունեցել է ազդեցիկ քրեական ու քաղաքական կապեր, նրան հաճախ է կարելի եղել տեսնել բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կապեր է պահպանել Բերնարդո Մատարելայի հետ։ Մասնակցել է Պալերմոյում ամերիկյան մաֆիայի ներկայացուցիչների հետ 1957 թվականին կազմակերպված «Հերոինի նստաշրջանին», մտերիմ է եղել ամերիկյան մաֆիայի անդամների, հատկապես՝ Սանտո Զորգեի հետ:
Չեզարե Մանզելլա/Cesare Manzella
(1897-1963)
Կոզա Նոստրայի ավանդական մաֆիոզներից, Չինիսի շրջանի մաֆիայի ղեկավարը։ Զբաղվել է մաքսանենությամբ։ Բնութագրվել է, որպես ագրեսիվ և դաժան, բայց հայտնի է նաև բարեգործություններով։ Հանդիսացել է մաֆիայի առաջին հանձնաժողովի անդամ, կենտրոնական դերակատար է եղել «Հերինի նստաշրջանում» և դրանից հետո հերոինի փոխանցմանը Ամերիկա, որի կապակցությամբ էլ սկսվել է մաֆիայի առաջին պատերազմը։
Հանդիսացել է անտիմաֆիայի ակտիվիստ և մաֆիայի կողմից հետագայում սպանված Ջուզեպպե Իմպաստատոյի քեռին։
Անտոնիո/Նինո Կոտտոնե/Antonio/Nino Cottone («U Patre Nostru»/«Մեր երկնային Հայր»)
Անտոնիո/Նինո Կոտտոնեից լուսանկար չի պահպանվել
(1904 - 1956)
Կոզա Նոստրայի Կոտոննե ավանդական կլանի ամենահզոր ներկայացուցիչներից մեկն է՝ հայրենի Վիլլաբատե քաղաքի մաֆիայի պարագլուխը, իսկ հետպատերազմական ժամանակահատվածում նաև քաղաքապետը: Նինո Կոտտոնեն սերտ կապերի մեջ է եղել ամերիկյան հանցավոր կլանների հետ, հետևաբար նրան է վերագրվել և’ օժանդակություն «Խասկի օպերացիային» և’ մասնակցություն ամերիկյան մաֆիոզների հետ թմրամիջոցների վաճառքին։ Բացարձակ ազդեցություն է ունեցել Պալերմոյի գյուղմթերքի շուկայի վրա:
Խնամիական կապեր է ունեցել Գրեկո կլանի ներկայացուցիչների հետ՝ Սալվատորե Գրեկոն՝ «Սենատորը» հանդիսացել է Կոտտոնեի փեսան: Միջնորդ է հանդիսացել Չիակուլիի և Կրոսեվերդե Ջարդինիի ընտանիքների ողբերգական բախումների ժամանակ:
Սպանվել է 1956 թվականին տան շքամուտքում: Սպանության հանգամանքները պարզված չեն։
Միկելե Նավարրա/Michele Navarra
(1905-1958)
Սիցիլիայի Կորլեոնե քաղաքի մաֆիայի պարագլուխը` Կալոջերո Լո Բուէից հետո։ Մասնագիտությամբ բժիշկ է եղել, Կորլեոնեի հիվանդանոցի ղեկավարը։ Համարվում է Կորլեոնե կլանի ներկայացուցիչների հովանավորը նրանց երիտասարդ ժամանակ։ Դասվում է հին մաֆիոզների շարքը, բայց աչքի է ընկել ընդհանրապես Կորլեոնեի կլանին բնորոշ դաժանությամբ։ Կազմակերպել է սոցիալիստական գործիչ Պլաչիդո Ռիցցուտոյի սպանությունը, իսկ Լուչիանո Լեջջիոյի կողմից այն կատարելուց հետո, ներարկմամբ սպանել է հանցագործության 11 ամյա վկային։
Սպանվել է Լուչիանո Լեջջիոյի կազմակերպմամբ՝ Սալվատորե Ռիինայի և Բերնարդո Պրովենցանոյի կողմից 1958թ-ին։
Պյետրո Սկալյոնե/Pietro Scaglione
(1906 – 1971)
Պյետրո Սկալյոնեից լուսանկար չի պահպանվել
Պյետրո Սկալյոնեն եղել է Պալերմոյի գլխավոր դատախազը 1962 թվականից և պատասխանատու է եղել մաֆիայի առաջին պատերազմի ու Չիակուլիի սպանդի հետաքննության համար: Անմիջականորեն զբաղվել է Պորտելա Դելա Ջինեստրեի սպանդի, Մաուրո Դե Մուրոյի սպանության հետաքննությամբ:
Սպանվել է 1971 թվականի մայիսի 5-ին՝ կնոջ գերեզմանին հերթական այցելությունից վերադառնալիս՝ վարորդի հետ: Պյետրո Սկալյոնեի սպանությունը բացահայտված չէ, թեև ըստ դատարաններում չապացուցված վարկածի՝ սպանվել է Լուչիանո Լեջջիոյի և Սալվատորե Ռիինայի կողմից:
Պյետրո Տորրետտա/Pietro Torretta
(1912-1975)
Պալերմոյի Ուդիտորե շրջանի կլանի մաֆիոզներից է՝ հավանաբար 20-ականների մաֆիայի ամենահեղինակավոր անդամներից Ֆրանչեսկո Տորրետայի որդին: Համարվում է հետպատերազմական Սիցիլիայում «Նոր մաֆիայի» հիմնադիրներից մեկը։
Ակտիվ մասնակցություն է ունեցել մաֆիայի առաջին պատերազմին՝ Տոմազզո Բուշետտայի հետ հանդես գալով Գրեկո ընտանիքի դեմ: Չիակուլիի սպանդի կազմակերպիչներից մեկն է։ Ձերբակալվել է 1964թ-ին սպանության մեղադրանքով և դատապարտվել 27 տարի ազատազրկման, որը վերաքննության արդյունքում փոխվել է և Տորեետտան արտաքսվել է Սիցիլիայից։ Մահացել է 1975-ին:
Ֆրանչեսկո Պաոլո Բոնտադե/Francesco Paolo Bontade (Դոն Պաոլինո Բոնտա/Don Paolino Bonta)
(1914-1974)
Սիցիլիական մաֆիայի լեգենդար ներկայացուցիչներից մեկն է, հետագայում ավելի հայտնի Ստեֆանո Բոնտադեի հայրը։ Համարվում է ավանդական մաֆիայի ներկայացուցիչ, մտերիմ է եղել Կալոջերո Վիցցինիի հետ։ Սերտ կապեր է ունեցել Սիցիլիայի քաղաքական ղեկավարության, մասնավորապես, Սիցիլիայի կառավարության ղեկավար Սալվիո Միլացցոյի և նախարար Բերնարդո Մատարելլայի հետ։
Մաֆիայի առաջին պատերազմից հետո արտաքսվել է Սիցիլիայից, իսկ 1968 թվականին դադարեցրել կլանի ղեկավարումը՝ այն հանձնելով որդուն։
Մահացել 1974թվականին Մեսսինայում։
Անտոնինո/Նենե Գերաչի/Antonino Nenè Geraci
(1917-2007)
Պալերմոյի Պարտինիկո շրջանի մաֆիայի ղեկավար։ Եղել է մաֆիայի հանձնաժողովի անդամ և Տոտտո Ռիինայի դաշնակիցներից մեկը։ Ցմահ ազատազրկման է դատապարտվել անտիմաֆիայի ներկայացուցիչների սպանությունների համար։ 2005 թվականին 88 տարեկանում ծանր հիվանդության հիմքով ազատվել է պատժից։
Մահացել է 2007թ-ին։