Չնայած, որ օմերտայի պահանջներից մեկը պետության հանդեպ բռնության, պաշտոնյաներին սպանելու արգելքն էր և դրա նպատակն այն էր, որ իշխանությունները չկենտրոնանան մաֆիայի վրա և ռեպրեսիաների չդիմեն, սակայն մաֆիայի պատմության մեջ պետության ներկայացուցիչների ու մաֆիային խոչընդոտող քաղաքական ու հասարակական դեմքերի սպանություններ շատ են հայտնի: 20-րդ դարի երկրորդ կեսին՝ նոր մաֆիայի ձևավորմանն ու մաֆիայում գանգստերական ձևերի տարածմանը զուգահեռ, երբ քաղաքական ու ոչ քաղաքական սպանությունները, բռնությունն ընդհանրապես շատացավ, այն թույլատրելու իրավասությունը վերապահվեց կարելի է ասել նաև այդ պատճառով ձևավորված մաֆիայի հանձնաժողովին։ Բայց դրանից հետո սպանությունները չդադարեցին, հակառակը շատացան, մանավանդ 1970 ականների վերջից մինչև 1993 թվականը, երբ մաֆիայում Մեծ պատերազմի ժամանակ բազմաթիվ սպանությունների շարքում վերջ էր տրվում մաֆիային խանգարող ցանկացածի կյանքին․
Էմանուելե Նոտարբարտոլո/Emanuele Notarbartolo
(1834-1893)
Ազնվական ծագումով Իտալացի բանկիր և Պալերմոյի քաղաքապետ: Կոզա Նոստրայի առաջին հայտնի զոհն է: Սպանվել է գնացքում Կոզա Նոստրայի անդամներ Մատտեո Ֆիլիպելլոյի և Ջուզեպպե Ֆոնտանայի կողմից հասցված դանակի հարվածքներից:
Պալերմոյի փողոցներից մեկն անվանված է Էմաննուելե Նոտրաբարտոլոյի անվամբ:
Պյետրո Սկալյոնե/Pietro Scaglione
(1906-1971)
Պյետրո Սկալյոնեն եղել է Պալերմոյի գլխավոր դատախազը 1962 թվականից և պատասխանատու է եղել մաֆիայի առաջին պատերազմի ու Չիակուլիի սպանդի հետաքննության համար: Անմիջականորեն զբաղվել է Պորտելա Դելա Ջինեստրեի սպանդի, Մաուրո Դե Մուրոյի սպանության հետաքննությամբ:
Սպանվել է 1971 թվականի մայիսի 5-ին՝ կնոջ գերեզմանին հերթական այցելությունից վերադառնալիս՝ վարորդի հետ: Պյետրո Սկալյոնեի սպանությունը բացահայտված չէ, թեև ըստ դատարաններում չապացուցված վարկածի՝ սպանվել է Լուչիանո Լեջջիոյի և Սալվատորե Ռիինայի կողմից:
Պլաչիդո Ռիցոտտո/Placido Rizzotto
(1914 -1948)
Սոցիալիստ, արհմիության ղեկավար, ակտիվ աշխատանքներ է տարել գյուղատնտեսական աշխատողների հետ, փորձելով օգնել նրանց վերցնել իշխանությունը: Անհետ Կորել է 1948 թվականին՝ 34 տարեկանում: Սպանությունը կատարվել է Միկելե Նավարայի հանձնարարությամբ և Լուչիանո Ջեջջիոյի կազմակերպմամբ: Պլաչիդո Ռիցոտտոյի մարմինը հայտնաբերվել է մահվանից 61 տարի անց՝ 2009 թվականի հուլիսի 7-ին Կորլեոնեի մոտակայքում գտնվող Ռոկկա Բուսամբրա լեռան ժայռակազմ գագաթին: Պլաչիդո Ռիցցոտոյի հոր արտաշիրմումից հետո գենետիկական տվյալների համեմատությամբ 2012 թվականին հաստատվել է որ հայտնաբերված մնացորդները Պլաչիդո Ռիցոտտոյինն են:
2012 թվականի մարտի 16-ին կատարվել է պաշտոնական հուղարկավորություն, որին մասնակցել է նաև Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն:
Գաետանո Կոստա/Gaetano Costa
(1916-1980)
Գաետանո կոստան եղել է Պալերմոյի դատախազը, բնութագրվել է որպես սկզբունքային, հավասարակշռված ու մասնագիտական պատրաստվածությամբ դատախազ, ով հետաքննությունների արդյունքում կարողացել է պարզել մաֆիայի գործունեության նրբությունները և հրապարակայնորեն հաստատել, որ մաֆիան թափանցել է պետական կառավարման բոլոր բնագավարռները՝ գնումների ոլորտից սկսած մինչև գործակալական ցանց:
Սպանվել է 1980 թվականին Պալերմոյում՝ իր բնակարանից քիչ հեռու՝ գրքի կրպակի մոտ: Գատեանո Կոստայի սպանությունն ամբողջությամբ բացահայտված չէ, բայց այն ըստ հիմնական վարկածի կազմակերպվել է Սալվատորե Ինցեիլլոյի կողմից, և դրա պատճառ է հանդիսացել այն, որ Կոստան անձամբ է ստորագրել մեծ թվով մաֆիոզների կալանավորման օրդերները: Գաետանո Կոստային տրամադրված են եղել բրոնապատ ավտոմեքենա և թիկնապահներ, բայց նա հրաժարվել է դրանցից, ըստ նրա տեղակալի՝ համարելով, որ թիկնապահների հետ շրջելը կվտանգի նրանց կյանքն իր պատճառով և որ ինքը «պարտք ունի տղամարդկություն ունենալ»:
Կառլո Ալբերտո Դալլա Կյեզա/Carlo Alberto dalla Chiesa
(1920 -1982)
Տեռորիզմի դեմ պայքարում հաջողությունների հասած Գեներալ Կառլո Արլբերտո Դալա Կյեզան 1982թ. նշանակվել է Պալերմոյի պրեֆեկտ՝ մաֆիայի երկրորդ պատերազմը դադարեցնելու համար:
Սպանվել է Պալերմոյում 1982 թվականի սեպտեմբերի 3-ին Սալվատորե Ռիինայի հրամանով՝ Պինո Գրեկոյի կողմից: Դալա Կյեզայի սպանության համար ցմահ ազատազրկման են դատապարտվել Կորլեոնե կլանի գրեթե բոլոր ղեկավարները:
Մաուրո Դե Մաուրո/Mauro De Mauro
(1921- 1970)
Իտալացի հետաքննող լրագրող, ծնվել է Ապուլիայում:
Մաուրո Դե Մաուրոն եղել է Բենիտո Մուսսոլինիի ռեժիմի կողմնակիցը, նրա իշխանության տապալումից հետո բնակվել է Իտալիայի տարբեր քաղաքներում, համագործակցել գերմանական և այլ ֆաշիստական շրջանակների հետ: 1948-ին վերադարձել է Սիցիլիա և կեղծանվամբ աշխատել տեղական թերթերում, իսկ 1959թ-ից՝ L'Ora կոմունիստական ուղղությամբ թերթում, որտեղ սկսել է հետաքննություն Սիցիլիական մաֆիայի և կոռումպացված իշխանությունների կապի, Պալերմոյի թալանի, շինարարական բումի ժամանակ կոռուպցիայի բացահայտման ուղղությամբ և արժանացել մրցանակի:
Մաուրո Դե Մաուրոն առաջինն է հրապարակել Կոզա Նոստրայի կառուցվածքի սխեման ու տվյալներ մաֆիայի գործունեության մասին՝ հայտնվելով մաֆիայի թիրախում:
Զբաղվել է նաև Իտալիայի պետական նավթագազային կոնգլոմերատի նախագահ Էնրիկո Մատտեիի սպանության հետաքննությամբ:
Անհետ կորել է 49 տարեկանում և մինչ օրս չի հայտնաբերվել:
Չեզարե Տերանովա/Cesare Terranova
(1921- 1979)
Չեզարե Տերանովան դատական համակարգում աշխատանքի է անցել 1946 թվականին, իսկ 1958-ին դարձել է Պալերմոյի դատարանին կից քննչական բաժնի ղեկավար: Մաֆիայի առաջին պատերազմին հաջորդած 114-ի դատավարության կենտրոնական դեմքերից մեկն է եղել: Չեզարե Տերաննովան առաջինն է բացահայտել Մաֆիայի կոմիտեի գույությունը, քննություն է իրականացնել նաև մաֆիայի քաղաքական կապերի ուղղությամբ, ապացուցել Լա Բարբերաա ընտանիքի ու Պալերմոյի քաղաքապետ Սալվատորե Լիմայի կապերը:
Չեզարե Տերանովան կենտրոնացած է եղել նաև Կորլեոնեի կլանի հանցագործությունների վրա: 1965 թվականին մեղադրանք է հարուցել 64 մաֆիոզների, այդ թվում՝ Լուչիանո Լեջջիոյի նկատմամբ՝ Պլաչիդո Ռիցցոտոյի և Միկելե Նավարայի սպանության համար:
Մաֆիայի առաջին պատերազմից հետո ստեղծված անտիմաֆիայի կոմիտեի քարտուղարն է եղել, իսկ 1979-ին դարձել է Պալերմոյի քննչական դատարանի նախագահ և նույն տարվա սեպտեմբերի 25-ին սպանվել է Լուչիանո Լեջջիոյի կազմակերպմամբ՝ Մաֆիայի կոմիտեի համաձայնությամբ։
Մարիո Ֆրանսեզե/Mario Francese
(1925- 1979)
Giornale di Sicilia թերթի քրեական բաժնի լրագրող: Սալվատորե Ռիինայի և Կորլեոնե կլանի դերը, բիզնեսի ու քաղաքականության հետ նրանց կապերն առաջինը բացահայտած լրագրողն է: Միակ լրագրողն է, ով հարցազրույց է ստացել Ռիինայի կնոջից՝ Նինետտա Բագարելայից:
Սպանվել է 1979 թվականի հունվարի 26-ին Լեոլուկա Բագարելայի կողմից: Սպանությունն սկզբից համարվել է խանդի հողի վրա կատարված և մոռացվել է: Միայն 2001 թվականին գործի վերաբացման արդյունքում Մարիո Ֆրանսեզեի սպանության համար Տոտո Ռիինան, Լեոլուկա Բագարելլան, Բերնարդո Պրովենցանոն, և Ֆրանչեսկո Մադոնիան դատապարտվել են ցմահ ազատազրկման:
Ռոկկո Չիննիչի/Rocco Chinnici
(1925- 1983)
1947-1952 թվականներին աշխատել է Տրապանիում որպես մագիստրանտ: Պալերմոյի դատախազությունում սկսել է աշխատել 1966թվականից, իսկ 1979թ-ին Չեզարե Տերանովայի սպանությունից հետո դարձել է Պալերմոյի դատարանին կից քննչական բաժնի ղեկավար:
Սպանվել է Միկելե Գրեկոյի հրամանով՝ Պինո Գրեկոյի կողմից 1983 թվականի հունիսի 29-ին աավտոմեքենան պայթեցնելու միջոցով, ինչի հետևանքով մահացել են նաև նրա երկու թիկնապահները: Չիննիչիի սպանության համար դատապարտվել են նաև Բերնարդո Պրովենցանոն, Սալվատորե Ռիինան, Նենե Գերաչին Ռաֆաելե Գանչին և մաֆիայի այլ անդմաներ:
Ջուզեպպե Ֆավա - Giuseppe Fava
(1925-1984)
Ջուզեպպե Ֆավայից լուսանկար չի պահպանվել
Լրագրող, լրագրողական գործունեությունն սկսել է թերթերից մեկում, ձևավորել հետաքննող լրագրողների խումբ, սակայն Ֆավային հեռացրել են աշխատանքից, քանի որ թերթի սեփականատերերը կապեր են ունեցել մաֆիայի հետ: 1983-ին հիմնադրել է «Սիցիլիացիներ»/ I Siciliani շաբաթաթերթը և սկսել հետաքննություն իրականացնել խոշոր շինարարական կազմակերպությունների գործունեության վերաբերյալ, որոնցից մեկը պատկանում էր նրան աշխատանքից հեռացրած թերթի սեփականատիրոջը, ով լուրջ կապեր ուներ Կատանիայի մաֆիայի պարագլուխ Նիտտո Սանտապաոլայի հետ: Սպանվել է 1984 թվականի հունվարի 5-ին, երբ սպասելիս է եղել թոռնուհուն:
1994թվականին Նիտտի Սանտապաոլայի ազգական Մաուրիցիո Ավոլան խոստովանել է սպանությունը և Սանտապաոլայի հետ դատապարտվել ցմահ ազատազրկման:
Ջուզեպպե Ֆավայի որդին Կլաուդիո Ֆավան եվրոպառլամենտի անդամ է:
Պիո Լա Տորե/Pio La Torre
(1927 - 1982)
Իտալացի քաղաքական գործիչ, կոմունիստ, մաֆիայի դեմ պայքարի հանձնաժողովի անդամ, դատախազ Չեզարե Տերրանովայի հետ բազմիցս բարձրաձայնել է քրիստոնեադեմոկրատների ու մաֆիայի միջև կապի մասին: 1980 թվականին խորհրդարանում նախաձեռնել է նոր օրենքի ընդունումը, որով քրեական օրենսգրքում որպես հանցագործություն նախատեսվեց մաֆիային մասնակցությունը և թույլ տրվեց բռնագրավել մաֆիայի հետ առնչություն ունեցող անձանց գույքը:
Պիո Լա Տորեն ու նրա վարորդը սպանվել են Պալերմոյի կոմունիստական կուսակցության գրասենյակի մոտ 1982 թվականի ապրիլի 30-ին, մինչև օրենքի ընդունումը՝ Մաֆիայի հանձնաժողովի հրահանգով Պինո Գրեկոյի, Ջուզեպպե Լուկեզեի, Մարիո Պրեստիֆիլիպպոյի կողմից:
Կարմին Պեկորելլի - Carmine Pecorelli
(1928 - 1979)
Իտալացի անկախ լրագրող: Կապեր է ունեցել գաղտնի ծառայություններում: Սպանվել է նախկին վարչապետ Ալդո Մորոյի առևանգումից հետո, ըստ վարկածի, Պալերմոյում հայտնի բիզնեսմեններ Սալվիո եղբայրների կազմակերպմամբ՝ որպես ծառայություն Ջուլիանո Անդրեոտտին, ով հետագայում մեղադրվել, բայց արդարացվել է Պիկորելիի սպանության համար:
Սալվատորե Սալվիո Լիմա/ Salvatore Salvio Lima
(1928-1992)
Իտալացի քաղաքական գործիչ, Պալերմոյի քաղաքապետը 1958-1963 թվականներին: Մաֆիայի անդամ Վինչենցո Լիմայի որդին է: Սերտոերն կապված է եղել մաֆիայի հետ, հանդիսացել է վարչապետ Ջուլիո Անդրեոտտիի ներկայացուցիչն ու մաֆիայի հետ նրա կապը Սիցիլիայում: Կապակցված է եղել պալերմոյի շինարարական ընկերությունների և նրանց հովնավորող մաֆիոզների հետ: «Պալերմոյի քսակ»-ի գլխավոր դերակատարներից է:
Սպանվել է 1992թ մարտի 12-ին մոտոցիկլետով հետապնդող մարդասպանի կողմից:
Բորիս Ջուլիանո/Boris Giuliano
(1930- 1979)
Բորիս Ջուլիանոն 1963 թվականին եղել է ոստիկանության ղեկավար Բրունո Կոնտրադեի տեղակալը, ով հետագայում ձերբակալվեց մաֆիային օժանդակելու համար:
Զբաղվել է Մաուրո Դե մաուրոյի սպանության, Բոնտադե-Ինցերիլլոո- Սպատոլա-Գամբինո կլանային ցանցի թմրավաճառության հետաքննությամբ և պարզել, որ դրա արդյունքում առաջացած գումարները լվացվել են վատիկանյան բանկերի միջոցով՝ Բանկիր Սինդոնայի կողմից: Համագործակցել է Ջորջիո Ամբրոզոլիի հետ և սպանվել է վերջինիս սպանությունից 10 օր անց՝ Պալերմոյի «Լյուքս» բարում՝ Լեոլուկա Բագարելայի կողմից 5 կրակոցներով: Բորիս Ջուլիանոի հետաքննության արդյունքում բացահայտել է նաև Կորլեոնեի կլանից Լեոլուկա Բագարելայի թաքնվելու վայրը, որտեղից սակայն Բագարելան հաջողել էր դիմել փախուստի: Բորիս ջուլիանոյի սպանությունը թույլատրված է եղել մաֆիայի կոմիտեի կողմից:
Ջորջիո Ամբրոզոլլի- Giorgio Ambrosoli
(1933 -1979)
Իտալացի իրավաբան. Հետաքննել է հայտնի բանկիր, Ջուլիո Անդրեոստիի մտերիմ Միկելե Սինդոնայի ֆինանսական խարդախությունների գործը, բացահայտել, որ նա զբաղվում է Բոնտադե-Ինցերիլլոո- Սպատոլա-Գամբինո կլանային ցանցի թմրամիջոցների վաճառքի գումարների լվացմամբ և այդ մասին տեղեկություններ հայտնել Ամերիկայի իշխանություններին և Պալերմոյի ոստիկանության ղեկավար Բորիս Ջուլիանոյին, որից հետո՝ 1979 թվականի հուլիսի 1-ին սպանվել է Սինդոնայի պատվերով՝ Բորիս Ջուլիանոյի սպանությունից 10 օր առաջ:
Պյերսանտի Մատարելլա/Piersanti Mattarella
(1935-1980)
Սիցիլիայի 12-րդ նախագահը՝ 1978-1980 թթ.
Պյերսանտի Մատարելլան քրիստոնեադեմոկրատական կուսակցության ղեկավար և 50 ականների հզոր քաղաքական գործիչ Բերնարդո Մատարելլայի որդին է, Իտալիայի ներկայիս Նախագահ Սերժիո Մատարելլայի եղբայրը:
Սիցիլիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Պյերսանտի Մատարելլան հանձնարարել էր ուսումնասիրել պետական պայմանագրերը, վերջ տալ դրանց հետ կապված ռեկետին, որից օգուտներ էր ստացել նաև մաֆիան: Մաֆիան սկզբից փորձել է վարչապետ Ջուլիո Անդրեոտտիի միջոցով կարգավորել հարցերը Մատարելայի հետ, բայց չհաջողելով մաֆիայի հանձնաժողովում որոշում են կայացրել սպանել նրան: Ջուլիո Անդրեոտիին փորձել է խանգարել Ստեֆանո Բոնտադեին Պյերսանտի մատարելլայի սպանության հարցում, բայց մաֆիան համարել է, որ Մատարելան դավաճանել է ունեցած պայմանավորվածությունները:
Մատարելայի սպանության համար դատապարտվել են մաֆիայի հանձնաժողովի անդամները՝ դրան համաձայնություն տալու համար: Դատարանը հաստատել է նաև Ջուլիանո Անդրեոտիի մասնակցությունը մաֆիային, բայց նրան ազատել պատասխանատվությունից:
Ջովաննի Ֆալկոնե/Giovanni Falcone
(1939- 1992 )
Դատախազ, Սիցիլիայում մաֆիայի դեմ պայքարի խորհրդանիշը Պաոլո Բորսելլինոյի հետ: Մաֆիայի դեմ պայքարում ամենամեջ հաջողությունները գրանցած դատախազն է, Մեծ դատավարության հիմնական երկու դեմքերից մեկը, ով կարողացել է հասնել մաֆիայի 400 ից ավելի անդամների դատապարտման, այդ թվում՝ Տոտո ռիինայի ու Կորլեոնե կլանի խոշորագույն անդամների ցմահ ազատազրկման:
Սպանվել է 1992թվականի մայիսի 23-ին Կապաչիի պայթյունի հետևանքով՝ Պալերմո Կապաչի ավտոճանապարհին: Պայթյունի հետևանքով մահացել են նաև Ֆալկոնեի կինը՝ Ֆրանչեսկա Մորվիլլոն և նրանց 3 թիկնապահները:
Պաոլո Բորսելլինո/Paolo Borsellino
(1940- 1992)
Իտալացի դատախազ, անտիմաֆիայի դատախազներից, եղել է Ջովաննի Ֆալկոնեի հիմնական գործընկերը: Սպանվել է 1992 թվականի հուլիսի 19-ին Պալերմոյում՝ Ֆալկոնեի սպանությունից շուրջ երկու ամիս անց՝ ականապատված ավտոմեքենան պայթեցնելու հետևանքով:
Ջուզեպպե Ինսալակո/Giuseppe Insalaco
(1941- 1988)
Իտալացի քաղաքական գործիչ, պալերմոյի քաղաքապետն է եղել 1984թվականի ապրիլի 17-ից հուլիսի 13-ը: Սպանվել է մաֆիայի կողմից՝ 1988թվականին:
Ջովաննի Սպամպինատո/Giovanni Spampinato
(1946-1972)
Իտալական L'Ora թերթի հետաքննող լրագրող: Զբաղվել է հնավաճառ Անջելո Տումինոյի սպանության հետաքննությամբ և տվյալներ ստացել դրան մաֆիայի առնչության մասին:
Սպանվել է Ռոբերտ Կամպրիայի կողմից 1972 թվականին, որից հետո մարդասպանը հանձնվել է ոստիկանությանը և դատապարտվել 24 տարվա ազատազրկման:
Անտոնինո (Նիննի) Կեսսարա/ Antonino Ninni Cassarà
(1947 - 1985)
Պալերմոյի ոստիկանության ղեկավարի տեղակալը: Աշխատել է գործակալների ու հետախույզների հետ՝ Պալերմոյի փողոցներում, որոնցից մեկի ժամանակ ճանաչել է Պինո Գրեկոյին ու Մարիո Պրեստիֆիլիպպոյին, սակայն նրանք դիմել են փախուստի: Ակտիվ համագործակցել է Ջովաննի Ֆալկոնեի հետ:
Սպանվել է 1985 թվականի օգոստոսի 6-ին աշխատանքից տուն վերադառնալիս, հենց տան դիմաց՝ դարանակալած 10 մարդասպանների կողմից՝ իրեն դիմավորող կնոջ և դստեր ներկայությամբ: Սպանությունը կազմակերպելու համար 1995 թվականին Տոտո Ռիինան, Բերնարդո Պրովենցանոն, Միկելե Գրեկոն և Ֆրանչեսկո Մադոնիան դատապարտվել են ցմահ ազատազրկման:
Ջուզեպպե «Պեպպինո» Իմպաստատո/ Giuseppe ‘Peppino’ Impastato
(1948 - 1978)
Իտալացի քաղաքական ակտիվիստ, մաֆիայի անդամ Չեզարե Մանզելլայի զարմիկը, քաղաքական ակտիվ կյանքով ու մաֆիայի դեմ պայքարով սկսել է զբաղվել Չեզարե Մանզելլայի սպանությունից հետո:
Սպանվել է 1963 թվականին՝ ավտոմեքենայի պայթյունի արդյունքում, ինչի հետևանքով մարմինն ամբողջությամբ մասնատվել է։ Թեև սկզբից Ջուզեպպե Իմպաստատոյի սպանությունը համարվել է ինքնասպանություն, սակայն 2002 թվականին հաստատվել է, որ նրա սպանությունը կատարել է Գաետանո Բադալամենտին, ով դրա համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ջուզեպպե Իմպաստատոյի մայրը պատմել է, որ սպանությունից առաջ Գաետանո Բադալամենտին զանգահերել է իր ամուսնուն և վերջինս նրան խնդրել է չսպանել որդուն, բայց Բադալամենտին չի խնայել նրան:
Էմանուելե Բազիլե/Emanuele Basile
(1949-1980)
Կարաբիներիների հրամանատարը և դատախազ Պաոլո Բորսելլինոյի օգնականը մաֆիայի դեմ հետաքննություններում: Սպանվել է 4 ամյա դստեր ներկայությամբ՝ Վինչենցո Պուչչոյի և Ջովաննի Բրուսկայի կողմից:
1992-ին Սալվատորե Ռիինան և Ֆրանչեսկո Մադոնիան Էմանուելե Բազիլեի սպանության համար դատապարտվել են ցմահ ազատազրկման
Ջուզեպպե Դի Մատտեո/ Giuseppe di Matteo
(1981-1996)
Ջուզեպպե Դի Մատեոն մաֆիայի անդամ, Ջովաննի Ֆալկոնեի ու Պաոլո Բորսելլինոյի սպանութունը կատարած իսկ հետագայում քննության հետ համագործակցած Սանտինո դի Մատտեոի որդին է:
Առևանգվել է 1993 թվականի նոյեմբերին՝ հոր կողմից ցուցմունքներ տալուց հետո: Պատանդառության մեջ պահվել է 779 օր, և հոր կողմից ցուցմունքները չհերքելուց հետո խեղդամահ է արվել, իսկ մարմինը քայքայվել է ծծմբաթթվի մեջ՝ Ջովաննի Բրուսկայի հրամանով:
Դատարանում Սանտինո Դի Մատտեոն խոստացել է կտրել Բրուսկայի գլուխը, իսկ ազատ արձակվելուց հետո փորձել է վերականգնել հանցավոր գործունեությունը՝ որդու սպանության համար վրեժ լուծելու նպատակով և 1997թ-ին կրկին ձերբակալվել է:
Մաս 1․ Քրեական ենթամշակույթ: Ինչո՞ւ գոյություն ունեն մաֆիաները
Մաս 2․ Ինչպես փոխվեց խորհրդային գողական աշխարհը
Մաս 3․ Սիցիլիական Կոզա Նոստրան՝ ինչպես կա (լուսանկարներ)
Մաս 4․ Սիցիլիական մաֆիայի հոգեվարքն ու վերածնունդը
Մաս 5․ Առաջին պատերազմը Կոզա Նոստրայում (լուսանկարներ)