Հետևեք մեզ։

Կոզա Նոստրայի ամենահեղինակավոր ներկայացուցիչները (մաս 3․ լուսանկարներ)

00:01, 28 մայիս 2023
Կոզա Նոստրայի ամենահեղինակավոր ներկայացուցիչները (մաս 3․ լուսանկարներ)

Իտալական մաֆիայի ամենահռչակավոր ու հայտնի խմբավորումը եղել ու մնում է Կոզա Նոստրան: Այն ճանաչված է ամբողջ աշխարհում այնքան, որ այդ անվան տակ հասկացվում է իտալական մաֆիան ամբողջությամբ: Կոզա Նոստրան իտալական մաֆիայում միակը չէ և չի եղել իհարկե, բայց թելադրողը՝ միշտ է եղել և դա ամենևին ոչ պատահական: Նախ, ընդհանրապես մաֆիայի ծագումնաբանության ուսումնասիրությունը ցանկացած հետազոտողի հասցնում է Սիցիլիա՝ հենց Կոզա Նոստրայի հայրենիք, ինչը հիմքեր տալիս է ասելու, որ Կոզա Նոստրան մաֆիայի առաջին դրսևորումն է: Ավելին, Կոզա Նոստրայից է ճյուղավորվել նաև իտալո-ամերիկյան մաֆիան՝ ըստ էության իտալական 5 խոշոր ընտանիքներով: Բայց, այստեղ ևս մի ոչ պատահական հանգամանք կա՝ մաֆիայի օմերտայի հիմքում ընկած 10 պատվիրանները վերագրվում են հենց Կոզա Նոստրային, այսինքն՝ մաֆիայի կանոնները ևս Կոզա Նոստրայում են ձևավորվել: Եվ վերջապես, Կոզա Նոստրան ամենահայտնին է՝ պատմության մեջ ամենահզորը լինելու պատճառով: Մաֆիայի պատմության մեջ տեղի ունեցած խոշորագույն իրադարձությունների, այդ թվում՝ մաֆիայում պատերազմների ու պետության հետ պատերազմների, ինչպես նաև պետական գործիչների հետ սկանդալային կապերի ու համագործակցությունների կենտրոնում հենց Կոզա Նոստրան էր:
 
Կոզա Նոստրայում կլանների թիվն ու կառուցվածքը պատմության ընթացքում փոփոխվել է, բայց ի վերջո դրա կառուցվածքում հաշվվում են 29 մանդամենտոներում միավորված 94 ընտանիքներ՝ cosca-ներ: Կային կլաններ, որոնք իրենց հզորության արդյունքում ոչ մի այլ կլանի հետ մանդամենտոյում միավորված չէին: Կոզա Նոստրայում ամենահզորներն ու ավելի հայտնիները Կորլեոնե, Լա Բարբերա, Բոնտադե, Չինիսի, Գրեկո, Ինցերիլլո ընտանքիներն են: Իսկ Կոզա Նոստրայի ամենահեղինակավոր ներկայացոցիչները նրանք են. (մաս1, մաս2)
 
 
Վիտորիո Մանգանո Vittorio Mangano
(1940 -2000) 

Եղել է Սիլվիո Բերլուսկոննի տան աշխատակիցներից և ըստ վկայությունների՝ միջնորդ է եղել Ստեֆանո Բոնտադեի ու Սիլվիո Բերլուսկոնիի միջև: Հետագայում մեղադրվել է նաև Սիլվիո Բերլուսկոնիի մտերիմ Լուիջի Դ՛Անջելոյի առևանգման ու սպանությանն առնչության և ևս երկու սպանությունների համար:
Դատապարտվել է ցմահ ազատազրկման:
 

 
Բենեդետտո Կապիցցի/Benedetto Capizzi
(1942)


Պալերմոյի Վիլլագրացիա շրջանի մաֆիայի պարագլուխն է: Ձերբակալվել է 2008-ին «Պերսեո»օպերացիայի շրջանակներում, որով կանխվել է մաֆիայի նոր կոմիտեի ձևավորումը: Նույն ժամանակ ձերբակալվել են մաֆիայի ևս 94 անդամներ:
Կապիցցին համարվել է Նոր ժամանակների մաֆիայի հավանական ղեկավար:
2010 թվականին դատապարտվել է ցմահ ազատազրկման:
 

 
Սալվատորե Լո Պիկոլո/ Salvatore Lo Piccolo (il Barone/Բարոն)
(1942)

Պալերոմոյի ամենահեղինակավոր Բոսսերից մեկն է: Ակտիվ է եղել 1980 ական թվականներից, 1983-ից գտնվել է հետախուզման մեջ, զբաղվել է կոկայինի միջազգային վաճառքով և շորթումներով: Լո Պիկոլոն երկար ժամանակ պաշտպանել է Պրովենցանոյի մոտեցումը՝ բռնություն չգործադրել պետության հանդեպ: Սկզբից եղել է Ռոսարիո Ռոկկոբոնոյի վարորդը, որի սպանությունից հետո անցել է Կորլեոնցիների կողմը՝ Պիպպո Կալոյի և Նինո Ռոտոլոյի միջնորդությամբ:
 

 
Լեոլուկա Բագարելլա/ Leoluca Bagarella
(1942թ)


Կալոջերո Բագարելլայի եղբայրն է, Տոտտո Ռիինայի աներորդին, Ֆիլիպպո և Ջուզեպպե Մարչեզեների փեսան։ Տոտո Ռիինայի ձերբակալությունից հետո Կորլեոնե կլանի ղեկավարներից է, կլանի որոշ զինվորների միակ ղեկավարը։ Կազմակերպել է կլանին վերագրվող սպանությունները կամ մասնակցել դրանց։ Ձեբակալվել է 1995 թվականին, ինչից հետո կինն ինքասպանություն է գործել՝ որոշ վարկածների համաձայն՝ իմանալով, որ ամուսինն առնչություն ունի 12 ամյա Ջուզեպպե Դի Մատտեոյի սպանությանը, որոշ վարկածներով՝ այն պատճառով, որ իր եղբայր Ջուզեպպե Մարչեզեն համագործակցել է իշխանությունների հետ։
Մեծ դատավարությունում 13 առանձին գործերով 13 անգամ դատապարտվել է ցմահ ազատազրկման և 106 տարի ժամկետով ազատազրկման։
2018 թվականին դատապարտվել է ևս 28 տարի ազատազրկման։
 

Սալվատորե Ինցերիլլո/Salvatore Inzerillo (Totuccio)
 (1944-1981)


Ինցերիլլո կլանի ամենակարկառուն ներկայացուցիչն է, հերոինի վաճառքի գլխավոր դեմքերից մեկը։ Մաֆիայի երկրորդ պատերազմի դերակատարներից է, Գաետանո Բադալամենտիի և Ստեֆանո Բոնտադեի դաշնակիցը, Նյու-Յորքի հայտնի մաֆիոզ Կառլո Գամբինոյի ազգականը։ Դատավոր Գաետանո Կոստայի սպանության կազմակերպիչն է։ Սպանվել է Պինո Գրեկոյի կողմից՝ Տոտո Ռիինայի պատվերով 1981 թվականի մայիսի 11-ին՝ սիրուհու տնից դուրս գալիս՝ չհասցնելով նստել զրահապատ ավտոմեքենան։ Սալվատորե Ինցերիլլոյի մարմինը վնասվածքների պատճառով եղել է գրեթե անճանաչելի։
 


Անտոնինո Ռոտոլո/Antonino Rotolo 
(1946)


Պալերմոյի Պալյարելիի շրջանի մաֆիայի անդամ է, մտել է Մոտիսի ընտանիքի մեջ:
Հանդիսացել է Կորլեոնեի առաջին համախոհներից մեկը, ներգրավված է եղել Ստեֆանո Բոնտադեի սպանությանը, իսկ Սալվատորե Ինցերիլլոյի եղբորը խեղդամահ է արել անձամբ: Ակտիվ մասնակցություն է ունեցել 1980 ականներին հերոինի բիզնեսում՝ կազմակերպելով դրա արտադրությունը հենց Սիցիլիայում:
Ձերբակալվել է 1985թ-ին, մեղադրվել է Մեծ դատավարությունում՝ Պյերսանտի Մատարելայի և Պալերմոյի պրեֆեկտ Դալլա Կյեզայի սպանության համար:
Ձերբակալվել է նաև 2006 թվականին և 2008 թվականին դատապարտվել է 20 տարի ազատազրկման։ 2007 թվականին Անտոնինո Ռոտոլոյից հօգուտ պետության բռնագրավվել է 30 մլն եվրո:


Ջովաննի Բրուսկա/Giovanni Brusca (IL porco/Խոզ)
 (1957) 


Հանդիսացել Սան Ջուզեպպե Յատոյի մաֆիայի անդամ։ Հայրը, պապը և նախապապը ևս հանդիսացել են մաֆիայի անդամներ։ Տոտտո Ռիինայի հետ Հոր՝ Բերնարդո Բրուսկայի կապերի շնորհիվ դարձել է Կորլեոնե կլանի անդամ։ Մաֆիայի հարցերի կարգավորմանը երբեք չի մասնակցել, հանդիսացել է կլանի զինվոր՝ սպանելով շուրջ 200 մարդու։ Անձամբ է կատարել դատախազ Ջիովաննի Ֆալկոնեի սպանությունը, կազմակերպել և ղեկավարել է համագործակցող վկա Սանտինո Դի Մատտեոյի 12 ամյա որդու՝ Ջուզեպպեի պատանդառությունն ու սպանությունը։
Ձերբակալվել է 1996թ-ին և դարձել պետության հետ համագործակցող վկա։ Դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ 2021 թվականին վաղաժամկետ ազատ է արձակվել։
 

 
Պյետրո Ալիերի/Pietro Aglieri
(1959)


Պյետրո Ալիերին Կորլեոնիեի կլանի նվիրված համակիր է եղել, մասնակցել է Բոնտադե կլանի անդամների և նրանց ազգականների սպանություններին: Դատապարտվել է հեռակա՝ Ջիովաննի Ֆալկոնեի և Պաոլո Բորսելինոյի, դատավոր Անտոնինո Սկոպելիտիի, քաղաքապետ Սալվիո Լիմայի սպանության համար:
Ձերբակալվել է միայն 1997 թվականին՝ Ջովվաննի Բրուսկայի մատնությամբ և դատապարտվել է ցմահ ազատազրկման:
 

 
Ջիովաննի Մոտիսի/Giovanni Motisi (U pacchuini/Չաղլիկ)
(1959)


Հայտնի մաֆիոզ, Կորլեոնե կլանի դաշնակից և վերջինիս կողմից կազմակերպված սպանություններին անմիջապես մասնակցած Մատտեո Մոտիսիի զարմիկ է։ Հանդիսացել է Պալերմոյի Ալտարելլո շրջանի մաֆիայի անդամ և փոխարինելով հորեղբորը՝ դարձել է Մոտիսի կլանի և Պալյարելլի շրջանի մաֆիայի ղեկավար։ Մտերիմ է եղել Կորլեոնե կլանի, մանավանդ Բերնարդո Պրովենցանոյի հետ, համարվել է Պալերմոյի ամենահզոր մաֆիոզներից մեկը։
Հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման ոստիկանի սպանության համար, հետախուզվում է 1993 թվականից և կարողացել է ձերբակալումից խուսափել նաև 2022 թվականին։ Կորլեոնեի կլանի ղեկավարների ձերբակալումից հետո Ջաննի Նիկիի, Սալվատորե Լո Պիկկոլոյի և Տոտո Ռիինայի որդու՝ Սալվիո Ռիինայի հետ համարվել է Մաֆիայի ղեկավարի հավանական թեկնածու։ Չնայած ըստ համագործակցող վկաների, թաքնվում է Ագրիջենտոյում, բայց մինչ օրս նրա գտնվելու տեղը հայտնի չէ։
 

 
Մատեո Մեսսինա Դենարո/Matteo Messina Denaro (Diabolik)
(1962)


Մատեո Մեսսինա Դենարոն համարվում է Իտալական մաֆիայի նոր պարագլուխը՝ Բերնարդո Պրովենցանոյի և Սալվատորե Լո Պիկոլոյի ձերբակալությունից հետո: Դենարոն հանրությանը հայտնի է դարձել 2001թվականից, երբ L'Espresso ամսագիրը հրապարակեց նրա նկարը նրան ներկայացնելով, որպես մաֆիայի նոր ղեկավար: 1993 թվականից գտնվել է հետախուզման մեջ, իսկ ըստ Ֆորբսի տվյալների՝ 6-րդ տեղում էր ամենափնտրվողների շարքում: Բերնարդո Պրովենցանոյի ու Տոտո Ռիինայի մահից հետո համարվում է Կոզա Նոստրայի անվիճելի պարագլուխը:
Ծնվել է Տրապանիի Կաստելվետրանո կոմունայում Մանդամենտոյի մաֆիայի պարագլուխ Ֆրանչեսկո Մեսսինա Դենարոյի՝ Դոն Չիչչոյի ընտանիքում: Առաջին սպանությունը կատարել է 18 տարեկանում, ընդհանուր հաշվարկով նրան մեղսագրվում է 50 սպանություն: Հեղինակությունը մաֆիայում մեծացել է մաֆիայի Բոսս Վինչենցո Միլացցոյի սպանությունից հետո: Դենարոն նույն ժամանակ խեղդամահ է արել Միլացցոյի հղի զուգընկերուհուն:
Մատեո Մեսսինա Դենարոն ներկայացվում է որպես կնամոլ և ճոխ կյանքի սիրահար, ով վարում է թանկարժեք ավտոմեքենաներ: Համարվում է ոչ ավանդական մաֆիոզ: Հոր մահից հետո Դենարոն միավորել է Տրապանիի կլանները մեկ մանդամենտոյի մեջ՝ իր ղեկավարման տակ վերցնելով 900 հոգու և այդ կերպ դառնալով Սիցիլիայի ամենահզոր միավորի ղեկավարը՝ Պալերմոյից հետո:
Մաֆիայի պատերազմում առանձնապես աչքի չի ընկել, զբաղվել է թմրաբիզնեսով: Տոտո Ռիինայի ձերբակալությունից հետո մասնակցել է մաֆիայի հավաքներին՝ ուղղված պետությանը ճնշելուն: Առնչություն է ունեցել Ջիովաննի Ֆալկոնեի սպանությանն ու Տոտո Ռիինայի կազմակերպած ահաբեկչական պայթյուններին:
Հետախուզվել է 43 տարի: 2002 թվականին հեռակա դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Իտալիայի իշխանությունները 2008-2018 թվականներին Դենարոյի հետ կապված տարբեր անձանցից բռնագրավել են ավելի քան 4,5 մլրդ եվրո: 
Մատտեո Մեսսինա Դենարոն ձերբակալվել է 2023 թվականի հունվարի 16-ին՝ ուղիղ 30 տարի անց Տոտո Ռիինայի ձերբակալությունից: Ձերբակալման պահին Դենարոյի ակտիվները գնահատվել են 4 միլիարդ եվրո:
 

 
Ջուզեպպե Գրավիանո/ Giuseppe Graviano
 (1963)
 

Սիցիլիայի Բրանկաչո Մանդամենտոյի մաֆիայի պարագլուխը: Սալվատորե Ռիինայի ձերբակալությունից հետո ազատության մեջ գտնվող բոսսերի՝ Մատեո Մեսսինա Դենարոյի, Ջովաննի Բրուսկայի և Լեոլուկա Բագարելլայի հետ հանդիպումներ է ունեցել քննարկելու իտալական պետությանը ճնշելու համար, որոնց հաջորդել են հայտնի պայթյունները Միլանում, Հռոմում և Ֆլորենցիայում:
Կազմակերպել է նաև մաֆիայի դեմ հանդես եկող հոգևորական Պինո Պուգլիսիի սպանությունը: Եղբոր Ֆիլիպպո Գրավիանոյի հետ ձերբակալվել է 1994 թվականին և կատարած սպանությունների համար դատապարտվել ցմահ ազատազրկման:
 
 

Դոմենիկո Միմմո Ռակուլյա/Domenico Racculia/«Миммо» ‘u vitirinariu «Անասնաբույժ»
(1964)

Ալտաֆոնտեի ընտանիքի և Սան Ջուզեպպե Յատոյի մանդամենոտյի ղեկավարը, համարվում է Ջովաննի Բրուսկայի հետնորդը և դիտվում որպես Կոզա Նոստրայի ներկայիս ղեկավարներից մեկը:
Դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ համագործակցած վկաներ Ջոակինո Լա Բարբերայի հոր և Սանտինո Դի Մատեոյի որդու սպանության համար:
Ձերբակալվել է 2009 թվականին՝ ականատեսների ծափահարությունների ներքո:
 


Ջուզեպպե Ֆալսոնե/Giuseppe Falsone
(1970)


Ստիդդայի անդամների կողմից սպանված Վինչենցո Ֆալսոնեի որդին է, սիցիլիական մաֆիայի նոր սերնդի ներկայացուցիչներից: Համարվում է Ագրիջենտո պրովինցիայի մաֆիայի ղեկավարը՝ Գերլանդինո Մեսսինայի հետ: 1999 թվականից հետախուզվել է Իտալիայի, 2010-ից Ֆրանսիայի կողմից որպես ամենափնտրվող անձանցից մեկը, մեղադրվել է սպանության և մաֆիան վերականգնելու փորձի համար:
2010 թվականին ձերբակալվել է Մարսելում, փոձձել է հերքել ինքնությունը, ենթարկվելով պլաստիկ վիրահատության: 2010թվականին Ֆալսոնեից բռնագրավվել է 30 մլն եվրո:
 


Պյետրո Տալյավիա/ Pietro Tagliavia
(1978) 

Տոտո Ռիինայի համախոհ ու հանցակից Ֆրանչեսկո Տալյավիայի որդին է: Պյետրո Տալյավյայի մայրը՝ Ջուզեպպա Սանսոնեն մաֆիայի հետ համագործակցության մեղադրանքով դատապարտված առաջին կինն է:
Ձերբակալվել և դատապարտվել է 1997-ին և 2005-ին: Համարվում է Մաֆիայի նորագույնն սերնդի ներկայացուցիչներից մեկը՝ Ջիաննի Նիկիի և Սալվիո Ռիինայի հետ միասին:
 

 
Ջիանի Նիկի/Gianni Nicchi ‘u picciutteddu’/«Փոքրիկ տղա»
(1981)


Ծնվել է 1981-ին Թուրինում համարվում է Պալերմոյի մաֆիայի առաջատար դեմքերից մեկը: Ամբողջ կյանքը բանտում անցկացրած մաֆիոզ Լուիջի Նիկիի որդին է: Եղել է Անտոնինո Ռոտոլոյի հովանավորյալը, մասնակցել նրա կազմակերպած սպանություններին, իսկ 2006 թվականին Ռոտոլոյի ձերբակալությունից հետո համարվում է Պալյարելիի մանդամենտոյի ղեկավար: Սալվիո Ռիինայի և Պյետրո Տալյավայի հետ մեկտեղ համարվում է մաֆիայի ապագան, իսկ Իտալիայի իշխանությունները Ջաննի Նիկիին ներկա պահին համարում են Կոզա Նոստրայի հավանական ապագա ղեկավարը, վերջինը Կորլեոնեի կլանից: