Իտալական մաֆիայի ամենահռչակավոր ու հայտնի խմբավորումը եղել ու մնում է Կոզա Նոստրան: Այն ճանաչված է ամբողջ աշխարհում այնքան, որ այդ անվան տակ հասկացվում է իտալական մաֆիան ամբողջությամբ: Կոզա Նոստրան իտալական մաֆիայում միակը չէ և չի եղել իհարկե, բայց թելադրողը՝ միշտ է եղել և դա ամենևին ոչ պատահական: Նախ, ընդհանրապես մաֆիայի ծագումնաբանության ուսումնասիրությունը ցանկացած հետազոտողի հասցնում է Սիցիլիա՝ հենց Կոզա Նոստրայի հայրենիք, ինչը հիմքեր տալիս է ասելու, որ Կոզա Նոստրան մաֆիայի առաջին դրսևորումն է: Ավելին, Կոզա Նոստրայից է ճյուղավորվել նաև իտալո-ամերիկյան մաֆիան՝ ըստ էության իտալական 5 խոշոր ընտանիքներով: Բայց, այստեղ ևս մի ոչ պատահական հանգամանք կա՝ մաֆիայի օմերտայի հիմքում ընկած 10 պատվիրանները վերագրվում են հենց Կոզա Նոստրային, այսինքն՝ մաֆիայի կանոնները ևս Կոզա Նոստրայում են ձևավորվել: Եվ վերջապես, Կոզա Նոստրան ամենահայտնին է՝ պատմության մեջ ամենահզորը լինելու պատճառով: Մաֆիայի պատմության մեջ տեղի ունեցած խոշորագույն իրադարձությունների, այդ թվում՝ մաֆիայում պատերազմների ու պետության հետ պատերազմների, ինչպես նաև պետական գործիչների հետ սկանդալային կապերի ու համագործակցությունների կենտրոնում հենց Կոզա Նոստրան էր:
Կոզա Նոստրայում կլանների թիվն ու կառուցվածքը պատմության ընթացքում փոփոխվել է, բայց ի վերջո դրա կառուցվածքում հաշվվում են 29 մանդամենտոներում միավորված 94 ընտանիքներ՝ cosca-ներ: Կային կլաններ, որոնք իրենց հզորության արդյունքում ոչ մի այլ կլանի հետ մանդամենտոյում միավորված չէին: Կոզա Նոստրայում ամենահզորներն ու ավելի հայտնիները Կորլեոնե, Լա Բարբերա, Բոնտադե, Չինիսի, Գրեկո, Ինցերիլլո ընտանքիներն են: Իսկ Կոզա Նոստրայի ամենահեղինակավոր ներկայացոցիչները նրանք են. (մաս 1)
Անջելո Լա Բարբերա/Angelo La barbera
(1924-1975)
Սալվատորե Լա Բարբերա/Salvatore La Barbera
(1922-1963)
Սալվատորե և Անջելո լա Բարբերա եղբայրները Կոզա Նոստրայի Լա Բարբերա հեղինակավոր ընտանիքի անդամներ են եղել; Համարվում են Նոր մաֆիայի ներկայացուցիչներից, սերտ կապեր են ունեցել Պալերմոյի քաղաքապետ Սալվիո Լիմայի հետ, գործունեոթյուն են իրականացրել Պալերմոյում շինարարության բնագավառում։ Սալվատորե Լա Բարբերրան հանդիսացել է մաֆիայի առաջին կոմիտեի անդամ։
Մասնակցել են «Հերոինի նստաշրջանին», իսկ ապա՝ մաֆիայի առաջին պատերազմի առիթ դարձած հերոինի գործարքին, եղել մաֆիայի առաջին պատերազմի գլխավոր կողմերից մեկը։ Սալվատորե Լա Բարբերան անհետ կորել է 1963թ-ին, ըստ վարկածի՝ սպանվել է Միկելե Կավատայոյի կողմից։
Անջելո Լա Բարբերրան «114-ի դատավարությունում» դատապարտվել է 22 տարի ազատազրկման, բայց ազատ է արձակվել մինչև վերաքննությունը և հեռացել Սիցիլիայից։ Սպանվել է 1975-ին, ըստ վարկածի՝ Կորլեոնե ընտանիքի կողմից։
Սալվատորե «Չիաշիտեդու» Գրեկո/Salvatore «Ciaschiteddu» Greco
(1923-1978)
Սիցիլիայի ամենահին ու ավանդական ընտանիքներից Գրեկո ընտանիքի ամենահայտնի ներկայացուցիչն է՝ Սալվատորե Գրեկոյի թոռը, Ջուզեպպե Գրեկոյի որդին, Պյետրո Գրեկոյի, Սալվատորե «Սենատոր» Գրեկոյի, Սալվատորե «Ինժեներ» Գրեկոյի ազգականը։ Չիակուլիի կլանի և համանուն Մանդամենտոյի պարագլուխը, Մաֆիայի առաջին հանձնաժողովի ղեկավարը։ Բնութագրվել է որպես հին մաֆիայի ներկայացուցիչ, համեմատաբար խաղաղ, հաշտարար մաֆիոզ, ով ընդդիմացել է մաֆիայում գանգստերական մոտեցումներին ու նոր մաֆիայի ձևավորմանը։
Մասնակցել է «Հերոինի նստաշրջանին», հանդիսացել է Մաֆիայի առաջին պատերազմի գլխավոր հերոսներից մեկը։ Դրանից հետո հեռացել է Կարակաս, հեռակա դատապարտվել է «114-ի դատավարությունում»։
Մահացել է Կարակասում՝ ցիրոզից։
Ջուզեպպե Դի Կրիստինա/Giuseppe Di Cristina ( «la tigre»/ վագր)
(1923- 1978)
Ջուզեպպե Դի Կրիստինան ծնվել է Սիցիլիայի Կալտանիսսետտա պրովինցիայի Ռիսի կոմունայում՝ Կալտանիսսետտայի մաֆիայի պարագլուխ Ֆրանչեսկո Դի Կրիստինայի՝ ընտանքիում: Սերտ քաղաքական կապեր է ունեցել քրիստոնեադեմոկրատական կուսակցության հետ: Համաձայն պնդումների՝ Ջուզեպպե Դի Կրիստինան առնչություն է ունեցել Էնրիկո Մատտեի սպանության հետ:
1970-ին մաֆիայի կոմիտեի վերականգնումից հետո մասնակցել է Վալերիու Բորգեզեի հետ նոեֆաշիստական հեղափոխության պլանավորմանը՝ մաֆիայի անդամների ներման դիմաց:
Ձերբակալվել է մաֆիայի առաջին պատերազմի իրադարձությունների կապակցությամբ,սակայն արդարացվել է «114-ի դատավարությունում»։ Հանդիսացել է Կորլեոնե կլանի հիմնական հակառակորդներից մեկը:
Սպանվել է 1978 թվականի մայիսի 30-ին:
Գաետանո Բադալամենտի/Gaetano Badalamenti (Դոն Տանո/ Don Tano)
(1923-2004)
Պալերմոյի ամենաազդեցիկ մաֆիոզներից մեկը, հանդիսացել է Չինիսիի կլանի ղեկավարը Չեզարե Մանզելլայի սպանությունից հետո: Երկար ժամանակ բնակվել է Ամերիկայում։ 1950 ական թվականներին Չինիսիում հիմնել է ցիտրուսի խոշոր այգիներ, մասնակցել է Պալերմոյի շինարարական մեծ բումին։ Պունտա Ռաիսի օդանավակայանը, չնայած աշխարհագրական վատ դիրքին, հենց Չինիսիի տարածքում է կառուցվել Գաետանո Բադալամենտիի միջամտությամբ՝ պաշտոնյաներին կաշառելու արդյունքում և հետագայում կարևոր դիրք է ապահովել Չինիսի ընտանիքի համար մաքսանենգության, մանավանդ թմրամիջոցների շրջանառության համար։
1978-ին հեռացվել է Մաֆիայի հանձնաժողովից, ապա նաև Չինիսիի կլանի ղեկավարությունից և հեռացել Բրազիլիա։ Կապեր է ունեցել Ջուլիո Անդրեոտտիի և Սալվիո Լիմայի հետ։ Ցմահ ազատազրկման է դատապարտվել լրագրող Պեպպինո Իմպաստատոյի սպանության համար։ Մահացել է 2004 թվականին։
Ֆրանչեսկո Մադոնիա/Francesco Madonia
(1924-2007)
Ֆրանչեսկո Մադոնիան եղել է Պալերմոյի Սան Լորենցո-Պալլավիցինո շրջանի մաֆիայի պարագլուխը։ Ակտիվորեն համագործակցել է Կորլեոնեի կլանի հետ և Սալվատորե Ռիինայի կողմից Ռեսուտանա մանդամենտոն Ռոսարիո Ռոկկոբոնոյի իշխանությունից հանելուց հետո՝ 1978 թվականին, դարձել է դրա ղեկավար և մաֆիայի հանձնաժողովի անդամ։
Մաֆիայի մեծ պատերազմի ակտիվ դերակատարներից է, մասնակցել է Ստեֆանո Բոնտադեի և Սալվատորե Ինցերիլլոյի սպանություններին, առնչություն է ունեցել պետական գործիչների՝ Պալերմոյի ինքնավար մարզի նախագահ Պյերսանտի Մատարելայի, Պալերմոյի պրեֆեկտ Կարլո Ալբերտո Դելլա Կյեզայի, ոստիկանության ղեկավար Նինի Չեզարայի, բիզնեսմեն Լիբերո Գրասսիի, Կարաբիներիի ղեկավար Էմանուելե Բազիլի սպանություններին, դատախազ Ջովաննի Ֆալկոնեի սպանության փորձին, ապա՝ նրա և դատախազ Բաոլո Բորսելինոյի սպանություններին։
Թեև 1987թ-ին ձերբակալվել է, սակայն որդիների՝ Անտոնիոյի, Ջուզեպպեի և Սալվատորեի, իսկ այնուհետև եղբոր՝ մաֆիայի բոսս Դիեգո Մադոնիայի միջոցով ղեկավարել է կլանը՝ գտնվելով քաղաքացիական հիվանդանոցում, որը ղեկավարել է Մաֆիայի հետ կապերի մեջ մեղադրված Սալվիո Լիմայի եղբայրը։
Մեծ դատավարության արդյունքում դատապարտվել է ցմահ ազատզրկման։
Մահացել է 2007 թվականին։ 2008 թվականին 15 մլն եվրո է բռնագրավվել ֆրանչեսկո Մադոնիայի կնոջից՝ որպես հանցավոր եկամուտ։
Միկելե «Պապա» Գրեկո/ Mickele «Papa» Greco
(1924-2008)
Գրեկո ընտանիքի ներկայացուցիչն է՝ «Չիաշիտեդդու» Գրեկոյի ոչ հարազատ եղբայրը, Սալվատորե «Սենատոր» Գրեկոյի հարազատ եղբայրը։ Սերտորեն կապված է եղել քաղաքապետ Ջուզեպպե Ինսալակոյի հետ։ Ստեֆանո Բոնտադեի սպանությունից հետո սկսել է անուղղակիորեն ղեկավարել նաև Բոնտադե կլանը։ Հանդիսացել է Տոտտո Ռիինայի վստահելիներից մեկը։ Ձերբակալվել է 1986 թվականին, իսկ 1987-ին Մեծ դատավարությունում մեղադրվել է 78 սպանության, այդ թվում՝ Չեզարե Տերրանովայի, Նինի Կասարայի, Ջուզեպպե Ֆալկոնեյի, Պաոլո Բորսելինոյի սպանության համար և դատապարտվել ցմահ ազատազրկման։ Մահացել է 2008-ին բանտում։
Լուչիանո Լեջջիո/ Luciano Leggio
(1925-1993)
Կոզա Նոստրայի պատմության հզորագույն մաֆիոզներից մեկն է։ Զբաղվել է անասնագողությամբ, և Պալերմոյի շուկայում դրա վաճառքի հարցերով կապեր հաստատել մաֆիայի այլ խոշոր ներկայացուցիչների հետ։ Սկզբում գործել է Միկելե Նավարայի հովանավորությամբ։ Համարվում է Կորլեոնե Կլանի հիմնադիրը։ Պարբերաբար գտնվել է ազատազրկման մեջ, ինչի արդյունքում նրան շատ հաճախ փոխարինել է Սալվատորե Ռիինան: Դատապարտվել է առաջին պատերազմին հաջորդած «114-ի դատավարությունում» և երկրորդին հաջորդած Մեծ դատավարությունում։ Հետագայում արդարացվել է սպանություններից 4-ի համար։ Մահացել է բանտում 1993 թվականին։
Ջուզեպպե Կալդերոնե/ Giuseppe Calderone Պիպպո/Pippo
(1925-1978)
Կոզա Նոստրայի անդամ է եղել Կատանիայից, հանդիսացել է դրա պարագլուխներից մեկը։ Հանդիսացել է 1975 թվականի մաֆիայի հանձնաժողովի քարտուղար: Եղել է նեոֆաշիստական հեղափոխության կողմնակից, նախնական համաձայնություն է տվել օժանդակել դրան՝ հաջողության դեպքում մաֆիայի անդամներին ներում շնորհելու պայմանով: Սպանվել է մաֆիայի Մեծ պատերազմի ժամանակ՝ Տոտո Ռիինայի կողմից:
Գերլանդո Ալբերտի/Gerlando Alberti (U Paccarè/ Անամոթ)
(1927-2012)
Պալերմոյի Պորտա Նուովա շրջանի մաֆիայի անդամ է։ Համարվում է Պյետրո Տորրետայի, Տոմազզո Բուշշետայի և Լա Բարբերա եղբայրների կողմից հիմք դրված Նոր մաֆիայի ներկայացուցիչ, որին բնորոշ էին ավելի ամերկյանացված գանգստերական մեթոդները: Եղել է ճոխ կյանքի սիրահար, տիրապետել է թանկարժեք գույքերի:
Առնչություն է ունեցել մաֆիայի հայտնի իրադարձություններին՝ Չակուլիի և Վիալե Լացիոյի սպանդին, լրագրող Մաուրո Դե Մաուրոյի, դատախազ Պյետրո Սկալյոնեի սպանությանը, զբաղվել է ծխախոտի և թմրանյութերի մաքսանենգությամբ։ 1970-80-ական թվականներին ձերբակալվել է թմրամիջոցների շրջանառության համար։ 1980 թվականին Սիցիլիայում հայնաբերված երկու լաբորատորիաները, ըստ էության ղեկավարվել են հենց Ալբերտիի կողմից։
Մահացել է 2012 թվականին։
Տոմմազո Բուշետտա/ Tommaso Buscetta (Դոն Մասսինո/Don Massino)
(1928-2000)
Կոզա Նոստրայի անդամ է 1945 թվականից, դրա հաջորդած տարիներին եղել է Պորտա Նուովայի մանդամենտոյի մաֆիայի պարագլուխը, զբաղվել է ծխախոտի մաքսանենգությամբ։ Հանցավոր գործունեությամբ է զբաղվել Սիցիլիայում, Բրազիլիայում և Ամերիկայում։ Մաֆիայի առաջին պատերազմի ակտիվ դերակատարներից է, ընդգրկված է եղել թմրամիջոցների մաքսանենության մեջ։ Մաֆիայի երկրորդ պատերազմում երկու որդիների և եղբոր սպանությունից հետո սկսել է համագործակցել իշխանությունների հետ և բացահայտել մաֆիայի կառուցվածքը, պատմության իրադարձությունները, քաղաքական կապերը։ Համարվում է ամենակարևոր վկան մաֆիայի դեմ պայքարում։
Մահացել է 2000 թվականին՝ Ֆլորիդայում:
Միկելե Կավատայո/Michele Cavataio (Il Cobra/Կոբրա)
(1929-1969)
Պալերմոյի ամենասարսափազդու մաֆիոզներից մեկը Մականունն ստացել է «Կոլտ Կոբրա» ատրճանակի անվանումից։ Համարվել է հետպատերազմական ժամանակաշրջանի գանգստերական «նոր մաֆիայի» ներկայացուցիչներից մեկը։ 1955-ից՝ Ակքուասանտայի մաֆիայի ղեկավարների սպանությունից հետո դարձել է համանուն մանդամենտոյի Բոսսը։
Եղել է մաֆիայի առաջին պատերազմի սադրիչը, դրա ընթացքում մաֆիայի անդամների մեծամասնության սպանությունների կազմակերպիչը, Չիակուլիի սպանդի հեղինակը։
Սպանվել է 1969-ին՝ «Վիալե Լացիոյի» սպանդի ժամանակ՝ Սալվատորե Գրեկոյի կազմակերպմամբ՝ Բերնարդո Պրովենցանոյի կողմից։
Սալվատորե «Տոտո» Ռիինա Salvatore ‘Toto’ Riina (Toto u cortu/Կարճլիկ Տոտտո, La belve/ Գազան, Հրեշ)
(1930-2017)
Կոզա Նոստրայի ամենահզոր, ամենադաժան և արյունարբու ներկայացուցիչն է։ Փաստացի միշտ ղեկավարել է Կորլեոնեի կլանը, Լուչիանո Լեջջիոյի՝ բանտում կամ փախուստի մեջ գտնվելու պայմաններում։ Մաֆիայի մեծ պատերազմի գլխավոր դերակատարն է, որի ընթացքում նրա հրամանով սպանվել է շուրջ հազար մարդ։ Բազմաթիվ պաշտոնյաների սպանության, այդ թվում իր ձերբակալությունից հետո կատարված և մեծ թվով զոհերի հանգեցրած մի քանի պայթյունների պատվիրատուն է։
Սերտ կապեր է ունեցել Սիլվիո Բերլուսկոնիի, Սալվիո Լիմայի, Վիտո Չիանչիմինոյի, վարչապետ Ջուլիո Անդրեոտիի հետ։
Ձերբակալվել է միայն 1993թ-ին և 21 առանձին դատավարությունների արդյունքում նույնքան անգամ դատապարտվել է ցմահ ազատազրկման: Մահացել է 2017 թվականին բանտում։ Տոտտո Ռիինայի 125 մլն դոլար կարողությունը բռնագրավվել է պետության կողմից:
Կալցեդոնիո Դի Պիզա/Calcedonio Di Pisa (Dorucco/Դորուչչո)
(1931-1962)
Կոզա Նոստրայի ներկայացուցիչներից է Պալերմոյի Նոչչե շրջանից, եղել է մաֆիայի առաջին կոմիտեի անդամ։ Գործունեության ակտիվ շրջանն սկսել է թմրամիջոցների մաքսանենգությունից և «Պալերմոյի շինարարական թալանից»։ Մասնակցել է «Հերոինի նստաշրջանին» և եղել դրան հաջորդած՝ հերոինի խմբաքանակը Ամերիկա ուղարկելու գործարքի պատասխանատուն։
Սպանվել է մաֆիայի առաջին պատերազմում՝ Միկելե Կավատայոյի կողմից։
Ջուզեպպե «Պիպո» Կալո/Giuseppe “Pippo” Calo
(1931թ)
Սիցիլիական մաֆիայի Պորտա Նուովայի կլաննի անդամներից է։ Համարվել է Կոզա Նոստրայի «գանձապահը», քանի որ հիմնականում զբաղվել է ֆինանսական հանցագործություններով, մանավանդ՝ փողերի լվացմամբ։ Եղել է Տոտո Ռիինայի համակիրներից, սերտ կապեր է ունեցել Կամորրայի ներկայացուցիչների հետ։ Ձերբակալվել է 1985թ-ին և Մեծ դատավարության արդյունքով Կորլեոնցիներիի հետ կազմակերպած սպանությունների համար դատապարտվել ցմահ ազատազրկման, իսկ բանկիր Ռոբերտո Կալվիի սպանության համար 20 տարի ազատազրկման:
Դատավարության ժամանակ խախտել է օմերտան՝ ընդունելով մաֆիայի գոյությունը, սակայն հրաժարվել է համագործակցել և վկայություն տալ այլ մաֆիոզների վերաբերյալ։
Ռաֆֆաելլե Գանչի/ Raffaele Ganci
(1932-2022)
Կոզա Նոստրայի անդամներից մեկը՝ Պալերմոյի Նոչչե շրջանից: Համարվել է Տոտտո Ռիինայի աջ ձեռքը, մասնակցել է Ստեֆանո Բոնտադեի և Սալվատորե Ինցերիլլոյի, ինչպես նաև Կարլո Ալբերտո Դելլա Կյեզայի, Պաոլո Պորսելինոյի և Ջիովաննի Ֆալկոնեի սպանությանը։ Ձերբակալվել է 5 տարի փախուստից հետո 1993թ-ին և դատապարտվել ցմահ ազատազրկման։ Մահացել է 90 տարեկանում՝ 2022թ․ հունիսին։
Բերնարդո Պրովենցանո/ Bernardo Provenzano (Binnu u tratturi /Բիննու Տրակտոր)
(1933-2016)
Սիցիլիական մաֆիայի ամենահայտնի դեմքերից մեկն է՝ Կորլեոնե Կլանի ղեկավարներից մեկը՝ Լեոլուկա Բագարելայի և Տոտո Ռիինայի հետ։ Մասնակցել է Կորլեոնցիների կազմակերպած սպանություններին՝ Միկելե Նավարայից մինչև Պաոլո Բորսելինո, «Վիալե Լացիոյի» սպանդի ժամանակ անձամբ է սպանել Միկելե Կավատայոյին։ Մականունն ստացել է, քանի որ «բառացիորեն հնձել է մարդկանց»։ Արդարադատությունից թաքնվել է 1963 թվականից և ոստիկանությանը հայտնի է եղել նրա միայն մեկ նկար՝ արված 1957-ին։ Ձերբակալվել է 2006 թվականին և 12 դատավարություններով դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Մահացել է 2016 թվականին քաղցկեղից։
Կալոջերո Բագարելա/ Calogero Bagarella
(1935 - 1969)
Լեոլուկա Բագարելլայի եղբայրն է, եղել է Կորլեոնե կլանի անդամներից մեկը։ Մասնակցել է Միկելե Նավարայի սպանությանը։ «114-ի դատավարությում» արդարացվել է բոլոր մեղադրանքներում; Սպանվել է «Վիալե Լացիոյում» Միկելե Կավատայոյի կողմից։
Ֆիլիպպո Մարչեզե/ Filippo Marchese
(1938-1983)
Պալերմոյի Կորսո Դեի Միլլե շրջանի մաֆիայի պարագլուխը: Սիցիլիական Մաֆիայի առաջատար դեմքերից մեկը, Լեոլուկա Բագարելլայի կնոջ եղբայրը, հայտնի է առանձնակի դաժանությամբ, նրան են վերագրվում Մաֆիայի մեծ պատերազմի ժամանակվա շուրջ հարյուր սպանություններ, որոնք կատարվել են խեղդամահ անելով, որից հետո մարմինները քայքայվել են ծծմբաթվվի մեջ, կամ մասնատվել և նետվել ծովը:
Սպանվել է 1982 թվականին՝ իր նախկին մտերիմ Տոտո Ռիինայի զինվորների կողմից՝ նույն եղանակով, ինչպես ինքն է սպանել մարդկանց
Ստեֆանո Բոնտադե/Stefano Bontade
(1939-1981)
Պալերմոյի հզորագույն մաֆիոզներից մեկը, Բոնտադե հռչակավոր կլանի ղեկավարը հոր՝ Ֆրանչեսկո Պաոլո Բոնտադեի մահից հետո։ «Վիալե Լացիոյի» կազմակերպիչներից մեկն է։ Կապեր է ունեցել մաֆիայի այլ ճյուղերի, հատկապես՝ Կամմորրայի, Իտալոամերիկյան մաֆիայի, տեղի իշխանությունների, այդ թվում՝ վարչապետ Ջուլիո Անդրեոտտիի, Սալվիո Լիմայի, Անտոնիո և Իգնասիո Սալվիո եղբայրների, այդ ժամանակ շինարար բիզնեսմեն Սիլվիո Բերլուսկոնիի հետ։ Առնչություն է ունեցել Պիերսանտի Մատարելլայի, Էնրիկո Մատտեի սպանություններին և լրագրող Մաուրո Դե Մարուրոյի սպանությանը։ Մաֆիայի կոմիտեում եռիշխանության ժամանակ հանդիսացել է դրա երեք ղեկավարներից մեկը։ Ակտիվորեն զբաղվել է թմրաբիզնեսով։ Սպանվել է մաֆիայի երկրորդ պատերազմի ժամանակ՝ 1981 թվականին, իր 42 ամյակի խնջույքից վերադառնալիս։
Մարիանո Ագատե (Mariano Agate)
(1939-2013)
Հանդիսացել է Տրապիանիի Մազարա դել Վալլոյի մաֆիայի ղեկավարը 1970 ական թվականներից: 1980 ականների մաֆիայի մեծ պատերազմի ժամանակ միացել է Կորլեոնեի կլանին և դարձել Մաֆիայի հանձնաժողովի անդամ: 1985 թվականին ցմահ ազատազրկման է դատապարտվել Կաստելվետրանոյի դատավորի և քաղաքապետի սպանության, իսկ 1992 թվականին՝ Ջիովաննի Ֆալկոնեի և Պաոլո Բորսելինոյի սպանության համար: 90-ական թվականներից Ագատեի կլանը կապեր է հաստատել Իտալական Նդրանգետտայի որոշ կլանների հետ: Չնայած ցմահ ազատազրկմանը՝ 2004 թվականին մեղադրվել է կոկայինի միջազգային շրջանառություն կազմակերպելու համար: Մահացել է 2013 թվականին:
Մաս 1․ Քրեական ենթամշակույթ: Ինչո՞ւ գոյություն ունեն մաֆիաները
Մաս 2․ Ինչպես փոխվեց խորհրդային գողական աշխարհը
Մաս 3․ Սիցիլիական Կոզա Նոստրան՝ ինչպես կա (լուսանկարներ)